Տոտալ գրաքննություն

Ժամանակ Երևան

Վերջին օրերին Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ եվրոպացի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարությունները մասամբ են արտացոլվում պաշտոնական իշխանական ԶԼՄ-ներով տարածվող պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, պաշտոնական հաղորդագրությունների մեջ չի նշվում, որ այս կամ այն կառույցի ներկայացուցիչը, պաշտոնատար անձը դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունները, կոչ է անում չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը, դադարեցնել լրատվամիջոցների նկատմամբ սահմանված գրաքննությունը եւ այլն` առավելապես մեջբերելով հանդիպումների ընթացքում նախագահի կամ վարչապետի հայտնած տեսակետները: Այսպես օրինակ, նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեթյու Բրայզան Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված լարվածության կապակցությամբ եւ կարեւորել լարվածության թուլացումը:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բրայզան մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված լարված իրադրության կապակցությամբ եւ իրավիճակից դուրս գալու համար կարեւորել է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության սկսումը, ինչի համար անհրաժեշտ է արտակարգ դրության չեղյալ հայտարարումը եւ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների վերացումը: Այսպիսով, երկու տարբեր աղբյուրների տարածած հաղորդագրությունների թեկուզեւ մեկ հատվածի պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ դրանց միջեւ վիթխարի տարբերություն կա, այլ կերպ ասած` Հայաստանի իշխանությունները գրաքննության են ենթարկում նաեւ Բրայզային եւ մնացած արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք վերջին օրերին Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով:

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work