Իրավիճակը Մարտի 9-Ի Դրությամբ

Արտակարգ դրության պայմաններում շարունակվում են խուզարկությունները, ձերբակալությունները, ծեծով, ստորացմամբ, մարդու տարրական իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող հարցաքննությունները:

Շարժման ղեկավարների եւ ակտիվիստների մի մասը ծերբակալված է, մի մասն անցել է ընդհատակ: Տեղեկություններ են ստացվում մեկուսարաններում եւ քննչական գործողությունների ընթացքում իրականացվող խոշտանգումների մասին:

Վարչախմբի գործողությունները նպատակ ունեն

Բարոյապես սպանել Շարժման ակտիվիստներին եւ ամբողջ երկրում վերականգնել վախի մթնոլորտը

Ահա ոստիկանական բաժիններում արձանագրված մի քանի փաստեր, որոնք պատկերացում են տալիս մարդկանց նկատմամբ վերաբերմունքի բնույթի մասին:


-
Ոստիկանական բաժնում երկար ժամանակ պահվող կինը, երբ խնդրել է բնական կարիքները հոգալու հնարավորություն տալ, նրան ստիպել են, որ այդ բանը անի դուռը բաց զուգարանում` քննիչի եւ ոստիկանների աչքի առջեւ:

- Մի այլ կնոջ 4 տարեկան երեխայի հետ մի քանի օր բերման են ենթարկել եւ առավոտից մինչեւ ուշ երեկո, առանց սննդի հնարավորության, պահել ոստիկանական բաժանմունքում, որպեսզի դրանով ստիպեն նրա ամուսնուն ներկայանալ ոստիկանություն:

Ծանր կոտրվածքներ ունեցող, գիպսի մեջ կապկպված հիվանդին տարել են ոստիկնություն «կարճ զրույցի», որը տեւել է շուրջ 20 ժամ: Ընդ որում` հարցաքննությունն իրոք տեւել է մեկ ժամ, սական դա իրականացվել է վերջին ժամվա ընթացքում:

- Ոմանք, արդեն իսկ տեղեկացնում են, որ իրենց դաժան ծեծի ենթարկելով կամ սպառնալիքներով ստիպել են կեղծ ցուցմունքններ ստորագրել Շարժման ղեկավարների մասին:

Կան ավելի սահմռկեցուցիչ դեպքեր: Դաժանություններն իրականացնում են հատուկ առանձնացված քննիչները եւ ոստիկանության առանձին աշխատակիցներ: Ոստիկնությունն ընդհանուր առմամբ ավելի զուսպ է: Եւ դա այն պատճառով, որ սրանք մարտի 1-ին նույնպես դարձել են դիմակավոր պատժիչ մարդասպանների թիրախը:

Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց (որոնց` շուրջ 4000 հոգու ցուցակները հայտնի են), հանրահավաքների եւ երթերի առավել ակտիվ մասնակիցների (որոնց հնարավոր է եղել արձանագրել), պարզապես նախընտրական շրջանում նրա օգտին արտահայտված կամ նրան ձայն տված հազարավոր մարդկանց, կանչում են ոստիկանություն` «զրույցի»: Հսկայական այս ցուցակից այն մարդկանց, ովքեր աշխատում են պետական որեւէ հիմնարկում, ազատում են աշխատանքից, իսկ մասնավոր սեկտորում աշխատողներին պահանջում են, որ աշխատանքից ազատեն  գործատուները:

Ծանր մեղադրանքներով գործեր թխել Շարժման ղեկավարության եւ առաջին հերթին` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ

Քոչարյան-Սարգսյան զույգը համաժողովրդական շարժման քաղաքական ողջ էլիտային ձերբակալելու հրաման է տվել: Խնդիրը` նրանց դեմ ծանր մեղադրանքներ հարուցելով տեւական ժամանակով նրանց ազատությունից զրկելն է: Ձերբակալված կամ հետախուզման մեջ են կենտրոնական շտաբի անդամների մեծ մասը, շրջանային շտաբների ղեկավարներ եւ ընտրական գործընթացների համակարգողներ: Նույն խմբի մեջ են դասվում հանրահավաքներում բոլոր ելույթ ունեցողները: Կարճ քննչական գործողություններ կատարելուց հետո, նրանց նկատմամբ սովորաբար մեղադրանք է հարուցվում Քր. օրենսգրքի 300 (Պետական իշխանությունը յուրացնելու), 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու), 225 (Զանգվածային անկարգություններ կազմակերպելու), 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու ու անցկացնուլու) եւ այլ հոդվածներով:

Քննչական գործողությունների հիմնական միտումն ու ուղղվածությունը, անկախ նրանից, թե ով է հարցաքննվողը, հենց սա է` ցուցմունքներ կորզել այն մասին, թե իբր հանրահավաքները եւ այլն ուղղված են եղել պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը յուրացնելուն: Դրանով Քոչարյան-Սարգսյան զույգը նպատակ ունի մի կողմից արդարացնել ապօրինի արտակարգ դրություն հաստատելու իր որոշումը, մյուս կողմից` իր վրայից գցել այն սպանությությունների մեղքը, որ կատարեցին իրենց հրամանով` հատուկ այդ նպատակով Հայաստան բերված հատուկ ջոկատայինները:

Հասարակական մթնոլորտը

Չնայած գործադրված համընդհանուր բռնություններին, որեւէ մեկին անհնար է թվում արյունով եկեծ եւ արդեն երկրորդ անգամ սեփական ժողովրդի արյան վրա իր իշխանությունը հաստատել փորձող ռեժիմի հարատեւումը: Հակառակ դեպքում նրանք այլ բան չեն տեսնում, քան երկրից հեռանալը:

Սակայն նաեւ չեն պատկերացնում, թե ինչպես կարող է 3 միլոն մարդ ստիպված լինի հեռանալ երկրից` այն թողնելով երկու կամ թեկուզ երկու տասնյակ մարդու: Ուստիեւ շատերն ասում են, որ պարզապես սպասում են արտակարգ դրության շրջանի ավարտին` համարելով, որ հենց հաջորդ օրը պետք է հանրահավաքներ անել:

 ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղեկություններ են ստացվել, որ միջազգային ճնշման արդյունքում հնարավոր է, որ առաջիկա երկուշաբթի օրը հանվի արտակարգ դրությունը:

Ոմանք տեսել են, թե ինչպես ավտոբուսներով Հայաստանից դուրս են բերվում հատուկ պատժիչ ջոկատայինները: Ավտոբուսներն ուղղություն են վերցրել դեպի Ղարաբաղ:

Ոստիկանական բաժանմունք է հրավիրվել եւ հարցաքննվել Ստեփան Դեմիրճյանը, ինչից հետո նրան տուն են թողել:

Մի խուսբ երկրապահների հրավիրել են ոստիկանական բաժանմունքներ, սպառնալիքներով նրանցից ստորագրություն վերցրել, որ նրանք այլեւս չեն մասնակցի որեւէ հանրահավաքի:

Շրջում են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում պատկերված են մարտի 1-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ընդհարման եւ ոճրագործության առանձին դրվագներ: Դրանցից մեկում, մի քանի րոպե տեւողությամբ, պատկերված է, թե ինչպես միմյանց դեմ հանդիման կանգնած են ոստիկանական ստորաբաժանումները եւ ժողովուրդը: Որեւէ ընդհարում չկա: Ապա ոստիկանները դուրս են գնում ու նրանց ետեւից երեւում են սեւազգեստ ու դիմակավորված հատուկ ջոկատայինները` ավտոմատներով զինված: Նրանք սկսում են կրակել, հիմնականում մեկական կրակոցներով: Ընկնում է առաջին սպանվածը, ապա` ուրիշներ: Սպանվածներին ոտքերից ու ձեռքերից բռնած տեղավորում են ինչ-որ մեքենայի մեջ: Կրակոցները շարունակվում են: Մինչդեռ հանրապետության դատախազության մամլո խոսնակաը հայտարարում է, թե այդ օրը զինվորների կողմից հրազեն չի օգտագործվել:

 

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work