Համաժողովրդական Շարժման 2-Րդ Կոնգրեսի Հայտարարությունը

Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական շարժման մեջ, Հայաստանի ժողովուրդը 2008 նախագահական ընտրություններում կրկին ելավ վարչախմբի դեմ համաժողովրդական պայքարի: Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու վարչախմբի դեմ միավորված քաղաքական ուժերի ղեկավարությամբ որդեգրվեց քաղաքական պայքարի բացառապես խաղաղ, օրինական եւ ժողովրդավարական գործելակերպ: Նպատակը` նախագահական ընտրություններում հաղթելով եւ անհրաժեշտ վերափոխումներ իրականացնելով երկիրը բնականոն զարգացման ուղի դուրս բերելն էր:

Դրան ի պատասխան 1998-2003թթ. նախագահական ընտրությունները կեղծած, հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար պատասխանատու վարչախումբը գործի դրեց ապօրինությունների, բռնությունների եւ ահաբեկումերի իր ամբողջ զինանոցը եւ կեղծեց նաև 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները: Եթե վարչախումբը 2003 թ. Սահմանադրական դատարանի վստահության հանաքվե անցկացնելու մասին որոշումը չկատարելու նպատակով 2004 թ. ապրիլի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառեց, ապա 2008 թ. արտակարգ դրություն մտցնելու և Սահմանադրական դատարանի կողմից իր համար ցանկալի վճիռը կայացնելու համար պլանավորեց եւ իրականացրեց մարտի 1-ի հրեշավոր սպանդը:

Մարտի 1-ը մեր պատմության մեջ գրանցվելու է որպես սեփական ժողովրդի դեմ կատարած մեծագույն ոճրագործության օր: Վարչախումբը, որը ամեն ինչ արեց կոծկելու 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, հիմա էլ շինծու գործ հարուցելով ընդդիմության նկատմամբ, փորձում է խուսափել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից:

Չնայած ժողովրդի նկատմամբ իշխանությունների կիրառած համատարած բռնաճմշումներին եւ հակաիրավական գործողություններին ռեժիմին չհաջողվեց հասնել իր նպատակներին, կոտրել ժողովրդի ոգին և սասանել համաժողովրդկան շարժման մեջ միավորված քաղաքական ուժերի և հարյուր հազարավոր քաղաքացիների վճռականությունը: Միասնականացած հայ ժողովուրդը  պատրաստ է ավելի մեծ հետեւողականությամբ պայքարելու երկրում ժողովրդակվարական ազատությունները վերականգնելու և ժողովրդի կողմից ընտրված և արդյունավետ գործող իշխանություն հաստատելու համար:

Մենք` համաժողովրդական շարժման մեջ միավորված քաղաքական ուժերը հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ չենք ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները: Կայունությունը Հայաստանում կվերականգնվի միայն ժողովրդավարական արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումով:

Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, դադարացնել Շարժման ակտիվիստների հետապնդումները, կատարել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն, վերացնել հավաքները արգելող օրենքները, դադարեցնել քարոզչական տեռորը և ապահովել տեղեկատվություն տարածելու սահմանադրական իրավունքը:

Մենք հետամուտ ենք լինելու նշված պահանջների իրականացմանը:

Հանուն ազատության և ժողովրդավարության մեր հաղթանակն անկասելի է:


2
մայիսի 2008 թ.

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work