Բացահայտվեց Քոչարյանի, Սարգյսյանի Եվ Օսկանյանի Դավադրությունը ՀՀ -Ի Դեմ

09 Փետրվարի, 2008

A1+

ՀՀ առաջին նախագահ, Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հարյուր հազարանոց հանրահավաքում բացահայտեց մեծագույն դավադրություն ՀՀ հանդեպ, որն իրականացրել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը:

"Դա եղել է խոսակցությունների առարկա, շշուկներ եղել են այս հարցի շուրջ, բայց իշխանությունները՝ նախագահի, վարչապետի, ԱԳՆ-ի բերանով մշտապես հերքել են այդ փաստը. դա Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման հարցն է, այսօր այդ դավադրությունը բացահայտված է",- հայտարարեց Տեր-Պետրոսյանն ու ընթերցեց հատված այն պայմանագրից, որը պատրաստվում էին ստորագրել Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Օսկանյանը: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ փաստաթուղթը վավերական է եւ ընդամենը երկու հոդված կարդաց. "Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են ՀՀ-ին. սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988 թվականի սահմաններով փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը": Այս խոսքերից հետո Ազատության հրապարակը պայթեց "Ամոթ, ամոթ" վանկարկումներից:

"5-րդ հոդվածը մանրամասնում է Մեղրիի հանձնումը. սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության վերահսկողությամբ՝ նշված է 10,11 –րդ հոդվածներում: Մեղրիի շրջանը պետք է բնակեցվի առաջին հերթին այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով",-շարունակեց նա:

Հանրահավաքի բազմությունը քար լռությամբ հետեւում էր Տեր-Պետրոսյանի խոսքին: Մնացած հոդվածները՝ թվով 18` տեխնիկական բնույթի են: "Ահա համաձայնագրի էությունը. դուք հիշեք, թե քանի անգամ են Ռոբերտ Քոչարյանը եւ Օսկանյանը, մյուս նախարարները, այդ թվում Սերժ Սարգսյանը ասել, որ այդպիսի բան չկա, չի եղել եւ չէր կարող լինել":

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ բացատրեց չկայացրած գործարքի վտանգավորությունը. "Թվում է , ի՞նչ է պատահել, հրաշալի պայմանագիր է, ՀՀ-ն 30 հազար քառակուսի կիլոմետր է, դառնում է 35 հազար քառակուսի կիլոմետր, Ղարաբաղը, Լաչինը միացվում է Հայաստանին, Մեղրին տրվում է Ադրբեջանին. Մեղրիի փոխարեն 35 հազարանոց Հայաստան":

Բայց ՀՀ առաջին նախագահը նկատեց, որ Հայաստանի սահմանը 1254 կմ է, որից 787 կմ-ը Ադրբեջանի հետ, 268 կմ-ը Թուրքիայի հետ սահմանն է, Վրաստանի հետ ՝164 կմ , Իրանի՝ 35 կմ: Երբ Հայաստանը դառնում է 35 հազար կմ, Հայաստանի սահմանը դառնում է 1700 կմ: "Թուրքիայի եւ Ադբեջանի հետ սահմանը դառնում է 1436 կմ: Իրանի հետ սահմանը կորցնում ենք, Իրան՝ մեր կից հարեւան, այլեւս չի լինում: Մնում է միայն 164 կմ Վրաստանի հետ սահմանը: Բայց այդ սահմանի մի զգալի մասը բնակեցված է նորից ադրբեջանցիներով: Միակ պատուհանը դեպի աշխարհ մնում է Ախալքալաքի 45-50 կմ-անոց հատվածը, մեկ ճանապարհ ընդամենը: 1 ճանապարհ առանց երկաթուղու, այդ դեպքում եթե տային 50 հազար քառակուսի կմ տարածք, Հայաստանը կդադարեր պետություն լինելուց. ցանկացած պահի բոլոր ճանապարհներն ու խողովակները կփակվեին, եւ մենք կմնայինք մեն միայնակ՝ մատնված սովի եւ կործանման: Մի՞թե 90 ականների սկզբի վիճակը քիչ էր, որպեսզի Քոչարյանը, Օսկանյանը եւ Սերժ Սարգսյանը հասկանային, թե ինչ է նշանակում Իրանի հետ ունեցած 35 կմ -անոց այդ միջանցքը: Եթե այդ միջանցքը չլիներ, Հայաստան չէր լինի, այդ միջանցքը մեզ 2 տարի կերակրեց, որի շնորհիվ ենք եւ գոյությունը պահպանել եւ հաղթանակն ապահովել": Լեւոն Տեր-Պետրոսյանը "ազգային դավադրության" այս պայմանագրին ծանոթանալուց հետո խորագույն հարգանք է տածել չափազանց իմաստուն մարդու հանդեպ. "Դա Հեյդար Ալիեւն է. եթե այդ մարդը գնացել էր այսպիսի պայմանագիր ստորագրելու, նա մեր ժամանակների ամենաիմաստուն քաղաքական գործիչն է եղել, հասկացել է, թե ինչ է նշանակում իր համար այս պայմանագիրը":

Իսկ Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը. "Եվ մենք մեր մեծագույն պատիվը պետք է մատուցենք այդ երկու մարդուն: Դա Կարեն Դեմիրճյանն էր եւ Վազգեն Սարգսյանը, որոնք Անվտանգության խորհրդի նիստում խափանեցին այս ծրագրիը եւ դրա գինը նրանց կյանքն էր, որ վճարեցին: Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը խափանեցին այս դավադրությունը, դավաճանությունը իրենց կյանքի գնով: Եթե հոկտեմբերի 27-ի հետաքննության մեջ այս վարկածը չի դիտվել որպես 27-ի ոճրագործության ամենահավանական մոտիվներից մեկը, ապա դա միայն այն պատճառով, որ հետաքննության մարմիններին հայտնի չի եղել այս փաստաթղթղի գոյությունը: Դրա հրապարակումից հետո ես վստահ եմ, սա լինելու է 27-ի ոճրագործության բացահայտման ամենակարեւոր մոտիվներից մեկը":

Լեւոն Տեր-Պետրոսյանը թեման եզրափակելով նկատեց, որ դժբախտաբար այս պայմանագիրը ունենալու է իր լրջագույն հետեւանքները. "այստեղ պարունակվում է երկու տարր, որ չափազանց վտանգավոր է մեզ համար ԼՂՀ հետագա կարգավորման գործընթացում, դրանցից մեկը 1-ին հոդվածն է, որտեղ նշված է ԼՂԻՄ-ը, Շուշին եւ Լաչինի շրջանը փոխանցվում են Հայաստանին: Շուշին միշտը ԼՂԻՄ-ի անբաժանելի մասն է եղել: Ինչո՞ւ է հիմա առանձնացված. սա ունի հեռահար նպատակ. ադրբեջանցիները միշտ էլ փորձել են առանձնացնել նույնիսկ մեր օրոք, բայց դա նրանց չի հաջողվել. սա առաջին փաստաթուղթն է, որում Քոչարյանի, Օսկանյանի, Սարգսյանի ձեռքով իրականացվել է ադրբեջանցիների երազանքը: Շատ մեծ ջանքերի գնով կարող ենք հաղթահարել սա, որովհետեւ արդեն մտել է, սա այլեւս չի կարող դուրս գալ",- ասաց Տեր-Պետրոսյանը եւ ավելացրեց."Սա շատ վտանգավոր տարր է, եւ կա մի ավելի վտանգավոր տարր", որի մասին առաջին նախագահը չխոսեց, որպեսզի ադրբեջանցիներին չհուշի որեւէ բան:

 

*Մտքերը և կարծիքները պատկանում են հեղինակին, միշտ չէ որ azadakrum.org ը համամիտ է այդ մտքերի և կարծիքների հետ:

 










This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work