|
Ձերբակալվել
են Տեր-Պետրոսյանի Սյունիքի նախընտրական շտաբի պետը եւ ԵԿՄ-ի Կապանի կառույցի
ղեկավարը
azatutyun
Երեկ դեպի Երեւան ճանապարհին ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Սյունիքի
նախընտրական շտաբի պետ Ռոման Նավասարդյանը եւ Երկրապահ կամավորականների միության
Կապանի կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ռաֆիկ Ասրյանը: Ինչպես "Ազատություն"
ռադիոկայանին հայտնեց Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը,
նրանց ձերբակալել են "Սիսիանի պոստ" կոչված վայրում եւ տարել ոստիկանության Կապանի
բաժին:
Թե ի՞նչ կասկածանքով են Նավասարդյանին եւ Ասրյանին ձերբակալել` Խաչատրյանը
պարզաբանեց. - "Հիմնականում 225 հոդվածն է` զանգվածային անկարգություններ, 300
հոդվածն է` իշխանության զավթում, 235 հոդվածն է` զենք-զինամթերք, հիմնականում այդ
երկու-երեք հոդվածների մեջ է: Քանի որ, մեծ հաշվով, քրեական գործ իրականում չկա,
քաղաքական է ամբողջ "փաթեթը", մանավանդ որ իրենք կարծես ուզում են "փաթեթով" էլ
գործերը կարեն, բոլորին համարյա նույն հոդվածներն են":
Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ` մոտավորապես հետեւյալ սխեման է աշխատում. - "Հավաքում
են 5-6 հոգու, միանգամից ձերբակալում են, բերման են ենթարկում, փորձում են 5-6
հոգու միջից գտնել այդ թույլ օղակը, որը ցուցմունք կտա ավելի ամուր կորիզի վրա, ու
այդ ցուցմունքների հիմքով, կամ ընդհանրապես անօրինական, առանց որեւէ հիմքի
մեղադրանք են առաջադրում":
"Կապանի մեր ակտիվիստների մասին դեռ տեղեկատվություն չունենք, թե հետո ինչ է եղել,
գիտենք, որ երեկ ամբողջ օրը ձերբակալված են եղել, բերման ենթարկված` Նավասարդյանը
եւ Ասրյանը, այսօր կճշտենք, թե ինչ է: Համենայն դեպս, ունենք հիմքեր, որ իրենք
շուտով կլինեն Երեւանում. կբերեն, ենթադրում եմ, Ազգային անվտանգություն, զուտ
նախընտրական շրջանում իրենց զբաղեցրած դիրքից", - ասաց Տեր-Պետրոսյանի գրասենյակի
ներկայացուցիչը` հավելելով. - "Մենք արդեն մոտավորապես պատկերացնում ենք, թե ում
ուր են տանում":
"Այսինքն, այնքան պարզունակ է այդ ամեն ինչը, այդ սարքոցին, այնքան պարզունակ
մեխանիզմ է օգտագործում հայրենի իրավապահը, որ արդեն հանգիստ հնարավոր է այդ
քայլերը հաշվարկել` ում ուր են տանում, ում ինչ հոդված են ներկայացնում եւ այլն", -
հայտարարեց Արմեն Խաչատրյանը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|