|
Նահանջելու Տեղ
Չունենք
“Հայկական Ժամանակ”,
16 Փետրվարի,
2008
հարցազրույց քաղաքագետ
Հմայակ Հովհաննիսյանի հետ
-
Պարոն Հովհաննիսյան, երկու
օրից ավարտվում է քարոզարշավը: Ինչպիսի՞ գնահատականներ ունեք:
-
Դուք երեւի հիշում
եք իմ վերլուծական հրապարակումներն անցած տարվա ամառային եւ աշնանային ամիսներին:
Այո, այս քարոզարշավի սկզբից 5-6 ամիս առաջ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չէր էլ
հայտարարել 2008 թվականի նախագահի ընտրություններին իր մասնակցության մասին, ես
միանշանակորեն կանխատեսել եմ ե՛ւ նրա առաջադրվելը, ե՛ւ մեր կողմից նրա առաջադրման
փաստի հույսերով լեցուն ընդունելությունը: Միաժամանակ, վկայակոչելով 10 տարիների
ընդմիջումից հետո ակտիվ քաղաքական գործունեության վերադարձած եւ 1998 թվականի
նախագահի ընտրություններին
մասնակցած Կարեն
Դեմիրճյանի ամենամերձավոր զինակցի իմ փորձը` ես կանխատեսում էի, որ ինչպես 1998
թվականի նախագահի ընտրություններին բոլոր մյուս թեկնածուները քարկոծեցին Կարեն
Դեմիրճյանին եւ դրանով օգնեցին Ռոբերտ Քոչարյանին, նույնպես 2008 թվականի
ընտրություններին առաջադրված բոլոր մյուս թեկնածուներն այս կամ այն ձեւով փորձելու
են խանգարել Լեւոն Տեր-Պետրոսյանին` այս անգամ ի նպաստ Սերժ Սարգսյանի: Ցավոք սրտի,
իմ այս կանխատեսումը լիովին իրականացավ...
-
Արդյո՞ք դա նշանակում է, որ
այս անգամ էլ ժողովուրդը չի հասնի արդյունքի:
-
Ոչ, չի նշանակում:
1998 թվականին էլ մենք կարող էինք ոտքի հանել ժողովրդին եւ սրբել ընտրությունները
կեղծած իշխանություններին. դուք գիտեք, որ ժողովուրդը ոչ միայն պատրաստ էր դա անել,
այլ մեզանից ուղղակի պահանջում էր վճռականություն դրսեւորել` գնալ այդ ճանապարհով:
Եւ ոչ թե վճռականության պակասը, այլ սթափ եւ պատասխանատու քաղաքագիտական
վերլուծությունը ստիպեց մեզ նախընտրել թեկուզ փոքր-ինչ ավելի երկար, բայց, ինչպես
այն ժամանակ Կարեն Դեմիրճյանն էր
ասում, ժողովրդի
համար ավելի անվտանգ, անցնցում եւ հուսալի կոնսերվատիվ ուղին: Չէ՞ որ ընդամենը 1
տարուց` 1999 թվականի մայիսին, պետք է տեղի ունենային ԱԺ հերթական ընտրությունները,
եւ մենք ունեինք իշխանությունը վերցնելու եւ Ռոբերտ Քոչարյանին "անգլիական թագուհի"
կամ դիտորդ
դարձնելու հնարավորություն: Ահավասիկ, 1998 թվականի մայիսին մենք ձեռնամուխ եղանք
Հայաստանի ժողովրդական կուսակցության հիմնադրման գործին: Շատ արագ` ընդամենը մի
քանի ամիսների ընթացքում "Ձեր նախագահը Կարեն Դեմիրճյանն է" կարգախոսով
երջանկահիշատակ Ռուբեն Միրոյանի հետ միասին, անցնելով գյուղից գյուղ, ավանից ավան,
քաղաքից քաղաք, մենք ստեղծեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին հզոր
զանգվածային կուսակցության կառույցը: Արդյունքում արդեն 1998 թվականի սեպտեմբերին
Վազգեն Սարգսյանն ինձ հետ կապ հաստատեց եւ տեղեկացրեց Կարեն Դեմիրճյանին միանալու
եւ ՀԺԿ-ի հետ դաշինքով 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու
իր ցանկության մասին: Այդպիսով, անցնցում ճանապարհով իշխանափոխության հասնելու մեր
քաղաքական ռազմավարությունն ու մարտավարությունը լիովին արդարացան. 1999 թվականի
խորհրդարանական ընտրությունների արդյունքում ռեալ իշխանափոխությունը երկրում անցավ
Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարած "Միասնություն" դաշինքին: Սակայն
հետո տեղի ունեցավ զարհուրելի իրադարձություն` հոկտեմբերի 27-ը, ինչը մեզանից եւ ոչ
մեկը չէր կարող կանխատեսել: Եթե կանխատեսեինք, ապա, իհարկե, 1998 թվականի նախագահի
ընտրությունների արդեն առաջին փուլից հետո ժողովրդին կառաջնորդեինք ընտրությունների
իրական արդյունքին տեր կանգնելու ճանապարհով... Այսօր մեզ ոչինչ չի կարող շեղել այդ
ճանապարհից, քանզի հերթական համահայաստանյան ընտրությունները` ԱԺ ընտրությունները,
պետք է տեղի ունենան 2012 թվականից ոչ շուտ: Այդ 5 տարիների ընթացքում, եթե այսօր
իշխող ավազակախումբը վերադարձվի եւ այդպիսով չհաջողվի մեր իրականության մեջ մտցնել
արմատական բեկում, Հայաստանը եւ Արցախը վերջնականապես կզրկվեն պատմական հեռանկարից:
Ուստի, յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ այս ընտրությունները մեր նորագույն
պատմության մեջ Սարդարապատի ճակատամարտի կարեւորությունն ունեն. այսօր նույնպես
սեղանին է դրված մեր անկախ պետականության ճակատագիրը, եւ այսօր նույնպես մենք
նահանջելու տեղ չունենք` ետեւում Երեւանն է: Ես համոզված եմ, որ եթե Լեւոն
Տեր-Պետրոսյանը չգիտակցեր այս իրողությունը, ոչինչ չէր ստիպի նրան վտանգել
պետության հիմնադիր նախագահի իր դափնիները եւ մի երկրում, որտեղ իրագործվեց
հոկտեմբերի 27-ի նման հրեշավոր ոճրագործություն, բռնել "շարքային ընդդիմադիրի" փշոտ
ճանապարհը:
-
Պարոն Հովհաննիսյան,
ինչպե՞ս բացատրել այն, որ դուք Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք նրա
ամենադաժան եւ անողոք քննադատողն էիք, այսօր այսպես եք մտածում, իսկ, օրինակ,
Արթուր Բաղդասարյանը, ով 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանին անսքող փառաբանող
գիրք է լույս ընծայել, այսօր, փաստորեն, չմիացավ նրա սկսած համաժողովրդական
շարժմանը:
-
Կարող եք չկասկածել,
որ երրորդ նախագահի կարգավիճակում նույնքան խստապահանջ եմ լինելու Լեւոն
Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Նամանավանդ որ զզվել եմ անարժան մարդկանց քննադատելուց,
ինչպես ես մի
առիթով Ազգային ժողովի
ամբիոնից ասել եմ` ախոռում քաղաքական օրինաչափություններ որոնելու ապարդյուն գործից:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկը չմիացավ
առաջին նախագահին եւ չսատարեց նրան, ապա այդ հարցի սպառիչ պատասխանը տվել
է Սերժ Սարգսյանը:
Վերջինս լրագրողներին բառացիորեն ասել է. "Նրանցից ոչ մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանին
չի միանա. ես լավ գիտեմ իմ հաճախորդներին": Այնպես որ, իզուր էին ոմանք քարոզարշավի
նախաշեմին մեղադրում Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրապայքարը "սեւ եւ սպիտակ" գույներով
սահմանափակելու մեջ: Այդ մեղադրանքներն այնքան ուժեղ էին, որ Տեր-Պետրոսյանը
նույնիսկ նահանջեց` հայտարարելով, որ բացի Սերժ Սարգսյանից եւ իրենից, էլի կան
թեկնածուներ, ովքեր դրածո չեն եւ ինքնուրույն են: Փառք եւ պատիվ Սերժ Սարգսյանին,
որ նա Տեր-Պետրոսյանի սխալն ուղղեց. այս ընտրություններին մասնակցում են մի կողմից
Սերժ Սարգսյանը իր հաճախորդներով, մյուս կողմից` Լեւոն Տեր-Պետրոսյանը` միակ Սերժի
հաճախորդը չհանդիսացող նախագահի թեկնածուն: Հիմա պատկերացրեք, թե ինչ կատարյալ
խեղկատակության կվերածվեին այս ընտրությունները, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը
չառաջադրեր իր թեկնածությունը: Սերժ Սարգսյանը "մրցակցելու" էր իր մշտական
հաճախորդների հետ` Սերժ + 7 խամաճիկներ ձեւաչափով: Եւ թող նախագահի հարգարժան
թեկնածուներն ինձ ներեն այս հանդուգն բնութագրության համար. ես չեմ իրենց հաճախորդ
անվանել: Ես ընդամենը կատարում եմ վերլուծաբանի իմ մասնագիտական պարտքը`
բացահայտելով Սերժ Սարգսյանի մտքերի ենթատեքստերը: Վստահ եմ, ընտրություններից հետո
ես այլեւս ստիպված չեմ լինի զբաղվել այդ անշնորհակալ գործով:
ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|