ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

 

"Այսուհետ ավելի խիստ ելույթներ պետք է ունենամ, քան հայ կամավորների միության համաժողովում", -հուլիսի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց իշխանությունը բռնի ուժով տապալելու մեջ մեղադրվող "Հայրենիք եւ պատիվ" կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը: Դատարանը հայտարարել էր, որ ձերբակալության պահին Մալխասյանը նախաքննության մարմնին հայտնել էր, որ ընդունում է իր մեղքը եւ զղջում է իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատության եւ վիրավորանքների մասին: Վարդան Մալխասյանն այսօր դատարանում մանրամասնեց, թե ԱԱԾ աշխատակիցները ինչպես են իրեն խաբելով նման ցուցմունքներ կորզել եւ ասաց.

"Ես իրականում ափսոսում եմ նրա համար, որ Պարարվեստի ուսումնարանի դահլիճում իմ ելույթը թույլ եւ չշարադասված ելույթ էր: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեզ հաջողվեց երկիրը ազատել թուրքերից, սակայն չհաջողվեց ազատել թրքացած հայերից: Եւ այդ հանցավոր խմբի գործողությունների շնորհիվ էր, որ մեր ժողովրդի մի զգալի մասին հաջողվեց վարժեցնել տարբեր այլանդակությունների: Այսօր ափսոսում ու զղջում եմ այն, որ երկիր ունենալու փոխարեն, այսօր մենք ունենք կորսյալ արժեքների եւ կորսյալ արդարության մի տարածք, որտեղ մի բուռ ժողովուրդ ընդամենը հացի խնդիր է լուծում": Շարունակելով զղջալու թեման` Վարդան Մալխասյանն ավելացրեց.

"Ափսոսում եւ զղջում եմ նրա համար, որ մեզ չհաջողվեց ստեղծել երկիր: Այսօր ժողովրդի հարյուր հազարավոր անդամներ առանց փաստաթղթի թափառում են Եվրոպայում, Ռուսաստանում եւ նույնիսկ Ստամբուլում` գերադասելով ապրել, աշխատել ու ծառայել օտարի տիրապետության տակ: Նրանք գիտեն, որ սեփական երկում իրենց ուժերով իշխանություն ձեւավորել չի լինի: Ես ափսոսում եմ, որ մեր ժողովրդին չհաջողվեց ձեւավորել իր իշխանությունը եւ հարգել նրանց, որովհետեւ առաջնորդներն անարդար են: Այս ամենի համար զղջալով իմ մեջ հուսահատության նշույլ անգամ չկա: Այսուհետ մեր պայքարը տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի ուժեղ է լինելու: Մենք կերտելու ենք հայ մարդու ազատ կամքը ձեւավորող իսկական հայկական պետություն":

Ի դեպ, ԱԱԾ աշխատակիցները 2006թ. դեկտեմբերի 9-ին ուշ երեկոյան նրա տուն են մտել զինված եւ վեճի մեջ բռնվել որդու հետ: Մալխասյանը պատմեց, որ այդ օրը նա հյուրեր է ունեցել եւ գինովցած` քնած է եղել: ԱԱԾ աշխատակիցների հետ վիճաբանությունից հետո, Մալխասյանը նրանց տեղեկացրել է, որ պատերազմից հետո տանը որեւէ զինամթերք չունի եւ նրանց խնդրել. "Ասացի` մենակ ինչ-որ բան չգցեք տանը: Պետք է ասեմ, որ, ապրեն, չգցեցին: Նույիսկ նստեցինք կերանք-խմեցինք, երբ նրանց ուզում էի ճանապարհել` ասացին, չէ, մեզ հետ պետք է գաս ԱԱԾ, մի հատ թուղթ կա` ստորագրես: Ասեցի գինովցած եմ, վաղը կգամ, բայց չհամաձայնվեցին":

Վարդան Մալխասյանը միայն ԱԱԾ-ում է տեղեկացել, որ իրեն բերման են ենթարկել "Հայ կամավորականների համաժողովում իր ելույթի համար: Նրա ասելով` ԱԱԾ աշխատակիցները նրան ցուցադրել են իր ելույթը եւ առաջարկել ցուցմունք տալ, որ զղջում է իր ելույթի համար. հակառակ դեպքում սպառնացել են ձերբակալել համաժողովի բոլոր մասնակիցներին` իշխանությունը բռնի ուժով զավթելու մեղադրանքով: Առանց պաշտպանի Վարդան Մալխասյանը գինովցած վիճակում գրել է, որ զղջում է իր ելույթի համար: Իսկ դրանից հետո սկսել պնդել իր ելույթը եւ ինչպես այսօր դատարանում հայտարարեց, զղջում է, որ ելույթը դեռ մեղմ էր:

"ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՔ, ՈՐ ՇԱՏ ՇԱՄԱՉԵՔ"

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր ավարտեց Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի քրեական գործով ապացույցների հետազոտումը: Ժիրայր Սեֆիլյանի շահերը պաշտպանելուց բացի` նրա փաստաբան Վահե Գրիգորյանը այսօր նաեւ փորձեց փրկել ՀՀ-ի հեղինակությունը` նշելով, որ Սեֆիլյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միակ հիմնավորումն այն է, որ նա այլ երկրի քաղաքացի է եւ կարող է թաքնվել նախաքննության մարմնից: "Նման անհեթեթ պատճառաբանություն չպետք է լինի: Իմ պետության համար դա շատ ամոթ է: Անձի օտարեկրյա քաղաքացի լինելը կալանքի պատճառ չի կարող լինել: Խնդրում եմ` գտնել նոր հիմքեր, որպեսզի համապատասխան ատյաններում այս որոշումները բողոքարկելու դեպքում վաղը, մյուս օր շատ չամաչենք",- ասաց Վահե Գրիգորյանը: Նա նաեւ դատարանին ներկայացրեց այն փաստաթուղթը, որով Սամբել Բաբայանը զենքով պարգեւատրել է Սեֆիլյանին եւ որն օրինական է համարվում մինչեւ 2008թ.:

Սեֆիլյանի երկրորդ փաստաբան Արա Զաքարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ քննչական գործողությունները, խուզարկությունները կատարել են այնպիսի անձինք, որոնք քննչական խմբի անդամ չեն եղել."Ուստի նրանք նման գործողություններ կատարելու իրավասություն չեն ունեցել: Այդ արձանագրությունները ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտմամբ, իսկ Քր. դատավարության օրենսգիրքը նախատեսում է նորմ, որտեղ նշված է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական գործողության իրավասություն չունեցող անձանց կողմից":

Դատավոր Մարտիրոսյանը փաստաբան Զաքարյանի միջնորդությունը հետաձգեց այն պատճառաբանությամբ, որ այն կքննվի վկաների հարցաքննությունից եւ որոշ ապացույցների հետազոտումից հետո: Փաստաբան Զաքարյանը նշեց, որ քննչական կամ դատավարական գործողությունների անճշտությունները չեն կարող շտկվել վկանների կամ դատավարության մասնակիցների ցուցմունքներով: "Ճիշտն ասած, ես կարծում, որ դատավորը, հատկապես քրեական գործերի վրա մասնագիտացված Մնացական Մարտիրոսյանը տեղյակ չէ օրենսդրության այս պահանջին: Կարծում եմ, որ սա հերթական անգամ դատավորի կամայականության արտահայտություն է եւ չեմ բացառվում, որ հետագայում էլ նա քննության չի արժանացնի եւ այն տեղ կգտնի մեղադրական դատավճռում",-ասաց նա:

Դատական նիստը կշարունակվի հուլիսի 24-ին:


 

 













This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work