Հաղորդագրություն

 

Երկուշաբթի, հոկտեմբերի 29-ին, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել աննախադեպ խուզարկություն: Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության անվտանգության բաժինը, նույն բաժնի պետ, փոխգնդապես Վարուժան Եղիազարյանի գլխավորությամբ, խուզարկության են ենթարկել Վարդաշեն ՔԿՀ բանտախցերը և բանտին հարող գաղութի կացարանները: Խուզարկությանը մասնակցել են նաև 7 սպաներ, որից երեքը գնդապետներ, քաղաքացիական հագուստով անհայտ ծառայությունների 8 ներկայացուցիչներ և ներքին զորքերի 15 դիմակավորված հատուկջոկատայիններ:

"Վարդաշեն" ՔԿՀ-ում ավելի երկար գտնվող բանտարկյալները հաստատում են, որ նման ցուցադրական ու մասշտաբային խուզարկություն իրենց մոտ երբեք չի եղել:

Միակ լուրջ խուզարկությունը իրականացվել է այն կացարանում, որտեղ գտնվում են Ժիրայր Սէֆիլյանը և Վարդան Մալխասյանը: Անձամբ նրանց մոտ, սակայն, որևէ արգելված իր չի հայտնաբերվել: Տեսնելով այդ, Վ.Եղիազարյանը անհիմն վեճի մեջ է մտել Վարդան Մալխասյանի հետ, հայտարարել է, թե նա զազրախոսում է, թե իբր սենյակում կան արգելված իրեր և դրա համար, որպես տույժ, պետք է նկատողություն հայտարարվի սենյակում գտնվող բոլոր 5 ազատազրկվածներին: Եթե բանավոր հայտարարված նկատողությունը պաշտոնապես արձանագրվի դատապարտյալների գործերում, ապա նրանք պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից զրկված կլինեն այնքան ժամանակ մինչև այդ տույժերը չհանվեն:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցածը հատուկ կազմակերպված դիմակահանդես էր, որի նպատակն էր տույժ հայտարարել նաև Վարդան Մալխասյանին, երկրորդ տույժը հայտարարել Ժիրայր Սէֆիլյանին, որպեսզի նրանց գործերը չներկայացվեն պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննող, այսպես կոչված, "անկախ հանձնաժողովին": Վերջինիս նոյեմբերյան օրակարգի ձևավորման վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր:

Որքանով է "դիմակահանդեսը" ծառայել իր իրական նպատակին դեռ պարզ չէ, որովհետև ոչ Սէֆիլյանի և ոչ էլ Մալխասյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Այս պահին չկա որևէ հաստատված տեղեկություն այն մասին, որ այդ նկատողությունները պաշտոնապես արդեն արձանագրվե՞լ են նրանց անձնական գործերում, թե՞ ոչ:

Բայց խուզարկության ընթացքում հայտարարված խմբակային տույժի պատճառով վաղաժամկետ ազատումից կարող է զրկվել նույն կացարանում գտնվող մեկ այլ բանտարկյալ: Ըստ որոշ տեղեկությունների անցկացված խուզարկությունների արդյունքում նկատողություն այնուամենայնիվ հայտարարվել է մի բանտարկյալի, որի մոտից ինչ-որ արգելված առարկա է հայտնաբերվել: Պետք է կարծել, որ այս կերպ խուզարկողները նպատակ են ունեցել նաև սրել Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի հարաբերությունները մյուս դատապարտվածների հետ:

 

Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի

զորակցության կոմիտե

              31 հոկտեմբերի 2007թ

 

 

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work