|
"Մի Կողմից Հայ Ժողովուրդն Է,
Մյուս Կողմից` Ազգի Տականքը"
09
Փետրվարի,
2008
A1+

"Սեր-ժիկ,
հե-ռա-ցիր, Սեր-ժիկ, հե-ռա-ցիր" վանկարկումներով, այսօր առաջին նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանի բազմահազարանոց հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ, որին միացան
հազարավոր երեւանցիներ:
Թեեւ երթը
արտոնված էր Երեւանի քաղաքապետարանի կողմից, սակայն հանրահավաքի մասնակիցներին
ուղեկցող որեւէ ոստիկան չկար: Տեր-Պետրոսյանի ուղեկցությամբ երթի մասնակիցները
Ազատության հրապարակից քայլեցին դեպի Մատենադարան, իսկ այնտեղից էլ շարժվելով
Աբովյան փողոց` կրկին վերադարձան հրապարակ: Մինչ Տեր-Պետրոսյանի հարթակ բարձրանալը
մարդիկ շուրջպար էին բռնել հրապարակում եւ տոնում էին Տեր-Պետրոսյանի հաղթանակը:
"Ժողովուրդ,
այսօր դուք ինձ ստիպեցիք երկու անգամ ելույթ ունենալ: Այս հանրահավաքը եւ փառահեղ
երթը ցուց տվեց, որ մեր դեմ իսկապես
անհաղթահարելի խոչընդոտ չկա: Այս հանրահավաքը եւ երթը ցույց տվեց, որ ջրբաժանը
հստակ գծված է` մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ
ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը".- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնելով,
որ ինքը եղել է 1988թ. շարժման ղեկավարներից` Տեր-Պետրոսյանը նշեց. "88թ.-ի
շարժումը հասուն տղամարդկանց, հասուն կանանց, 30-ից 50-60 տարեկանների շարժում էր:
Այս շարժման մեջ, այս հրապարակում 2/3-ը երիտասարդներ են: Սա երիտասարդների շարժում
է եւ ինձ մեծագույն պատիվ է վիճակված ղեկավարել հայոց երիտասարդության, մեր երկրի
ապագայի շարժումը":
"Լեւոն, Լեւոն",
-արձագանքներից հետո` Տեր-Պետրոսյանը շարունակեց."Այսօրվա հանրահավաքը ապացուցեց
հետեւյալ հանելուկի կարեւորությունը` ցույց տալու, թե արդյոք Սերժ Սարգսյանը
ունակություն ունի՞ գոնե կյանքում մեկ արժանապատիվ քայլ անելու: Այսինքն` տեսնելով
ձեզ` կկատարի՞ այդ արժանապատիվ քայլը եւ այսօր եւեթ իր թեկնածութոյւնը հանի":
Հանրահավաքի մասնակիցները Տեր-Պետրոսյանին թույլ չտվեցին ավարտել իր խոսքը եւ
սկսեցին բղավել."Սեր-ժիկ հեռացիր, Սեր-ժիկ, հեռացիր": Հավաքվածների հանդարտվելուց
հետո` Տեր-Պետրոսյանը շարունակեց."Դե
հիմա տեսնենք` նա ունի՞ այդ ունակությունը արժանապատվորեն պատասխանելու ձեր
քաղաքացիներիդ խնդրանքին":
Տեր-Պետրոսյանը
հիշեցրեց, որ մնացել է ընդամենը 10 օր պայքարի վերջնական հաղթանակն արձանագրելու
համար: "Դուք փետրվարի 19-ին գնալու եք ընտրատեղամասեր մեկ գիտակցությամբ` դուք եք
այս երկրի տերը, դուք եք այս երկրի ազատ քաղաքացիները, դուք եք, որ թույլ չեք տալու
որեւէ մեկին բռնանալ ձեր կամքի ազատ դրսեւորման վրա: Ես վստահ եմ, որ այս հպարտ,
այս արժանապատիվ ժողովրդին ոչ ոք չի կարող ընկճել: Ուրեմն` վերջին խոսքս հետեւյալն
է` դուք կատարում եք ձեր պարտքը, ես եւ իմ ընկերները` ոչինչ չենք խնայում մինչեւ
վերջ կատարելու մեր պարտքը": Հավաքվածներին բարի երթ մաղթելով դեպի իրենց օջախները`
Տեր-Պետրոսյանը խոստացավ հանդիպել փետրվարի 16-ին, ժամը 15.00-ին կրկին Ազատության
հրապարակում:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|