|
Ժիրայր
Սեֆիլյան.
“Որոշումները
Լեւոն Տեր-Պետրոսյանն
էր կայացնում”
|
ժամանակ
Երեվան
Աստղիկ Սարգսյան

Հարց - Լևոն
Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված քարոզչության շրջանակներում, վերջերս կրկնվում է մի
միտք, թե առաջին նախագահը դեմ է եղել հարձակվողական գործողությունների իրականացմանը,
տեղյակ չի եղել դրանց անցկացման թվականներին: Նույն միտքը ասվում է նաև Շուշիի
ազատագրման մասին: Մեկնաբանեք խնդրեմ:
Պատասխան -
Սա
անհեթեթություն է: Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահն էր և որպես գերագույն
գլխավոր հրամանատար նա չէր կարող չիմանալ գործողությունների անցկացման թվականների
մասին: Ավելին, հաճախ նա ինքն էր որոշում կարևոր հարձակվողական գործողությունների
թվականները: Եվ այն օրերին նա նույնիսկ քննադատվում էր դրա համար: Մասնավորապես
Շուշիի ազատագրումը կարող էր տեղի ունենալ մի քանի շաբաթ շուտ, սակայն Լևոն
Տեր-Պետրոսյանը որոշել էր, որ գործողությունը պետք է տեղի ունենա մայիսի 8-ին,
հավանաբար այն պատճառով, որ Շուշիի ազատագրման տոնը մենք նշեինք երկրորդ
աշխարհամարտի հաղթանակի օրը: Առաջին նախագահին ժամանակին քննադատում էին նաև այն
բանի համար, որ նա հարձակվողական գործողությունների օրերին մեկնում էր արտասահման`
ցույց տալու համար, թե դրանք տեղի են ունենում իր կամքից անկախ: Ինչպե՞ս կարող էր
թվականներին անտեղյակ նախագահը արտասահմանյան պաշտոնական այցելություններ
ծրագրավորեր հենց այդ օրերին: Այն որ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս անձամբ չի
պատասխանում և չի էլ պատասխանելու ռեժիմի ներկայացուցիչների նմանօրինակ
զրպարտանքներին պայմանավորված է հենց այդ դիվանագիտական խաղով: Սրանք էլ օգտվում են
առիթից:
Բացի այդ,
հայտնի է, որ խոշոր գործողությունների համար անհրաժեշտ ռազմամթերքը և վառելիքը
ստացվում էր Երևանից և առանց դրա հնարավոր չէր դրանք իրականացնել: Հետևաբար այդ
մատակարարումները ապահովող Երևանը չէր կարող չիմանալ, թե ինչի համար է դա անում:
Հարց - Ի
տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, որին փորձում են դավաճան ներկայացնել, իրենք
իրենց Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում են որպես պատերազմի
անմիջական մասնակից և ղեկավար: Այդպե՞ս է եղել:
Պատասխան -
Արցախյան պատերազմին Քոչարյանի մասնակցության և որպես "վոյին" ներկայանալու մասին
կարծիքս ես ասել եմ դեռ 2003թ-ին: Նա երբեք առնչություն չի ունեցել ռազմական
գործողությունների և դրանց ղեկավարման հետ, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաճակատի
որևէ հատվածում ես նրան չեմ տեսել, որևէ դաշտային հրամանատար նրանից հրամաններ չի
ստացել և չի կատարել:
Սերժիկ
Սարգսյանը որոշ առնչություն ունեցել է: Ի տարբերություն ռազմական այլ գործիչների,
որոնք ղեկավար դիրքեր էին ստանձնել իրենց վաստակի շնորհիվ, Սերժիկ Սարգսյանը Երևանի
ցանկությամբ ու կարգադրությամբ էր զբաղեցրել ղեկավար դիրք և զբաղվում էր
հիմնականում թիկունքային և մատակարարման խնդիրներով: ՀՀ-ից ստացվող բոլոր նյութական
միջոցները նա էր բաշխում: Երևանը դա հատուկ էր արել, որպեսզի ջոկատները և նոր
կազմավորվող զորամասերը, դրանց հրամանատարները կախվածության մեջ լինեին Սերժիկ
Սարգսյանից, որը "Երևանի մարդն" էր Ստեփանակերտում, այլապես նրա հետ ոչ ոք հաշվի
չէր նստի: Եթե Արցախում կամ կռվող տղերքի մոտ ինչ-որ դժգոհություններ եղել են
Հայաստանի ղեկավարությունից, ապա Սերժիկ Սարգյանն է եղել այն մարդը, որ
Ստեփանակերտում կատարել է այդ դժգոհություն առաջացնող հանձնարարությունները:
Եթե հիմա էլ
նրա համար են փորձում պատերազմ հաղթողի կերպար ձևավորել, ապա դա իրականության կոպիտ
աղավաղում է և սուտ:
ԺԻՐԱՅՐ
ՍէՖԻԼՅԱՆ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|