"Դուխներդ չգցեք, մենք պիտի
հաղթենք",- դատական նիստերի դահլիճ մտնելով` այսօր հայտարարեց "Հայրենիք եւ պատիվ"
կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը:
Այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի
քրեական գործով դատավարության ընթացքում դատավորը փորձում էր վերլուծության
ենթարկել Պարարվեստի ուսումնարանում Հայ կամավորականների համաժողովում Ժիրայր
Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ելույթները, որոնց համար նրանք հայտնվել են ԱԱԾ
մեկուսարանում: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մասնավորապես ուզում էր հասկանալ, թե
ինչ է նկատի ունեցել Վարդան Մալխասյանը, երբ հայտարարել է. "Պետք է ազատվել այս
հրեշներից":
Վարդան Մալխասյանն էլ էր ուզում հասկանալ,
թե ում է հրեշ համարում նախաքննության մարմինը, որ իրեն մեղադրում է իշխանությունը
բռնի ուժով զավթելու կոչեր անելու մեջ: Վարդան Մալխասյանը նախ ընթերցեց իր ամբողջ
ելույթը եւ ավելացրեց. "Ես ասել եմ, որ բոլոր նրան, ովքեր խեղճացրել են հային,
ովքեր վաճառում են ազատամարտիկի արյունով ձեռք բերված հողը` դավաճաններ են,
հանցագործներ են, թափթփուկներ են, քողարկված եւ ներքին թշնամիներ են: Եթե դատարանը
կորոշի, որ իմ թվարկածները ՀՀ իշխանություններն են, ապա ես կընդունեմ իմ մեղքը":
Մալխասյանը պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին մեղադրել եւ մեղադրում
է հայրենավաճառության մեջ, սակայն իր հայտարարություններում իշխանությունը բռնի
ուժով զավթելու կոչ չի տեսնում: Դատավոր Մարտիրոսյանը ստիպված էր առանց ընդմիջելու
լսել Ռոբերտ Քոչարյանին ուղղված Մալխասյանի մեղադրաքնները.
"Պարոն Քոչարյանն, այսօր դատարանի նկատմամբ
չկա վստահություն, որովհետեւ այս երկրում որոշ մարդիկ իրենց օրենքից եւ
արդարադատությունից վեր դասող մարդիկ են համարում եւ թույլ չեն տալիս, որ դատավորը
մտածի, եւ այդ հիմքերը գալիս են նախագահականից: Այն, ինչ ես եմ ասել նրանց հասցեին,
բոլորն են ասում: Ես զարմանում եմ, թե այդ մարդիկ ինչու են վախենում
քննադատությունից: Նախաքննության մարմինը դատարանին այնպիսի իրավիճակի մեջ է դրել,
որ դատարանը ստիպված է առավելագույն պատժաչափ ընտրել մեզ համար, որովհետեւ մենք
արդեն 8 ամիս է ազատազրկված ենք":
Հիշեցնենք, որ Վարդան Մալխասյանին ու ժիրայր
Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 301 հոդվածով` իշխանությունը բռնի
ուժով տապալելու կոչեր անելու մեղադրանքով: 301 հոդվածով նախատեսված նվազագույն
պատժաչափը 3 ամիս ազատազրկումն է: ժիրայր Սեֆիլյանը, ինչպես եւ խոստացել էր,
հրաժարվեց ցուցմունք տալ դատարանին: Դատավոր Մնացականյանը անցավ վկաների
հարցաքնությանը: Գործով անցնող 30 վկաներից դատարանն այսօր լսեց ընդամենը 4-ին:
Որքան էլ տարրօրինակ էր, մեղադրող Արթուր Մկրտչյանը հարցեր չուներ վկաներին, իսկ
դատավոր Մնացականյանը բավարարվում էր միայն ճշտելով, որ վկաները ճանաչում են
Սեֆիլյանին եւ Մալխասյանին:
Քանի որ վկաներին վկայակոչել էր մեղադրող
կողմը եւ նրանց նախաքննական ցուցմունքները իբրեւ ապացույց ընդգրկել մեղադրականում,
իսկ այսօր էլ հարցեր չուներ նրանց տալու, Սեֆիլյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու
Արա Զաքարյանը միջնորդեցին սահմանափակել վկաների հարցաքննությունը, քանի որ
մեղադրողը որեւէ հարց չունի նրանց: Սեֆիլյանի փաստաբաններն այսօր մի քանի անգամ
միջնորդեցին գործում ընդգրկված ապացույցները անթույլատրելի ճանաչելու եւ Սեֆիլյանի
խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատավոր Մարտիրոսյանը տարբեր
պատճառաբանություններով հետաձգեց դատական նիստը մինչեւ հուլիսի 30-ը ժամը 12.00-ը:
Հաջորդ նիստում մեղադարականով հանդես կգա մեղադրող Արթուր Մկրտչյանը: