Հուլիսի 24-Ի Դատական Նիստը

Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի գործով հուլիսի 24-ի դատական նիստին կանչված 30 վկաներից միայն 4-ը ցուցմունքներ տվեցին: Դրանից հետո անսպասելիորեն բավարարվեց պաշտպանների միջնորդությունը վկաների հարցաքննությունները սահմանափակելու վերաբերյալ: Այդպիսով դատաքննության փուլն ավարտվեց և սկսվեց վիճաբանությունների փուլը: Դատախազը իր ճառին նախապատրաստվելու համար պահանջեց առնվազն մեկ շաբաթ: Հաջորդ դատական նիստը հուլիսի 30-ին:

            Մինչ այդ ցուցմունք տալու ցանկություն հայտնեց Վարդան Մալխասյանը, որը մեկնաբանեց իր այն ելույթը, որի համար իրեն մեղադրում են: Նա ընդգծեց ելույթում առկա մեջբերումները հայտնի հեղինակներից, որը ԱԱԾ-ն փորձում է մեկնաբանել որպես Վարդան Մալխասյանի կողմից արված բռնության կոչեր: Մյուս կողմից նա նկատեց, որ "հանցագործ աշխարհի թափթփուկների դեմ իրենց զենքով պայքարելը" բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ կարելի է համարել միայն այն դեպքում, երբ համաձայնվենք, որ այսօրվա իշխանությունները հենց այդպիսի թափթփուկներ են և իրենք էլ ժամանակին իշխանությունը նույն զենքով, այսինքն, բռնությամբ են զավթել:

            Վկաներից առաջինը ցուցմունք տվեց Արմեն Աղայանը, որը պաշտպանների խնդրանքով պարզաբանեց "Հայ կամավորականների համախմբման" նպատակները, նշելով, որ որքան էլ մեծ լինի իշխանափոխության հասնելու ցանկությունը, իրենց պետք չէ հիմարների տեղ դնել, որովհետև պարզից էլ պարզ է, որ զենքով պետական մեքենայի դեմ դուրս գալ հնարավոր չէ: Դա ընդհանրապես միջոց չէ և հետևաբար միջոցների միջև խտրականություն չդնելը չի կարող նշանակել, որ "Հայ կամավորականների համախմբումը" նաև բռնությամբ իշխանությունը զավթելու տարբերակն է հնարավոր միջոց համարել: Ավելին, Աղայանը նշեց, որ հեղաշրջումները սովորաբար իրականացվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կամ նրանց սադրանքով: Իսկ Ժիրայր Սէֆիլյանը և "Հայ կամավորականների համախմբումը" պայքարի միջոց են համարել ազգային, գաղափարական, կազմակերպված և կարգապահ ուժ ստեղծելը, որն էլ հենց պակասում է ներկա վարչախմբից ազատվել փորձող մեր ժողովրդին:

            Պատասխանելով դատավորի հարցին` Ժիրայր Սէֆիլյանի մոտ զենք տեսնելու վերաբերյալ, Աղայանը հաստատեց իր նախաքննական ցուցմունքը, նշելով, որ մինչև 1992-ից մինչև 1998թ առաջին կեսը մի քանի անգամ Ժիրայր Սէֆիլյանի մոտ զենք է տեսել, սակայն դրանից հետո նման բան չի եղել:

            Նույն հանգամանքը փորձեց պարզել դատավորը Արմեն Եղյանից, հիշեցնելով նրա այն ցուցմունքը Ժիրայր Սէֆիլյանի մոտ հայտնաբերված զենքի մասին: Եղյանը ընդգծեց, որ ինքը անձամբ ներկա չի եղել այդ զենքի հայտնաբերմանը և չի տեսել, թե ինչ զենք է հայտնաբերվել Սէֆիլյանի մոտից, իսկ իր ցուցմունքըբ վերաբերել է նրան, որ խուզարկության արձանագրությունում նշված զենքը Սէֆիլյանի ստացած մարտական պարգևն է:

            Մյուս վկաները նույնպես ոչ մի բանով չհաստատեցին մեղադրանքի որևէ դրվագ, բացի չվիճարկվող փաստերից, որ եղել է կամավորականների հավաք և որ դրան հրավիրվել են մասնակցելու մեծամասամբ, բայց ոչ միայն պատերազմի մասնակիցների խմբերի ներկայացուցիչներ և որ այդ հավաքներում ելույթ են ունեցել Ժիրայր Սէֆիլյանը և Վարդան Մալխասյանը:

            Դատախազը վկաներին հարցեր չէր տալիս, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց, որ վկաները ընդամենը նախաքննությունը և դատաքննությունը ձգձգելու միջոց էին: Առաջինը 60-ից ավել վկաների հարցաքննելու պատրվակով ձգձգվեց 6 ամիս, իսկ երկրորդը առիթ դարձավ 2 շաբաթով դատաքննությունը ձգձգելու համար: Սակայն իրականում վկաների ցուցմունքները բոլորովին էլ պետք չեն մեղադրող կողմին, ավելին, նրանք խանգարում են սուտ մեղադրանքը հիմնավորելուն, ուստի դատախազը բոլորովին էլ չառարկեց դրանք սահմափակելու միջնորդությանը:

            Սակայն դա դեռ չի նշանակում, թե դատարանը սպառել է դատը հետաձգելու միջոցները: Այս անգամ դատախազին մեկ շաբաթ պետք եղավ իր մեղադրական ճառը գրելու համար, հետո էլ դատարանը երկու շաբաթ կուզի վճիռը գրելու համար: Այսինքն դատավարության ավարտը պետք է սպասել օգոստոսի կեսերին, երբ արդեն  լրացած կլինի Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի անազատության 8 ամիսը:            


 

 













This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work