Լեվոն Տեր-Պետրոսյանի Ելույթը Համաժողովրդական Շարժման 2-րդ Կոնգրեսում

Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ, Հայաստանի համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդու­թյունը ոչ միայն իրավիճակային է, այլեւ իմացաբանական, քանի որ հասա­րակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալ­ման եւ վերաիմաստավորման անհրաժեշտության առջեւ։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձու­թյուն­ների խոր եւ համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը, սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների։

Բախում, թե՞ սպանդ

Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ։ Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաս­տե­րի աղավաղման իր ողջ զինանոցը, իսկ իրավապահ մարմինները՝ ոստի­կանությունը, դատախազությունը եւ դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի ՚իրավականՙ հիմնավորման հանցավոր գործին։ Նրանցից պահանջվում է ապացուցել անապացուցելին՝ զոհին դարձնել դահիճ, իսկ դահ­ճին՝ զոհ, խնդիր, որ նրանք, վստահաբար, կլուծեն հասարակական ճնշման բացակայության եւ միջազգային հանրության անտարբերության պարագայում։

Վարկածի հեղինակը, եթե կուզեք՝ դիրիժորը կամ ռեժիսորը, բնականա­բար, ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քո­չար­յանը։ Դրանում համոզվելու համար բավական է ուշադիր ընթերցել նրա վերջին երեք մամլո ասուլիսները (մարտի 1, 5 եւ 20), որոնք աչքի են ընկնում բազմաթիվ աղաղակող հակասություններով եւ իրականությունը կոծկելու բացառիկ անճարակ ճիգերով։ Ի դեպ, Քոչարյանի ձեռագիրը վերջին տասը տարվա ընթացքում բոլորովին չի փոխվել. մարտի 1-ի իրադարձությունները գնահատելիս, նա, ըստ էության, դրսեւորում է նույն անպարկեշտ վարքա­գիծը, որի ականատեսն ենք եղել նրա կողմից 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրա­գործության հետքերը կոծկելիս։ Մերկապարանոց հայտարարություն անողի դերում չհայտնվելու համար այժմ մեկ առ մեկ դիտարկենք Քոչարյանի վերո­հիշյալ ասուլիսներում առկա բացահայտ ստերը, փաստական սխալներն ու տրամաբանական հակասությունները, որոնք ոչ միայն լիովին բացահայ­տում են նշված անձի բարոյական կերպարը, այլեւ մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտումը։

Մարտի 1-ի մամլո ասուլիսում, խոսելով նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին, Քոչարյանը նշում է. ՚Ինն օր շարունակ չարտոնված հանրահավաքներ էին կազմա­կերպվում Երեւանում, եւ դրանց բովանդակությունը, անցկացնելու ոճը բերեց նրան, որ վերջապես հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ։ Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին, իսկ պահանջը, ընդա­մենը խուզարկության խնդիր էր, քանի որ լուրջ տեղեկություն կար զենքի եւ զինամթերքի մասինՙ։ Բացարձակ սուտ. ոստիկանությունը ոչ միայն խուզար­կության պահանջ չի ներկայացրել Ազատության հրապարակում գիշերող­ներին, այլեւ անգամ ցրվելու կոչ չի արել նրանց։ Երբ շուրջ ժամը վեցն անց քառասուն րոպեին ռետինե մահակներով, էլեկտրաշոկերով եւ վահան­ներով զինված ոստիկանական ուժերը շրջապատեցին Ազատության հրապա­րակը, ես բարձրացա հարթակ, եւ խոսափողից դիմելով ներկաներին, ասացի բառացիորեն հետեւյալը. ՚Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ զսպվածություն հանդես բերել, հանգիստ մնալ եւ ոչ մի շփում կամ կոնտակտ չունենալ ոստիկանների հետ։ Նրանք գուցե մեզ ասելու բան ունեն, սպասեք տեսնենք, թե ինչ են մեզանից ուզում։ Ոստիկաններին էլ զգուշացնում եմ նկատի ունե­նալ, որ հրապարակում կան նաեւ կանայք եւ երեխաներ։ Իսկ ցուցարարներին կրկին խնդրում եմ հանդարտություն դրսեւորել եւ հինգ�վեց քայլ ետ քաշվել ոստիկաններիցՙ։ Երբ ժողովուրդը կատարեց իմ խնդրանքը եւ հինգ�վեց մետր ետ քաշվեց, ոստիկաններն, առանց որեւէ նախազգուշացման, միանգամից հարձակվեցին ցուցարարների վրա, մահակի անխնա հարվածներ տեղալով նրանց գլխին եւ հաճախակի գործի դնելով էլեկտրաշոկերը։ Մարդկանցից շատերն արագորեն հեռացան հրապարակից։ Ոմանք փորձեցին պաշտպան­վել վրանների հենացցերով ու վառելափայտով, բայց ոստիկանների ճնշման տակ նրանք եւս շուտով լքեցին հրապարակը։ Տասը�տասնհինգ րոպեից հրա­պարակը լիովին դատարկված էր ցուցարարներից, եւ այնտեղ լիակատար տի­րու­թյուն էին անում ոստիկանները, խորտակելով բարձրախոսներն ու դեռեւս կանգուն մնացած վրանները։ Ահա սա է ողջ իրականությունը, որի մասին կարող են վկայել դեպքերին ականատես շուրջ երեք հազար ցուցա­րար­ներ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի ստահոդ պնդմանը, ապա դրա հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել տարակուսանք առաջացնող երկու հանգամանքի վրա։ Առաջին. եթե ոստիկաններն իսկապես խուզարկության կամ ցրվելու պահանջ ներկայացրած լինեին ցուցարարներին, մի՞թե պարզ չէ, որ իշխանություններն այդ տեսարանը հարյուր անգամ արդեն ցուցադրած կլինեին իրենց հեուստաալիքներով։ Եւ երկրորդ. աշխարհի ոչ մի երկրում դեռեւս տեսնված չէ, որ իրավապահ մարմինները խուզարկության գնան շուրջ երեք-չորս հազար ոստիկաններով։

Անդրադառնալով մարտի 1-ի երկրորդ կեսին ֆրանսիական դեսպա­նատան մոտ ծավալված իրադարձություններին, Քոչարյանը նույն ասուլի­սում հայտարարում է, որ ՚ոստիկանական զորքը զինված չէր հրազենովՙ։ Հիշեցնենք, որ սա ասվել է Արտակարգ դրություն հայտարարելու պահին, այն է՝ երեկոյան շուրջ ժամը 22։30-ին, երբ բանակն իբր դեռեւս գործի չէր դրվել, եւ երբ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ պատճառած արյունահեղությունն ար­դեն տեղի էր ունեցել։ Թյուրիմացությունից խուսափելու համար Քոչար­յա­նի ասուլիսի այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ. ՚Կա ութ վիրավոր ոստի­կանության աշխատողներից։ ...Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառ­վում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար։ Մինչ այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք եւ, իհարկե, մենք պարտավոր ենք ապահո­վել մեր քաղաքացիների անվտանգությունըՙ։ Սակայն, ի դժբախտություն Քո­չար­յա­նի, այստեղ բնականաբար ծագում է հետեւյալ հարցը. եթե բանակը դեռեւս գործի դրված չի եղել, իսկ ոստիկաններն էլ հրազեն չեն ունեցել, ապա ինչպես մինչեւ Արտակարգ դրության հայտարարումը յոթ քաղաքացի զոհվեց հրազենից եւ տասնյակ ուրիշներ ստացան հրազենային վնասվածքներ։ Հար­ցին, որքան էլ զարմանալի է, պատասխանում է ինքը Քոչարյանը, ասուլիսի հաջորդ հատվածում անզգուշաբար մատնելով իրեն. ՚Կրակոցներն արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետեւում կային նաեւ այն ցուցարարները, որոնք զենք չէին կրում։ Կրակողը մեքենայի հետեւից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա եւ թաքնվում։ Իսկ իր վրա կրակել, կնշանակեր նաեւ զոհեր այն մարդկանց շրջանում, ովքեր անզեն էինՙ։ Քոչարյանը չի էլ նկատում, թե ինչպիսի թակարդն է ընկել. եթե ոստիկանները, ինչպես ինքն է պնդում, զինված չէին հրազենով, ապա նրանք ինչպես պիտի կրակեին այդ­պես տմարդավարի վարվող ցուցարարների վրա։ Մեկ անգամ էլ նա իրեն մատ­նում է մարտի 20-ի մամլո ասուլիսում. ՚Շատ հարցադրումներ կային եւ մամուլում եւ խոսակցություններում, թե ո՞վ է տվել կրակելու հրամանը, եղել է, թե չի եղել այն։ Աշխարհի ոչ մի երկրում ոստիկանությունը հատուկ հրա­մանի կարիք չունի։ Մեր ՚Ոստիկանության մասինՙ օրենքը նախատեսում է ..., թե երբ եւ ինչպես ոստիկանը կարող է կիրառել զենքըՙ։ Ինչպես տեսնում ենք, Քոչարյանը, ինքն էլ չզգալով, վերջիվերջո ակամա խոստովանում է, որ ոստիկանությունն այնուամենայնիվ զինված է եղել հրազենով։ Այլապես կմնար ենթադրել, որ բանակը գործի է դրվել Արտակարգ դրություն հայտա­րա­րելուց առաջ, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում եւ ծանրագույն պետական հանցանք կլիներ՝ կատարված գլխավոր հրամանատարի կողմից։

Ինչպես տեսանք, Արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշ­տությունը Քոչարյանը հիմնավորում է նրանով, որ մարտի 1-ին ցուցա­րար­ներից շատերն իբր հրազեն են կրել եւ կիրառել ոստիկանների դեմ։ Այդ պնդումն, ի դեպ, նա բազմիցս կրկնում է իր բոլոր երեք ասուլիսներում։ Սակայն որքան էլ զարմանալի է, իշխանությունների եւ ընդդիմության կա­տա­րած հազարավոր տեսագրություններում, դեպքերից երկու ամիս անց իսկ, հրազեն կրող եւ կիրառող որեւէ քաղաքացի չի հայտնաբերվել։ Փաստը զար­մանալի է մանավանդ այն առումով, որ հրազեն կիրառող ոստիկաններին վերաբերող տեսանյութերը չափազանց առատ են։ Ավելին, մինչ Քոչարյանի իսկ պնդմամբ՝ բերման են ենթարկվել մոտ 800, իսկ կալանավորվել ավելի քան 100 քաղաքացիներ (մարտի 20-ի ասուլիս), սակայն տարօրինակ կերպով նրանցից ոչ մեկին մարտի 1-ին հրազեն կրելու եւ կիրառելու մեղադրանք չի ներկայացվել։ Այսքանից հետո մի՞թե լրացուցիչ ապացույցներ են պետք Քո­չարյանի հորինած այս էժանագին առասպելը հերքելու համար։

Բացի փաստերն անպարկեշտորեն ու ցինիկաբար աղավաղելու ակն­հայտ իրողությունից, ինչը կարելի է բացատրել մարտի 1-ի ոճրագոր­ծության պատասխանատվությունից խուսափելու շարժառիթով, Հայաստանի նախա­գահի բարձր պաշտոնն զբաղեցնող անձը չի խորշում անգամ կենցա­ղային մակարդակի ստախոսությունից։ Այս տեսակետից ուշագրավ է հատկապես մարտի 5-ի ասուլիսի մի ընդարձակ հատված։ Պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ ՚Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամի­ջոցնե­րից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե ինքը պատրաստ է եղել գնալ երկխոսության, եւ ցանկություն է ունեցել գալ եւ միանալ հանրահավաքի մաս­նակիցներին, սակայն այդ հնարավորությունը չի ունեցելՙ, Քոչարյանն ասում է. ՚Ծանոթ եմ այդ հարցազրույցին, եւ մեղմ ասած, այդ թեզը իրա­կա­նությանը չի համապատասխանում։ Առաջինն՝ ի՞նչ է նշանակում հնարավո­րություն չեմ ունեցել։ Ո՞վ էր խանգարում։ Հանգիստ կարող էր գնալ։ Ոչ մեկն իրեն չէր խանգարում։ Խնդիրը հետեւյալի մեջ էր. իր թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանն ազատ էր՝ առանց թիկ­նա­զորի գնալ։ ...Նպատակներն ուրիշ էին։ Իրականում երեկոյան պետական պաշտոնյաների անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարկիս­յանի միջոցով նա ինձ փոխանցել է, որ ինքը կցանկանա գնալ եւ հանգստաց­նել ժողովրդին։ Ասել ենք՝ այո, միայն կողջունենք, գնացեք եւ հանգստացրեք։ Ասաց՝ չէ, ես պայմաններ ունեմ։ Պայմանները հետեւյալն էին. ինքը գնում է եւ այդ մարդկանց առաջնորդում Թատերական հրապարակ, շարունակում է հան­րա­հավաքը, որից հետո եւս 15 օր պետք է երաշխավորված շարունակի նույնը։ Բայց երբ այդ առաջարկն իր կողմից եղել է, արդեն վիճակը քաղա­քապետարանի դիմաց դուրս էր հսկողությունից. ամբոխը զինված էր փայտե­րով, երկաթյա ձողերով, արդեն մոտ 30 հրկիզված մեքենա կար եւ բարի­կադներ էին կառուցվում, կային ծեծված ոստիկաններ։ ... Իրեն ասվել է, որ այդ առաջարկի համար արդեն ուշ է, եթե մտահոգություն ունեք, դուք ազատ եք, ձեզ ոչ ոք չի խանգարում, գնացեք, տեղում հանգստացրեք, կամ տարեք Դինա­մո մարզադաշտի հրապարակ։ Նա մերժեց։ Սա է եղել պատմությունըՙ։

Քոչարյանի այս ընդարձակ պատասխանը, իր իսկ խոսքերով, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Նախ՝ մարտի 1-ին Գրի­գորի Սարկիսյանի միջոցով ես Քոչարյանի հետ բանակցել եմ ոչ թե մեկ անգամ եւ ոչ թե միայն երեկոյան, այլ երեք անգամ՝ սկսած շուրջ ցերեկվա ժամը 14-ից։ Առաջարկիս իմաստը եղել է այն, որ ինձ թույլ տան գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ եւ համոզել ցուցարարներին, որ դադա­րեցնեն հանրահավաքը։ Բայց գիտակցելով, որ դա անհնար է առանց ժողովրդին այլընտրանք առաջարկելու, ես, այո՜, պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Ազատության հրապարակ կամ Մատենադարան եւ խոստացվի, որ հաջորդ օրերին մեզ արտոնված հանրահավաքներ անցկացնելու հնարա­վորութուն կընձեռեն։ Քոչարյանը գեներալի միջոցով ինձ առաջարկել է ժողովրդին տանել Դինամո մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ։ Ես