Դիմելու են Եվրադատարան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Այս մասին տիկին Փոստանջյանը հայտարարել է այն բանից հետո, երբ լրագրողները նրան հարցրել են, թե ինչու այն գիշերը, երբ Քոչարյանն ԱԺ-ին նախագիծ էր ներկայացրել Երեւանում արտակարգ դրություն մտցնելու մասին, «Ժառանգություն» խմբակցությունն այլ նախագիծ չի ներկայացրել: «Այդ պահին եթե մենք որեւէ նախագիծ ներկայացնեինք, միեւնույն է, որեւէ ազդեցություն չէր ունենալու: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ ուրիշ ճանապարհով: Մենք ներկայումս պատրաստում ենք բողոք` միանգամից դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոպական դատարանն ունի նման ընթացակարգ, որը նման իրավիճակներում նախատեսում է միանգամից դիմել այնտեղ, երբ որեւէ երկրի պետական մեխանիզմներն արդյունավետ չեն»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: Նրա կարծիքով, այս ճանապարհով պայքարն ավելի արդյունավետ կլինի, քան եթե իրենք Աժ-ին նախագիծ ներկայացնեին, որը, միեւնույն է, չէր անցնելու, որովհետեւ, ըստ նրա, մենք ունենք ԱԺ, որը շատ հեշտ ու հանգիստ, առանց որեւէ իրավական ու բարոյական հիմքերի կարողացավ հանձնել 4 պատգամավորների: Խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող պատգամավորների մասին է` Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի եւ Խաչատուր Սուքիասյանի, որոնց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: «Դատախազի նման միջնորդագրի դեպքում մեր պատգամավորները նման քայլի չպետք է դիմեին եւ չպետք է հանձնեին մեր այդ 4 գործընկերներին»,- երեկ ասել է Զարուհի Փոստանջյանը:


ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը Երեւանում հայտարարված արտակարգ դրության հրամանագրի օրինականությունը վիճարկելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց կուղարկի, ըստ ամենայնի, արդեն վաղը:





This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work