|
Որպեսզի Երբեք Ժողովուրդը Չվախենա Իր Իշխանությունից
09
Փետրվարի,
2008
A1+

"Իշխանություններն
այս ընտրարշավն արդեն տանուլ են տվել, այլապես չէին վախենա խոսքից",- այսօրվա
հանհրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: "Այս հանրահավաքը եւ մեր
համաժողովրդական շարժումը համեմատվում է 1988 թվականի հետ. սա կարծես թե լավ բան է,
բայց դա ինձ չի ուրախացնում այն պատճառով, որ անկախության 18-րդ տարում մենք
ստիպված ենք նորից բռնել հեղափոխական ճանապարհ. ընտրությունը պետք է լիներ հանդարտ,
օրինական մի պրոցես, որտեղ ընդամենը տեղի է ունենում իշխանության փոխանցում նախորդ
իշխանություններից հաջորդ իշխանությանը. մենք կերազեինք ապրել այդպիսի երկրում,
որտեղ իշխանությունը փոխանցվում է միայն այդ եղանակով: Որտեղ յուրաքանչյուր
իշխանություն դնում է իր քարը պետական կառույցի վրա, եւ հանդարտ արժանապատիվ
հեռանում",- իր պատկերացրած իշխանափոխության մեթոդն ասաց Տեր-Պետրոսյանը:
Նախագահի
թեկնածուն արձանագրեց. "Չի իրականացել մեր ազատ, անկախ, արժանապատիվ պետություն
ունենալու երազանքը: Մեր պետությունը դեռեւս նորմալ պետություն չէ, որտեղ քաղաքական
ընդդիմախոսները հարգեին իրար, խաղային նույն խաղի կանոններով, մեկը խաղում է շախմատ,
մյուսը քիքբոքսինգ":
Նա նկատեց,
թե կերազեր, որ իշխանության փոփոխության հետեւանքով կտրուկ փոփոխություններ
չլինեին,այլ լիներ էվոլյուցիոն մի ընթացք: Բայց քանի գնում, իշխանություններն ավելի
են կոշտացնում մեթոդները, որովհետեւ հասկանում են, որ արդեն տանուլ են տալիս:
Տեր-
Պետրոսյանը նկատեց, որ մի կողմում Սերժ Սարգսյանն է, որպես այսօրվա իրականության
պատասխանատուներից եւ պարագլուխներից մեկը, մյուս կողմում ժողովուրդը: "Սրանք պղծել
են մեր հայրենիքը, ոտնահարել են մեր արժանապատվությունը, արհամարհել եւ քամահրել են
մեր մշակույթը, սրանք մարդիկ են,
որ Հայաստան են եկել քոչվորի հոգեբանությամբ, ում խնդիրն է ավիրել, ամայացնել
նվաճված տարածքը, վստահ լինելով, որ կգտնեն մի նոր տարածք իրենց ավերը շարունակելու
համար: Ուրիշ հոգեբանություն չկա":
Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր համար ամենամեծ վիրավորանքը մեր ազգային
արժանատվության ոտնահարումն է, որ կատարվել է նրանց կողմից: "Նրանց համար Կոմիտաս
գոյություն չունի, Արամ Խաչատրյան գոյություն չունի, Չարենց գոյություն չունի.
Չարենցը Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար 1000 դրամանոցի վա պատկերված պատկեր է,
իսկ Կոմիտասը ոչ թե կոմպոզիտոր, այլ փողոց, որտեղ կարելի է շենքեր կառուցել,
հողահատկացումներ կատարել, ուրիշ ոչինչ":
Առաջին
նախագահը ինտելեկտի նկատմամբ հատուկ ոտնձգություն համարեց այն փաստը, որ Սերժ
Աարգսյանը
2 տարի առաջ ԵՊՀ-ի խորհրդի նախագահ դարձավ. "Նա կարող էր վարչապետ դառնալ, կարող է
անգամ նախագահ դառնալ, բայց դա մի սրբություն էր, որտեղ նրա մտքով անգամ չպետք է
անցներ, դառնալ նախագահ. դա նույն է, թե Սերժ Սարգսյանը մի օր որոշի կաթողիկոս
դառնալ":
Որպես
համալսարանականի՝ Տեր-Պետրոսյանի համար շատ մեծ վիրավորանք էր այդ փաստը. "Եվ ոչ մի
տարբերություն չկա, ինքը կլիներ համալսարանի խորհրդի նախագահ, թե Սաշիկ Սարգսյանը,
դա նույն վիրավորանքն էր, նույն արհամարհանքը, նույն խոցը, որ պատճառել են մեզ":
Նրա համար զարմանալի է, թե ինչպես է համալսարանը հանդուրժում այս խայտառակությունը,
"համալսարան, որը խորհրդային տոտալիտար համակարգի ժամանակ ամենաըմբոստ մարմինն էր,
այսօր կիսագրագետ մարդու առաջ խոնարհվել է":
Ամենաահավոր
գյուտը, որ արել է Տեր-Պետրոսյանը, նա է, որ Ժողովուրդը վախենում է իշխանությունից.
"Դա նշանակում է իշխանությունը վախեցնող իշխանություն է, վախեցնող կարող է լինել
օտարի իշխանությունը եւ ոչ մի տարբերություն չկա հայ ժողովրդի համար, թե նա
վախենում է Աբդուլ Համիդի՞ց, Նիկոլայ ցարի՞ց, Սադամ Հուսեյնի՞ց, թե՞ Սերժ
Սարգսյանից: Ոչ մի տարբերություն": Վախեցնող կարեող է լինել նաեւ հանցագործ
իշխանությունը. "Գող, ավազակ, ժողովրդի հաշվին ապրող իշխանությունն է վախեցնող, որը
թաքցնելու բան ունի, եթե մաքուր իշխանություն լինեին, ժողովրդին վախեցնելու բան
չէին ունենա":
Ապա
հայտարարեց, որ ընտրությունը երկուսի մեջ է. "Գող, ավազակ, մեր ազգային
արժանապատվությունը նվաստացնող եւ վախեցնող իշխանությունն է, մյուսը այն ընտրանքն
է, որ մենք ենք առաջարկում ձեզ, որպես ժողովրդի իշխանություն, որպես այս հոռի
բարքերը մաքրել խոստացող իշխանություն, որպես Հայաստանում օրինականություն,
ազատություն հաստատող իշխանություն, ձեր քաղաքացիական քաջությունը հարգող
իշխանություն": Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ մինչեւ 1998 թվականը մարդիկ վախեցած
չէին. "Մարդ չկար, որ ինձ չքննադատեր, չբզկտեր, չհոշոտեր, համալսարանը դարձել էր
հեղափոխական մի բույն, 60 թերթից երկուսն էին ինձ պաշտպանում, մնացածը ինձ մորթում
էին, բայց ես դրանով եմ հպարտ, ես ղեկավարել եմ այնպիսի երկիր, որտեղ քաղաքացին չի
վախեցել արտահայտել իր կամքը, ես գալիս եմ այդ երկիրը վերականգնելու համար: "Ես
գալիս եմ, որպեսզի դուք այլեւս երբեք, 1000 տարի էլ անցնի, իշխանությունից չվախենաք,
ոստիկանից չվախենաք, հարկահանից չվախենաք, որպեսզի ամեն ինչ լինի օրինակ կարգով,
որպեսզի ես ձեզ վերադարձնեմ ձեր ազատությունը, որպեսզի դուք ինձ որքան հնարավոր է
կարողանաք քննադատել: Ես դրա համար եմ գալիս: Ինձ համար եթե կուզեք իմանալ
պետությունից, անկախությունից, բարեկեցությունից, փարթամությունից, բարգավաճումից
առավել թանկ է ազատությունը": Իր ելույթը Առաջին նախագահն ավարտեց "Ազատություն,
ազատություն" վանկարկումներով:
Ի դեպ,
հանրահավաքին այսօր միացել էր խուլ համրերի հսկայական մի բանակ՝ իրենց
սուրդոթարգամինչով:
Ավելացնենք
նաեւ, որ իշխանություններն այսօր փորձել էին թույլ չտալ այսպիսի բազմամարդ
մասնակցություն հանրահավաքին: Ըստ մեր աղբյուրների` մարզերում այսօր արգելվել է
առավոտյան թերթեր բաժանել, իսկ Արտաշատից որեւէ երթուղային տաքսի այսօր Երեւան չի
եկել:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|