|
Ժիրայր Սէֆիլյանի,
Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի դատավարության հուլիսի 10-ի նիստը

Դատական հերթական` հուլիսի 10-ի
նիստը համընկել էր Ժիրայր Սէֆիլյանի
ծննդյան 40-ամյա հոբելյանի հետ: Դահլիճում տեղ չլինելու պատճառով շատերը ոտքի վրա
էին: Դատավորի դահլիճ մուտքի պահին ներկաները վանկարկում էին "Ժիրայր, ծնունդդ
շնորհավոր", "ազատություն", ինչը առիթ տվեց նրան պահանջելու դատարկել դահլիճը:
Ոստիկաններին չհաջողվեց դա անել և դատավորը, որպես պատիժ, նիստը մեկ օրորվ հետաձգեց:
Մինչ այդ դահլիճում մի փոքր հանրահավաք տեղի ունեցավ որի ընթացքում ելույթ ունեցան
Ակադ. Ռաֆայել
Ղազարյանը, հայտնի դերասան Երվանդ Մանարյանը, ուրիշ ներկաներ:
Ժիրայր Սէֆիլյանի,
Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի գործով հուլիսի 11-ի դատական նիստը ռեկորդային
երկար տևողություն ունեցավ` շուրջ 3 և կես ժամ: Պաշտպանական կողմը բազմաթիվ
միջնորդություններ արեց. խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու, օրենքի խախտմամբ
ձեռք բերված ապացույցները չդիտարկելու, 301 հոդվածով ներկայացված մեղադրանքները
պարզաբանելու մասին: Դատարանը ոչ թե մերժեց դրանք, այլ ընդհանրապես չքննեց` ոչ
ժամանակին արված լինելու անհեթեթ պատճառաբանությամբ: Փաստաբանների` օրենքի բազմաթիվ
կետերի հիշատակումները, որոնք հիմնավորում էին, թե ինչու միջնորդությունները հիմա
պետք է քննվեն, անտեսվեցին, իսկ դատախազի ոչինչով չհիմնավորված կարճ
արտահայտությունները դրվեցին դատարանի որոշումների հիմքում:
Ամբաստանյալներին առաջարկվեց
ցուցմունքներ տալ: Ժիրայր Սէֆիլյանը
հրաժարվեց ցուցմունք տալ և հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ: Վարդան
Մալխասյանը այս պահին նույնպես ցուցմունք չտվեց, թեև չհրաժարվեց ցուցմունք տալուց և
նույնպես հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ: Վահան Արոյանը, իր հերթին,
ընդունեց, որ օրենքի տառի տեսակետից ինքը օրենքը խախտել է, սակայն հայտարարեց, որ
ոչ մի վատ բան այդ զենքով չի արել և, բացի այդ, թշնամիներով շրջապատված երկրում ենք
ապրում և յուրաքանչյուր հայ պարտավոր է մոտը զենք ունենալ, որ ինքը ստիպված է եղել
շատ բաներ վաճառել այդ զենքը ձեռք բերելու և հայրենիքի պաշտպանության համար
օգտագործելու համար:
Նույն նիստի ընթացքում
ցուցադրվեցին Հայ կամավորականների հավաքում Ժիրայր Սէֆիլյանի
և Վարդան Մալխասյանի ելույթները, որից հետո Մուշեղ Շուշանյանը դատարանի
ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վարդան Մալխասյանի խոսքը վերծանման
ժամանակ էապես խեղաթյուրվել է, օրինակ, "իրենց զենքով"-ի փոխարեն գրվել է "միայն
զենքով": Պաշտպանները դատարանի ուշադրությունը հրավիրեցին նաև այլ հանգամանքների,
հակասությունների և նախաքննական մարմնի միտումնավոր գործողությունների վրա:
Դատական հաջորդ նիստը տեղի
կունենա ուրբաթ, հուլիսի 13-ին:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|