Քոչարյանի անօրինական ակտը

Մի խումբ փաստաբաններ այսօր տարածել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.

«Մենք, որպես մարտի 1-ին և 2-ին զանգվածային բռնությունների արդյունքում իրավապահ մարմինների կողմից տարբեր ոստիկանական բաժանմունքներ և կալանավայրեր տեղափոխված անձանց շահերի պաշտպաններ տալիս ենք հայտարարություն ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանի մարտի 1-ի հրամանագրի կապակցությամբ, տվյալ հրամանագրի համապատասխանությունը վիճարկելով ՄԻԵԿ-ի դրույթների համապատասխանության ներքո: Մենք գտնում ենք, որ ՀՀ Նախագահի հրամանագիրը հակասում է նույն կոնվենցիայի 6-րդ և 10-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետությանը որպես բարձր պայմանավորվող կողմ, տվյալ դեպքում, ուղղակիորեն խախտել է իր կողմից ստանձնած պարտավորությունները: Չնայած արտակարգ դրություն հայտարարելով փորձ է արվում հիմնավորել դրա անհրաժեշտությունը՝  ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու պատճառաբանմամբ, սակայն հրամանագրով սահմանված սահմանափակումները այսօր պետությունում ստեղծել են սարսափի, ահաբեկման, նույն բնակչության իրավունքների և օրինական շահերի կոպիտ ոտնահարման իրադրություն: Միարժամանակ անվերահսկելի են դարձել նախաքննական մարմինների ապօրինի գործողությունները: Մասնավորապես հրամանգրի 4-րդ կետը սահմանափակում է ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացումը, տեղաշարժերի և զանգվածային լրատվական միջոցների կողմից պետական և ներքաղաքական  հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական  տեղեկատվության սահմաններում: Սա թույլ է տալիս սահմանափակել և վերահսկելի դարձնել մեր պաշտպանական գործունեության ռեալ և արդյունավետ իրականացմանը, քանի որ պաշտպանական գործունեությունը իր մեջ ներառում է նաև հրապարակային  քննարկումները, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ուշադրության սևեռումը կատարված իրավախախտումներին, որը չի արվում: Մարտի   5-ի մամուլի ասուլիսում ՀՀ Նախագահը ընդդիմադիր ուժերին ուղղակի մեղադրանք առաջադրեց, որով էլ առաջնորդվում են նախաքննական մարմինները: Նրաց կողմից հայտարարվեցին կոնկրետ  անձանց ուղղված մեղադրանքներ, որով խախտվեց անմեղության կանխավարկածի սկզբունքը: Պաշտանական լրատվության միակողմանի, սադրիչ և մեղադրական քարոզչությունը տարածվում է բոլոր ԶԼՄ-ների միջոցով, որով բացառվում է այլակարծությունը, այդ թվում մեր պաշտպանյալների պաշտպանական իրավունքից բխող տեսակետների և կարծիքների ներկայացումը: Ավելին, ՀՀ Նախագահի կողմից կոշտ քննադատության է ենթարկվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որը արձանագրել էր խաղաղ ցուցարարների իրավունքների շարունակաբար խախտվող փաստերի մասին՝ անձանց ոստիկանության տարբեր բաժանմունքներում ապօրինաբար պահելը հարազատներին որևէ տեղեկություն չտրամադրելը, մասսայական բռնությունների կիրառելը և պաշտպանություն նախապատրաստելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ չստեղծելու շարունակական դեպքերը: Ուստի և սույն հրամանագիրը պետք է դիտել որպես ՀՀ սահմանադրությանը և ՄԻԵԿ-ին հակասող պետական ակտ»:







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work