Հաղորդագրություն

 Սեպտեմբերի 14-ին քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի գործով դատավարությունը: Մհեր Արղամանյանի նախագահությամբ գործող դատական կազմը ուժեղացված է վերաքննիչ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանով, որը մեկընդմեջ հանդես էր գալիս իրեն ակնհայտորեն ավելի հոգեհարազատ դասախոսի կարգավիճակով և փորձում էր իրավագիտության դասեր տալ դատապաշտպաններին: Վերջիններիս պատասխաններն ու առարկությունները լսելուց հետո, դահլիճը համոզվում էր, որ քրեական վերաքննիչ դատարանի դասախոս-նախագահը իր անհամեմատ երիտասարդ ընդդիմախոսներից շատ ավելի սովորելու բան ունի, քան սովորեցնելու:

Մեղադրող Արթուր Մկրտչյանի անտարբեր պասիվության ֆոնի վրա, նրա գործը փորձում էր կատարել նախագահող դատավորը, որը Վարդան Մալխասյանին հասցեգրված մեղադրական ենթատեքստ ունեցող հարցերի համար բազմիցս արժանացավ պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատողություններին: Վերջինս, անիմաստ համարելով դատարանի նախագահին բացարկ հայտնելը, առաջարկեց նրան հանդես գալ ինքնաբացարկով: Դատարանի վարքագծի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ դատավորները (բացի Արմեն Դանիելյանից) կարծես փորձում էին ինչ որ բան համոզել ամբաստանյալներին: Մասնավորապես, Վարդան Մալխասյանին փորձում էին համոզել, որ նա ինչ որ հանցանք է կատարել, իսկ Վահան Արոյանին` որ նրա կատարած հանցանքը իրենից հանրային մեծ վտանգ է ներկայացնում: Ընդ որում, երբ փաստաբանները ինչ-որ բանով խանգարում էին դատարանի նախանշած սցենարը, կամ երբ դահլիճը իր դժգոհությունն էր արտահայտում այդ կապակցությամբ, դա բավական նյարդայնացնում էր նախագահող դատավոր Արղամանյանին, ինչը անմիջապես արտահայտվում էր նրա դեմքի գույնի և ձայնի հիվանդագին փոփոխություններով:

Սակայն ներկաների գլխավոր դժգոհության պատճառը կապված էր անվտանգության նվաստացուցիչ միջոցառումների հետ: Նախ, հրապարակային դատավարությանը ներկա գտնվելու համար եկածները բախվեցին պետական սահմանից ավելի պաշտպանված դռանը, որով անցնելու համար պետք էր դատարկել գրպանները և պայուսակները: Արհեստական հերթ գոյացավ, ինչի արդյունքում մեծ մասը դահլիճ մտավ շատ ուշացած, իսկ ոմանք ընդհանրապես չկարողացան մուտք գործել: Իսկ ահա դատարանում հանկարծ պարզվեց, որ այս անգամ Ժիրայր Սէֆիլյանը և նրա բախտակից ընկերները ոտնաշղթաներով են: Այս փաստը շատ զայրացրեց ներկա հարազատներին և ընկերներին, պաշտպանները պահանջեցին ապահովել կողմերի հավասարությունը: Վեճը սպառնում էի մեծ չափերի հասնել, սակայն այն ընդհատվեց Ժիրայր Սէֆիլյանի կողմից` "պետք չէ, ամեն ինչ պարզ է" արտահայտությամբ:

Այնուամենայնիվ դատարանը բավական արագ է աշխատում և արդեն հասցրել է լսել բողոք բերող կողմերին, հարցաքննել է ամբաստանյալներին, նաև մերժել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Վահան Արոյանի մասը այս գործից անջատելու միջնորդությունները: Հաջորդ դատական նիստը նշանակվեց երեքշաբթի` սեպտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին:

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work