Նախագահի մասին` կամ լավ կամ` ոչինչ

Ժամանակ Երևան

Գ.Ա.

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո երկխոսությունից բացի` այլ բան չի մնում. «Այսօր բոլորիս առջեւ հիմնական խնդիրը հասարակության համախմբումն է: Չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը մնա պառակտված: Խնդիրը այս կամ այն քաղաքական գործիչը չէ, այլ հասարակության միասնականության վերականգնումն է, որը հնարավոր է միայն երկխոսության միջոցով: Այս առումով հատկանշական է, որ նորընտիր նախագահը բոլորովին վերջերս եւս մեկ անգամ համերաշխության, հասարակության համախմբման կոչ արեց: Սահմանադրական դատարանի որոշումից հետո այլ բան, քան երկխոսությունը, դժվար է պատկերացնել»:

Երկխոսություն սկսելու կոչին զուգահեռ նա հայտարարեց, որ դա բնավ չի նշանակում, թե նրանք, ովքեր հանցանք են գործել եւ խախտել են այլ անձանց իրավունքները պետք է անպատիժ մնան: Ա.Հարությունյանը իր անհամաձայնությունը հայտնեց ցուցարարների մասին ԶԼՄ-ներով տարածվող որոշ լուրերի մասին. «Այսօր մամուլում հաճախ նշվում է, որ մարտի մեկին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդիկ քրեածին տարրեր էին: Այն, որ այդպիսիք եղել են` դա փաստ է, բայց ես համաձայն չեմ մի շարք ԶԼՄ-ների հետ, որոնք իրավիճակը միակողմանի ներկայացնելով` նշում են, որ ցուցարարների շարքերում վերոնշյալ տարրերը գերակշռում էին: Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվել էին հիմնականում մարդիկ, ովքեր եկել էին իրենց քաղաքացիական անհամաձայնությունը հայտնելու, եւ վերջիններս մեծամասնություն էին կազմում»: Ավարտելով մարտի մեկի դեպքերի մասին իր դիտարկումները` հայտարարության մեջ Հարությունյանն անդրադառնում է լրատվամիջոցների աշխատանքների դադարեցմանը. «Քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրականացման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովումը: Այս առումով, որպես մարդու իրավունքների պաշտպան, գտնում եմ, որ անհրաժեշտ է վերացնել նախագահի հրամանագրով նախատեսված ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները»: Մարդու իրավունքների պաշտպանը չշրջանցեց նաեւ ձերբակալված եւ կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների հարցը. «Այս փուլում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային խնդիր է ձերբակալված եւ կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ կամայականության դրսեւորման անթույլատրելիությունը: Այս առումով չափազանց կարեւոր է, որ իրավապահ մարմինների գործունեությունը իրականացվի անձի անմեղության կանխավարկածի սկզբունքի, ինչպես նաեւ Քրեական դատավարական օրենսգրքի եւ իրավական այլ ակտերի պահանջների խստիվ պահպանմամբ»:

Ասուլիսից հետո պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք խոսքի ու գործի հակասություն չկա երկխոսության կոչի մեջմի կողմից` երկխոսության կոչ է արվում, մյուս կողմից` սահմանափակվում է ԶԼՄ-ների գործունեությունը, այն էլ` միակողմանի. հեռուստաընկերությունները, այնուամենայնիվ, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածում են, ինչը, շատ դիտորդների կարծիքով, ավելի է խորացնում հասարակության պառակտվածությունը»: Այս հարցին Հարությունյանը պատասխանեց, որ հակասություն չի տեսնում, որովհետեւ «նորընտիր նախագահը հանրապետության նախագահն է եւ արտակարգ դրություն մտցնելու պատասխանատուն ինքը չէ, իսկ ԶԼՄ-ների մասով ես իմ դիրքորոշումը հայտնեցի»: Նա հայտարարեց նաեւ, որ շատ լուրջ ուսումնասիրել է նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը եւ այն Սահմանադրական դատարանում վիճարկելու հիմքեր չի տեսնում. «Սահմանադրությունը նախատեսել է, որ արտակարգ դրություն մտցնելու մասին օրենքը կարող է ուշ ընդունվի, ուստի 117 հոդվածի 6-րդ կետով հստակ նշվել է, որ մինչեւ օրենքի ընդունվելը նախագահը արտակարգ իրավիճակ մտցնում է եւ իրավիճակից բխող ցանկն է նշում իր հրամանագրում: Սա սահմանադրական նորմ է, որից նախագահը չի շեղվել»: Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց մեր լրագրողի հարցերին, ինչը ներկայացնում ենք:

- Իրավապահ մարմինները խոչընդոտում են ոչ միայն լրագրողների, այլ նաեւ պատգամավորների ու հենց Ձեր աշխատանքը: Մասնավորապես` Քանաքեռի ոստիկանատանը թույլ չեն տվել հանդիպել ձերբակալվածներին: Ի՞նչ եք նախատեսում անել այդ դեպքի առիթով:

- Նմանատիպ միայն մի դեպք է եղել, որի մասին ես խոսել եմ, նամակ եմ գրել ու պարզաբանում պահանջել ոստիկանապետից: Մնացած բոլոր տեղերում` մեկուսարաններ, քրեակատարողական հիմնարկներ մենք մտել ենք եւ որեւէ պրոբլեմ չենք ունեցել: Իրենց գործունեությունը խոչընդոտելու մասին շատ բողոքներ ստացել ենք փաստաբանների կողմից: Դեպքեր կան, որ բողոքը օպերատիվ ստացել ու կարողացել ենք օգնել:

- Եթե մի հետադարձ հայացք նետենք ետընտրական գործընթացին, կտեսնենք, որ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո կար որոշակի քաղաքական ուժ, որը պնդում էր, որ արդյունքները կեղծված են եւ ամբողջ աշխարհում ընդունված ձեւով սկսեց բողոքի ակցիաներ կազմակերպել, ինչին ի պատասխան իշխանությունները ծեծ ու ջարդ կազմակերպեցին եւ ձերբակալությունների ալիք է սկսվել վերոնշյալ ուժի կազմակերպիչների նկատմամբ: Սա ձեզ չի՞ հիշեցնում 37 թվականը:

- Եթե անկեղծ լինենք` բոլոր երկրներում էլ հանրահավաքներ անում են, բայց կա իրազեկման ինստիտուտ, ինչը մեզ մոտ չէր գործում: Ընդունում եմ, որ ժողովուրդը ինքնաբուխ էր գալիս այնտեղ, բայց ընդդիմադիր թերթերը միշտ մարդկանց հրավիրում էին հանրահավաքի եւ նշում էին, թե ովքեր էին կազմակերպիչները: Այսինքն` այստեղ երկիմաստությունը կար: Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա պետք է խոստովանեմ, որ ձերբակալվածները ընդդիմադիր դաշտից են, բայց նաեւ պետք է ասեմ, որ իրավապահները իրավական հիմքերը ներկայացնում են մեզ: Որքանո՞վ են այդ իրավական հիմքերը ամուր` քննությունը ցույց կտա: Մենք, ցավոք սրտի, լիազորություն չունենք քննությանը գնահատական տալու:

- Նախագահը հայտարարում է, որ վտանգված էր երկրի սահմանադրական կարգը: Խաղաղ ցուցարարները ինչո՞վ էին վտանգում սահմանադրական կարգը:

- Հարցի մեջ պրովոկացիա կա: Արտակարգ դրությունը մտցվեց այն ժամանակ, երբ խաղաղ իրավիճակից մենք արդեն անցել էինք մի քիչ այլ իրավիճակի:

Ի դեպ, նա հրաժարվեց մեկնաբանել Ռ.Քոչարյանի իր մասին հնչեցված «անհաջող կադր» արտահայտությունը. «Ես չեմ կարծում, թե պետք է մեկնաբանենք հանրապետության նախագահի արտահայտությունները»:

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work