Սկսվեց Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի դատավարությունը:

Երկուշաբթի, հուլիսի 2-ին, ժամը 12.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի դատավարությունը: Չնայած մեղադրյալներից ոչ մեկը չի հերքում գործի փաստական հանգամանքները, նրանք չեն հրաժարվում իրենց ելույթներում հնչեցրած խոսքերից, չեն հրաժարվում իրենց մոտ հայտնաբերված զենքերից, սակայն այնուամենայնիվ դատարան են կանչվել շուրջ 30 վկաներ, որոնց մեծ մասը մեղադրյալների ընկերներն են և վկայելու ոչինչ չունեն: Մեծ թվով վկաների առկայությունը միայն մեկ բացատրություն կարող է ունենալ` ձգձգել դատավարությունը:

Ընդամենը կես ժամ տևած դատական նիստում Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը հայտնի է նրանով, որ քննել է քաղաքական հնչեղություն ունեցող բազմաթիվ գործեր: Մասնավորապես, նա պայմանական պատիժ է սահմանել ՀՀ նախագահի թիկնապահներից մեկին, որը իր գործընկերների հետ սրճարանում դաժանաբար սպանել էր ջավախքցի Պողոս Պողոսյանին, այն բանի համար, որ վերջինս համարձակվել էր ողջունել իր կողքից անցնող Ռոբերտ Քոչարյանին: Նույն դատավորն է ազատության մեջ թողել "ՏԵՑ-ի կրուգի" փոխհրաձգության մասնակիցներին: Փոխարենը բանակային ծառայությունից խուսափելու համար նա 4 տարվա ազատազրկում է սահմանել ընդդիմադիր թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի համար:

Սէֆիլյանի պաշտպանները իրենց բացարկը հիմնավորել են նրանով, որ Մնացական Մարտիրոսյանը Ժիրայր Սէֆիլյանին դատի տալու որոշման մեջ չի հիմնավորել պաշտպանների բոլոր միջնորդությունների իր մերժումը և կանխակալ կարծիք ունի Ժիրայր Սէֆիլյանին մեղսագրվող հանցակազմի վերաբերյալ:

Դատական նիստը հետաձգվեց նախ 3 ժամով, իսկ հետո նաև 4 օրով, այն հիմնավորմամբ, որ Դատարանի նախագահին այդ ժամանակը անհրաժեշտ է գործի նյութերին ծանոթանալու համար: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դատարանը քննությունը ձգձգելու քաղաքական պատվեր է ստացել:

 

Այդ առումով ոչինչով չեր տարբերվում նաև ուրբաթ, հուլիսի 6-ին կայացած դատական նիստը: 15.00-ին սկսված և 18.00-ին ավարտված նիստի մեծ մասը ծախսվեց ընդմիջումների վրա: Իսկ մնացած աշխատանքային ժամը աչքի չընկավ արդյունավետությամբ:

Դատավորը հրապարակեց նախորդ նիստում Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանների կողմից իրեն հայտնված բացարկը մերժելու որոշումը` առանց որևէ հիմնավորման, այն դեպքում, երբ բացարկի հիմքերը ստուգելու համար դատարանի նախագահին 4 օր էր պահանջվել: Նման ավելորդ ձգձգումից խուսափելու համար Վարդան Մալխասյանի պաշտպան Մ.Շուշանյանը հայտարարություն արեց այն մասին, որ չնայած ինքը նույնպես պատրաստվում էր բացարկ հայտնել, սակայն դա չի անում, որովհետև դատարանը նախորդ բացարկը օգտագործեց որպես առիթ դատավարությունը անհիմն ձգձգելու համար: Պաշտպանը այնուամենայնիվ հայտարարության տեսքով հրապարակեց չհայտնված բացարկի բովանդակությունը, հատուկ ընդգծելով, որ դա բացարկ չէ, սակայն եթե նախագահողը, հակառակ սպասելիքներին, այնուամենայնիվ ուզենա ընդառաջ գնալ հայտարարությունում նշված փաստերին, ապա կարող է ինքնաբացարկ հայտնել: Այնուամենայնիվ, դատավորը պաշտպանի հայտարարությունը ընդունեց որպես բացարկ և մեկ ժամից ավելի ընդմիջումից հետո մերժեց այն: Նիստի մնացած մասը ծախսվեց դատավորի և պաշտպանների հարցուպատասխանի վրա, որի ամբողջ ընթացքում դատավորը կամ ձևացնում էր թե չի հասկանում հարցերը, կամ իսկապես չէր հասկանում, կամ էլ այդ ձևը ընտրել էր դատավարությունը ձգձգելու և պաշտպաններին և ներկաներին հունից հանելու համար:

Դատավարության ավարտին Ժիրայր Սէֆիլյանի պաշտպանները փորձեցին նրա նկատմամբ կալանքը վերացնելու, այլ խափանման միջոց նշանակելու միջնորդություն էին փորձում ներկայացնել, հիմնավորելով, որ այդ միջնորդությունը պետք է անմիջապես քննվի, որովհետև դրա բավարարման դեպքում Ժիրայրը անմիջապես կազատվի, իսկ եթե միջնորդության քննությունը հետաձգվի և հետո բավարարվի, ապա 4-5 ավելորդ օրեր նա կմնա կալանքի ներքո: Սա նույնպես մերժվեց դատավորի կողմից, միջնորդության անպատեհ ժամանակ ներկայացված լինելու պատճառաբանությամբ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց երեքշաբթի, հուլիսի 10-ին:

 














This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work