Դատախազը փնթի ելույթ ունեցավ, բայց պահանջեց առավելագույնը 

 

 Երկուշաբթի, հուլիսի 30-ին, Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի գործով մեղադրող դատախազ Արթուր Մկրտչյանն արտասանեց իր ճառը: Տպավորությունն այն էր, թե նա անպատրաստ է ներկայացել դատարան: Նա անընդհատ շփոթում էր իր հետ բերած մի քանի սևագիր թերթերը, որոնցում ենթադրաբար շարադրված էր նրա ոչինչ չհիմնավորող ճառը: 

Դատախազը նախ բացատրեց դատարանին, թե ինչով է քր.օր. 301 հոդվածը տարբերվում 300-ից, որը ենթադրում է իշխանության յուրացմանն ուղղված գործողություններ: Հետո սահմանեց հրապարակային կոչը, որը ըստ նրա գրավոր, բանավոր և այլ միջոցներով մարդկանց դիմելն է, հրահրելը կամ համոզելը: 

Որպես օրինակ նա նախ ընթերցեց մի քանի տող Վարդան Մալխասյանի ելույթից, քանի որ այն Ժիրայր Սէֆիլյանի ելույթից ավելի առաջ էր: "…Երբ որ նպատակը ազնիվ է, նպատակը մաքուր է, նպատակը հայրենասիրական է, ուրեմն միջոցների առաջ խտրականություն չպիտի դնել, օր առաջ, զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով, ամեն մի միջոցներ պիտի գործի դնենք…"  իրականում այս կիսատ նախադասությունը ավարտվում է հետևյալ խոսքերով "…որպեսզի ազատվենք այս քողարկված թուրքերից, որ միայն ազգանունն է հայի", որոնք դատախազը չուզեց ընթերցել, հավանաբար խնայելով "քողարկված թուրքերին":

Երկրորդ մեջբերումը նույնպես կտրատված էր. "…հիմի պիտի դադարեցնենք խոսելը… …սրանց հետ պիտի իրենց ձևով պայքարել` արյուն, կրակ թշնամու վրա, բոլոր ձևերով, բոլոր միջոցներով…" Այս տողերի մեջտեղից հանվել է այն հատվածը, որում ասվում է թե ում դեմ է ընթանում պայքարը "բանդիտական, սափրագլուխ խմբերի, հանցագործ աշխարհի թափթփուկների", որոնց դեմ էլ հենց Վարդան Մալխասյանը առաջարկում է պայքարել "իրենց ձևով": 

Քողարկված թուրքերի և հանցագործ աշխարհի թափթփուկ, սափրագլուխ բանդիտների դեմ, իրենց ձևով, առանց միջոցների խտրականության, զենքով պայքարելու հրապարակայինն կոչերի համար` դատախազը առաջարկեց Վարդան Մալխասյանին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: 

Շատ ավելի անհեթեթ էր Ժիրայր Սէֆիլյանի ելույթի վերլուծությունը: Դատախազը բառացիորեն հայտարարեց հետևյալը. "ճիշտ է, Ժիրայր Սէֆիլյանի ելույթում հրապարակային ուղղակի կոչեր չկան, բայց նրա ելույթը Վարդան Մալխասյանի ելույթի տրամաբանական շարունակությունն է":  Դատախազի այս խոսքերին դահլիճը արձագանքեց արհամարհական ծիծաղով, որովհետև դրանք փաստորեն արդարացնում են Ժիրայր Սէֆիլյանին 301 հոդվածի մասով:  

Բայց դատախազը փորձեց հիմնավորել իր ասած անհեթեթությունը, մեջբերելով կցկտուր հատվածներ Ժիրայրի ելույթից: "…Ես համաձայն եմ, եկեք միջոցների մեջ խտրականություն չդնենք…", "…սրանք խաղաղ ցույցերով չենք հեռանալու…": Իրականում առաջին խոսքերը հանված են մի պարբերությունից, որում ամբողջությամբ "Հայ կամավորականների համախմբման" համակարգողը խոսում էր կազմակերպվելու, ազգային գաղափարական, կազմակերպված և կարգապահ ուժ ստեղծելու անհրաժեշտությունից, ըստ էության դա համարելով երկիրը առողջացնելու հիմնական միջոց: Դատախազը անգամ չէր բարեհաճել ավարտել նախադասությունը, որը ամբողջությամբ այս տեսքն ուներ "Ես համաձայն եմ, եկեք միջոցների մեջ խտրականություն չդնենք, բայց եկեք նախ կազմակերպվենք"  

Նույն կերպ մյուս մեջբերումը հանված է մեկ այլ նախադասությունից, որը ամբողջությամբ հնչում է այսպես "Նորից եմ շեշտում, մինչև չկազմակերպվենք ոչ մի գործ առաջ չի գնալու, "Քոչարյան, Սերժ հեռացիր" կրկնելով, իրենք չեն հեռանալու, այս մարդիկ խաղաղ ցույցերով չենք հեռանալու, ես ձեզ հավաստիացնում եմ, դրսի ճնշումով չեն հեռանալու, եթե մենք կազմակերպվեցինք և կարողացանք որակական լուրջ ուժ ստեղծել, իրենք հեռանալու են": 

Դատախազը արհամարհեց դատարանին ներկայացված այն ապացույցները որոնք միանշանակորեն ապացուցում էին, որ Ժիրայր Սէֆիլյանի զենքը օրինական է, ԼՂՀ ՊՆ կողմից տրված պարգև է և ունի ստացման օրինական ապրանքագիր: Նա շարունակեց վկայակոչել ԼՂՀ և ՀՀ ՊՆ-ներից ստացված սուտ տեղեկանքները, հիմանվորելու համար Ժիրայր Սէֆիլյանին ներկայացված մեղադրանքը 235 հոդվածի առաջին մասով: 

Նույն ժամանակ նա անսպասելիորեն հայտարարեց, որ այդ զենքը հայտնաբերվել է Սեֆիլյանի աշխատավայրում, ինչը փաստացի նշանակում է, որ մեղադրական կողմը խոստովանում է, որ չունի ապացույցներ այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանը զենքը կրել է իր մոտ: Փաստորեն նրան մեղադրում են բացառապես մի քանի տասնյակ փամփուշտների համար, որոնց մեծ մասը նրա օրինական ատրճանակի փամփուշտներն են, իսկ մյուսները տարբեր տրամաչափի փամփուշտների մեկական օրինակներից բաղկացած հավաքածու: 

Հիշեցնենք, որ նույն քր. գործով մեկ այլ մեղադրյալի նկատմամբ նույնպիսի մեղադրանք էր առաջադրվել, բայց գործը նրա մասով կարճվել էր, այն հիմնավորմամբ, որ վերջինս մասնակցել է պատերազմին: Ստացվում է, որ Ժիրայր Սէֆիլյանը պատերազմի էլ չի մասնակցել: 

Ոչինչ չհաստատող իր ճառի ավարտին դատախազը պահանջեց առավելագույն պատժաչափեր, երեքական տարի, Ժիրայր Սէֆիլյանի և Վահան Արոյանի համար, և 2 ու կես տարի` Վարդան Մալխասյանի համար: Ընդ որում Ժիրայր Սէֆիլյանի համար առաջարկվող պատիժը բաղկացած էր երկու մասից. 2.5 տարի 301 հոդվածով և 1.5 տարի 235 հոդվածի 1-ին մասով, սրանց գումարը մասնակի կլանմամբ ստացվեց 3 տարի: 

Վահան Արոյանի դեպքում էլ առաջարկվող պատիժը պետք է բավականին ծանր համարել, որովհետև նա ոչ միայն այդ զենքը վատ նպատակով չի օգտագործել, այլև որովհետև հաշվի չի առնվել որևէ մեղմացուցիչ հանգամանք և այն, որ Վահան Արոյանը ուներ արագացված դատավարության իրավունք, որից չկարողացավ օգտվել միայն այն պատճառով, որ ԱԱԾ-ին, զուտ քարոզչական նպատակներով, պետք էր նրա գործը կցել Ժիրայր Սէֆիլյանի գործին: 

Երեքշաբթի խոսելու հերթը պաշտպաններինն ու մեղադրյալներինն է: 


 

 













This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work