Լուրերի Արխիվ

 

Սեֆիլյանի կինը բացառում է իր ամուսնուն արտաքսելու հնարավորությունը 12 Դեկտեմբեր 2006

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ում Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր անցած շաբաթավերջին եւ ում արտաքսման մասին լուրեր էին շրջանառվում, դեռ Հայաստանում է:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնի ղեկավար Արծվի Բաղրամյանը` հավելելով, որ Սեֆիլյանի նկատմամբ «քննությունը ընթացքի մեջ է»:

Սեֆիլյանի արտաքսման հնարավորությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց նրա կինը` Հայաստանում Լիբանանի դեսպանի օգնական Նանոր Բարսեղյանը:

«Նախ` որովհետեւ իր [Սեֆիլյանի] անձնագրի ժամկետը վերջացած է. ոչ մի միջնորդական երկիր չի փոխադրի իրեն, որովհետեւ ուղիղ թռիչք չկա դեպի Լիբանան», - փաստարկեց նա:

Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին առաջադրվել է մեղադրանք Հայաստանի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի` «սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կոչեր անելու», հատկանիշներով: Այս հոդվածը զանգվածաբար կիրառվել է 2004 թվականին` նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության հանրահավաքների ժամանակ:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը պատահական չեն համարում նոր խորհրդարանական ընտրություններից առաջ այս հոդվածի «վերակենդանացումը»: Երեկ ուշ երեկոյան մոտ մեկուկես տասնյակ ընդդիմադիր քաղաքական ուժեր ընդունել են հայտարարություն` դատապարտելով «20-րդ դարի 37 թվականը հիշեցնող նողկալի գործելաոճի ցանկացած դրսեւորում»:

«Մենք պահանջում են անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ նրանց զինակիցներին: Պահանջում ենք նաեւ ՀՀ քաղաքացիություն շնորհել Ժիրայր Սեֆիլյանին` բացառելով նրա արտաքսումը Հայաստանից», - ասված է հայտարարությունում, որի հեղինակները մտադիր են այսօր այն ուղարկել Ազգային անվտանգություն ծառայություն, գլխավոր դատախազություն եւ նախագահի նստավայր:

Սեֆիլյանի ատաքսման դեմ Ազգային ժողովում ստորագրահավաք է սկսել պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը:

Աստղիկ Բեդեւյան

 

 

Երթի մասնակիցները պահանջեցին ազատ արձակել Սեֆիլյանին ու Մալխասյանին 22 Դեկտեմբեր 2006

Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանին ազատ արձակելու պահանջով ուրբաթ օրը Երեւանում անցկացված երթին մասնակցեց շուրջ 200 մարդ:

Երթի մասնակիցները Մերգելյան պուրակից ուղեւորվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենքը, այնտեղից` Հանրապետության հրապարակ:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Սեֆիլյանին ու Մալխասյանին կալանքի տակ են պահում «ոչ թե քննության շահերից ելնելով, այլ կազմակերպության անդամներին վախեցնելու նպատակով»:

«Հիմնական նպատակը Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին անհապաղ ազատ արձակելու պահանջը հնչեցնելն է` հնարավորինս կազմակերպված եւ վճռական ձեւով», - երթի նպատակը ձեւակերպեց Աղայանը: - «Պահանջը ակնհայտորեն անմիջապես չի ընդունվելու, բայց կարծում եմ, ի վերջո, այս ամեն ինչը [իշխանությունները] հաշվի են առնելու իրենց հետագա գործողություններում»:

Երթին մասնակցում էին «Քաղաքացիական անհնազանդություն» նախաձեռնության, «Հայրենիք ու պատիվ», «Նոր ժամանակներ» կուսակցությունների, տարբեր հասարակական կազմակերպությունների ու մտավորականության ներկայացուցիչներ:

Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը ձերբակալվել են դեկտեմբերի 10-ին` զինված ճանապարհով իշխանափոխություն նախապատրաստելու կասկածանքով: Դեկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանը երկու ամսով կալանելու մասին:

Էրիկ Ղազարյան

 

 

Ընդդիմադիրները դատապարտում են Սեֆիլյանի ձերբակալությունը 12 Դեկտեմբեր 2006

Մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ երկուշաբթի օրը խստորեն դատապարտեցին շաբաթավերջին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կատարված ձերբակալությունների մասին իրենք տեղեկացրել էին բոլոր կուսակցություններին, բայց որեւէ իշխանամետ ուժի ներկայացուցիչ չարձագանքեց հրավերին:

Չէր արձագանքել նաեւ «Ազգային միաբանություն»-ը:

Ըստ Արամ Կարապետյանի` ձերբակալությունների դրդապատճառները երկուսն էին. - «Մեկը ապագա ընտրություններն են, որտեղ իշխանությունը ցանկանում է ամեն գնով վերարտադրվել: Երկրորդը Լեռնային Ղարաբաղի հետ կապված գործընթացներն են` կարող են լինել այնպիսի պրոցեսներ, որոնք ձեռնտու չեն իշխանությանը»:

«Հասել է պահը, երբ մենք սթափվել ենք եւ զգում ենք, որ բաժակը լցված է եւ թափվում է», - ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կարծիքով, կատարվածը իշխանությունների «հերթական սխալն է». - «Ոչ թե վախի հասարակություն են ստեղծում, այլ ատելության հասարակություն իրենց նկատմամբ»:

Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, առաջին աստիճանի Մարտական խաչի շքանշանակիր է, ունի փոխգնդապետի կոչում:

«ՀՀ իշխանական բուրգը ամենաթողության եւ իրավական կամայականության հերթական անակնկալը մատուցեց հանրությանը: Հիմնազուրկ, մտացածին պատճառաբանությամբ ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, արցախյան ազատամարտի նվիրյալ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա մի քանի զինակիցներ: Դա թերեւս գործող վարչակարգի պատկերացրած ժողովրդավարության ցայտուն վկայություններից մեկն է», - ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում: - «Կուսակցությունը խորապես մտահոգված է եւ վճռականորեն դատապարտում է օրենքի անունից կատարվող ապօրինությունը, ինչը մոտեցող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ իր շրջանակներն ընդլայնելու միտումներ է դրսեւորում` վերահաստատելով խուճապի մեջ հայտնված իշխանակարգի հոգեվարքը»:


Աստղիկ Բեդեւյան

 

 

 

Ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը 11 Դեկտեմբեր 2006

Դեկտեմբերի 10-ին ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավարներից Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը:

Ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի` երկոշաբթի օրը տարածած հայտարարության, կազմակերպության ղեկավարները դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով:

Արդեն երկրորդ օրն է, ինչ Սեֆելյանը պահվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կազմակերպության փոխնախագահ Արմեն Եղյանը, բացի Սեֆիլյանից, անազատության մեջ են գտնվում կազմակերպության եւս 7-8 անդամներ:

«Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը Երեւանում եւ մի շարք մարզերում տեղի են ունեցել բազմաթիվ ձերբակալություններ այն կամավորականների շրջանում, ովքեր դեկտեմբերի 4-ին համաժողով անցկացրեցին՝ «Հայ կամավորականների համախմբում» ֆորմատում, եւ բացահայտորեն ծրագրեր առաջարկեցին, որը «Իրավունք» թերթում շատ մանրամասնորեն ներկայացվեց», - ասաց Արմեն Եղյանը: - «Մեղադրանքը բոլորին սա է՝ «դուք ձեր համաժողովի ժամանակ հնչեցրել եք կոչեր, որոնք ենթադրում են իշխանությունը բռնի զավթելու մեղադրանքներ»:

Ըստ նրա, մոտ երեք տասնյակ մարդկանց տներում կատարվել են խուզարկություններ՝ «իբր թե զենք հայտնաբերելու եւ այդ հեղաշրջման ծրագրերը հայտնաբերելու իմաստով»:

Ներկայացված մեղադրանքները Արմեն Եղյանը որակեց «սովորական անհեթեթություն»:

«Ուղղակի անհեթեթություն է՝ նման գնահատականներ տալ նրան, ինչ տեղի է ունեցել ժողովում եւ տեղ է գտել ժողովականների արտահայտություններում», - հայտարարեց Եղյանը: - «Մենք երկու ամիս առաջ ընդունել ենք կոչ-հայտարարություն, որը ընդամենը վերջերս բացահայտեցինք, եւ դա մամուլում գրավոր ներկայացված է: Իսկ եթե մեկ-երկուսի ելույթներում կարող էին իրենց ցանկացած մտքերը գտնել եւ նման որակումներ տալ՝ դա պարզապես, այս դեպքում, միանշանակ քաղաքական հետապնդման հանգամանք ունի իր մեջ»:

Ի պատասխան «քաղաքական հետապնդման» պատճառներին վերաբերող հարցի՝ Արմեն Եղյանը նշեց, որ Սեֆիլյանը վերջին տարիներին համակարգել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը, նաեւ «Հայ կամավորականների համախմբման» նախաձեռնողներից էր, ինչպես նաեւ մի նախագիծ ուներ, որը իրենք պատրաստվում են երեքշաբթի օրը բացահայտել. - «Ազատագրված տարածքների վերաբնակեցման եւ Ջավախքի զարգացման հիմնադրամ ենք գրանցել՝ կոչվում է «Արաքս-Կուր»:

«Գուցե այս նախագծերն են, որ իշխանություններին բացարձակապես ձեռք չեն տալիս», - ասաց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության փոխնախագահը: - «Եվ առանցքում լինելով Սեֆիլյանը՝ նրան մեկուսացնում են. գիտեք, որ նա քաղաքացիության պրոբլեմ ունի, բազմիցս դիմումները անարձագանք են մնում նախագահի կողմից, եւ գուցե վտանգ կա նաեւ նրան երկրից արտաքսելու»:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ հայտարարության բովանդակությանը, ապա դրանում, ըստ Արմեն Եղյանի, «մենք՝ հայ կամավորականներս, մեր պարտք ենք համարում, առաջին հերթին, չեզոքացնել այն վտանգը, որը կախված է, Արցախի մասով, ազատագրված տարածքների գլխին. իշխանությունները տարածքային զիջումների մասին բացահայտ ասում են, մենք պատասխանատվություն ենք զգում եւ ոչ մի թիզ զիջելու հնարավորություն ոչ մեկին չենք տալու՝ դա մենք բացահայտ ենք ասում»: Եվ երկրորդը՝ «մեզ նաեւ պարտավորված ենք համարում մասնակցելու երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական, բարոյական գործընթացներին»:

«Կարծում եք, ձեր գործընկերների ձերբակալությունը մեծամասամբ կապված է տարածքների վերադարձմանը ընդդիմանալո՞ւ հետ», - այս հարցին նախաձեռնության փոխնախագահը պատասխանեց. - «Ես միանշանակ այդպես չեմ պնդի, բայց նաեւ այդ հանգամանքը շատ ամուր կերպով կա»:

Ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հաղորդագրության, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ այն մասին, որ Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա մի շարք կողմնակիցների նախաձեռնած այսպես կոչված «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպությունը, չունենալով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գրանցում, նպատակ է հետապնդել ՀՀ-ում առաջիկա քաղաքական գործընթացներին հակաիրավական, ուժային միջամտություն ցուցաբերել, մասնավորապես 2007 թվականին կայանալիք ընտրությունների ընթացքը ուղղորդել՝ դիմելով ծայրահեղական գործողությունների»:

«Դեկտեմբերի 2-ին, Երեւանի պարարվեստի ուսումնարանի դահլիճում կայացած փակ համաժողովի ընթացքում կառույցի որոշ ղեկավարների կողմից ՀՀ պետական իշխանությունը բռնությամբ, ուժային ճնշման, միջոցների մեջ խտրականություն չդնելով զավթելու, կոնկրետ գործողությունների դրդող հրապարակային կոչեր են արվել, հայտարարելով, որ պետք է միյան զինված պայքարով, ապստամբությամբ ազատվել գործող իշխանություններից» Ներկայացվել են այդ ուղղությամբ գործողությունների ծրագրեր», - ասված է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունում:

Ռուզաննա Ստեփանյան

 

 

Մտավորականների ֆորումի ավագանին պահանջում է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին 21 Դեկտեմբեր 2006

Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանին դատապարտում է Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի նկատմամբ «իշխանավորների կամակատար դատարանի» կայացրած կալանքի որոշումը եւ պահանջում բանտից անհապաղ ազատել նրանց:

Համաձայն Մտավորականների ֆորումի ավագանու՝ այսօր հրապարակած հայտարարության, այդ ձերբակալությունները «մեկ անգամ եւս հաստատում են հանրապետությունում ձեւավորված իշխանական ամենաթողության ու անպատժելիության, զազրելի անարդարությունների, հրահանգված դատավարությունների առկայությունը, արհամարհանքը հասարակական կարծիքի, մտավորականության ու մյուս կարող ուժերի տեսակետների նկատմամբ»:

«Իշխանական բուրգի կողմից արմատավորվում է վախի ու ավտորիտարիզմի մթնոլորտ, որն ակնհայտորեն միտված է առաջիկա ընտրություններում իշխանությունների վերարտադրվելուն, ժողովրդին եւ ազատամարտիկներին լռեցնելու ճանապարհով Արցախի հիմնախնդրում զիջումների գնալուն», - ասված է փաստաթղթում:

Մտավորականների ֆորումի ավագանին համոզված է, որ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերի» մեղադրանքը շինծու է, եւ դեկտեմբերի 9-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «իրավիճակից չբխող բիրտ մեթոդների» կիրառմամբ են ձերբակալել Սեֆիլյանին, Մալխասյանին եւ մի քանի տասնյակ ակտիվիստների:

«Հայրենիքի նվիրյալ ազատամարտիկներին Ամանորյա տոներին կալանքի տակ պահելը մեծագույն անբարոյականություն է», - ամփոփում են իրենց հայտարարությունը մտավորականները:

 

 

Հանդիպում Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի հետ

  16 ¸»Ïï»Ùµ»ñÇ, 2006

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ, աշխատանքային խումբ ստեղծվեցԵրևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ այցելելու նպատակով: Մեկուսարանում աշխատանքային խումբը հանդիպեց կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին և Վարդան Մալխասյանին : Աշխատանքային խումբը հետաքրքրվեց մեկուսարանում պահման պայմանների մասին:Կալանքի տակ գտնվողները մեկուսարանի պայմաններից և աշխատակիցների վերաբերմունքից դժգոհություն չհայտնեցին: Նրանց դժգոհությունը վերաբերում էր կալանքը` որպես խափանման միջոց կիրառելուն, , քանի որ գտնում են, որ ազատության մեջ գտնվելով որևէ կերպ չեն կարող ազդել հետաքննության ընթացքի վրա և հետևապես այն համարում են անհիմն: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով «Հայ կամավորականների համախմբման» հավաքում հնչած բոլոր ելույթները ձայնագրվել և պահպանվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչը վկայում է այն մասին, որ ազատության մեջ գտնվելով նա ոչ մի կերպ չի կարող ազդել հետաքննության արդյունքների վրա:

 

Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ երկամսյա կալանք սահմանվեց 

13 Դեկտեմբեր 2006

Ավելի քան 7 ժամ տեւած դռնփակ նիստում երեքշաբթի ուշ երեկոյան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, բավարարեց Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդությունը ,Ազատագրված տարածքների պաշտպանությունե հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին երկու ամսով կալանելու մասին:

,Ազատագրված տարածքների պաշտպանությունե նախաձեռնության ներկայացուցիչները ,ուղղակի ծիծաղելիե են համարում Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած պատճառաբանությունները եւ մեղադրանքները, թե Սեֆիլյանը պատրաստվում էր սահմանադրական կարգը բռնի ուժով տապալել: Նրանք պատրաստվում են առաջիկայում գտնել եւ հրապարակել այն հավաքի տեսագրությունը, որում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հավաստմամբ, Ժիրայր Սեֆիլյանը նման կոչեր է արել:

Սեֆիլյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի զենքի ապօրինի կրումը բացառվի, քանի որ այդ զենքը մարտական չի եղել, եւ Սեֆիլյանը այն ստացել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանից:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դատական դռնփակ նիստում պնդել են, թե զենքը պետք է հանձնվեր: Նրանք մտահոգություն են հայտնել նաեւ տան խուզարկության ժամանակ առգրավված փամփուշտների հետ կապված, սակայն Սեֆիլյանի ընկերները դա տարօրինակ են համարում, քանի որ նա նախկին ազատամարտիկ է:

Նախկին ազատամարտիկ, նույն հոդվածով ձերբակալված Վարդան Մալխասյանի նկատմամբ եւս դատարանը որոշել է երկու ամսով կալանք կիրառել:

Այդ դատավարությունը եւս կայացել է երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում: Թեեւ Մալխասյանի գործով որպես պաշտպան ներգրավվելու համար դատարան ժամանած փաստաբանը լրագրողների հետ միասին մինչեւ ուշ երեկո սպասում էր դատարանի դահլիճում, ,Ազատությունե ռադիոկայանը դատարանի նախագահ Ժորա Վարդանյանից տեղեկացավ, որ Մալխասյանի նկատմամբ դատավարությունն արդեն ավարտվել է:

Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը ձերբակալվել են դեկտեմբերի 10-ին, նրանց դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի (,ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերե) հատկանիշներով:

Աստղիկ Բեդեւյան

 

 














This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work