Ավարտվեց Ժիրայր ՍէՖիլյանի, Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի Դատավարությունը:

երեքշաբթի, հուլիսի 30, 2007

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտվեց Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի դատավարությունը: Ելույթ ունեցան նրանց պաշտպանները և հետո իրենք ամբաստանյալները:  

Ժիրայր Սէֆիլյանը իր հայտարարության մեջ կրկնեց, որ տեղի ունեցողը ոչ թե դատավարություն է, այլ թատրոն: Նա հիշեց, որ երբ նոր էին տեղի ունեցել ձերբակալությունները, որոշ իշխանամետ քաղաքական գործիչներ ենթադրություններ էին անում այն մասին, թե չի կարող բոլորովին ոչինչ չլինել, մի բան հաստատ կլինի, հենց այնպես չէին ձերբակալի: Հիմա, 8 ամիս անց բոլորին պարզ է, որ ոչ մի հանցանք էլ չի եղել և այս ամբողջ պատմությունը ԱԱԾ-ն սարքել է ծառայելով երկու մարդու:

Վարդան Մալխասյանը վստահություն հայտնեց, որ եթե ոչ այսօր, ապա մի օր անպայման արդարությունը հաղթելու է և իրենց հետապնդողները մի օր իրենք են կանգնելու դատարանի առաջ: Նա նաև խոստացավ, անկախ վճռից, պայքարել ՀՀ քրեական օրենսգրքից 301 հոդվածը հանելու համար կամ գոնե այնպես փոխելու, որ այն դադարի գործիք ծառայել բացառապես ընդդիմությանը հալածելու համար: 

Վահան Արոյանը իր վերջին խոսքում կրկնեց, որ ինքը իրեն մեղավոր է ճանաչել որպես քաղաքացի, օրենքի կոնկրետ կետը խախտելու համար, սակայն երբեք իրեն մեղավոր չի ճանաչել որպես ֆիդայի: Նա զարմանք հայտնեց իր համար դատախազի պահանջած երեք տարվա առիթով, հիշեց, որ ինքն է եղել Շուշիի ազատագրման ժամանակ եկեղեցին ականազերծողը: Ավելացրեց, որ այդ զենքերը ոչ մի վատ նպատակի չեն ծառայել, դրանք իր և իր ընկերների արյամբ ձեռք բերված զենքեր են, որ դրանց մասին բոլորը իմացել են և դրանք ինքը օգտագործել է սահմանի պահպանության ժամանակ և վստահություն հայտնեց, որ դրանց մի մասը իրեն պետք է վերադարձվի: Նա հայտարարեց, որ Ժիրայրը իր մարտական ընկերն է և ինքը շատ մարտական ընկերներ ունի, ու չնայած դրան Ժիրայրն ու Վարդանը ոչ մի կապ չունեն իր զենքերի հետ: Ինչ է, եթե վաղը ուզենան իր մեկ ուրիշ ընկերոջ դեմ գործ հարուցել, իրեն էլի պետք է ձերբակալեն: 

Մինչ ամբաստանյալները փայլուն ելույթ ունեցան նրանց պաշտպանները, որոնց ճառերի նախապատրաստված տեքստերը կցում ենք: 

Ժիրայր Սէֆիլյանի պաշտպաններ Վահե Գրիգորյանի եւ Արա Զաքարյանի,  ճառը:

Վարդան Մալխասյանի  պաշտպան` Մուշեղ Շուշանյանի ճառը:

 Դատավոր Մնաց Մարտիրոսյանը վճիռը կհրապարակի օգոստոսի 6-ին ժամը 11.00-ին:


 

 













This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work