|
Խայտառակ Դատավարությունը Հուլիսի 2-ին

Հայաստանի
անկախացումից հետո առաջին զուտ քաղաքական դատավարությունը
Երկուշաբթի, հուլիսի 2-ին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվում է
աննախադեպ քաղաքական դատավարություն: Ժիրայր Սէֆիլյանը
և Վարդան Մալխասյանը արդեն յոթերորդ ամիսն է գտնվում են կալանքի տակ պետական
իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչեր անելու անհեթեթ մեղադրանքով:
Սրանից առաջ բոլոր քաղաքական դատավարությունները որոշ չափով ունեցել են նաև քրեական
բաղկացուցիչ, առկա է եղել որևէ հանցագործության կոնկրետ փաստ, և այդ
դատավարությունների քաղաքական բնույթը պայմանավորված է եղել միայն իրավապահ
մարմինների առանձնահատուկ վերաբերմունքով: Եղել են նաև գործիչների և շարքային
քաղաքացիների զուտ քաղաքական հետապնդումներ, որոնք սակայն երբեք չեն հասել դատարան:
Այս դեպքում Ժիրայր Սէֆիլյանը
և Վարդան Մալխասյանը դատի են տրվել բացառապես իրենց քաղաքական գործունեության համար,
նախընտրական գործընթացների և իշխանությունը անօրինական միջոցներով վերարտադրելու
համատեքստում:
Քրեական հետապնդման համար
առիթ է ծառայել "Հայ կամավորականների համախմբման" 2006թ դեկտեմբերի 2-ի հավաքը: Այդ
հավաքում Ժիրայրի և
Վարդանի ելույթները հրապարակված են և բոլորի համար ակնհայտ է,
որ իրականում, անգամ ամենակամայական մեկնաբանության դեպքում, այդ ելույթներում
հնարավոր չէ գտնել իշխանությունը բռնությամբ զավթելու որևէ կոչ: Միաժամանակ դրանք
պարունակել են շատ խիստ քննադատություն և մեղադրանքներ իշխանության և նրա առանձին
ներկայացուցիչների հասցեին, իշխանափոխություն իրականացնելու շատ մեծ ցանկություն և
անգամ ծրագիր, ներառյալ ընտրությունների նախօրյակին այդ նպատակով կազմակերպվելու և
համախմբվելու կոչերը: Այդ ելույթներին չի նախորդել և չի հետևել դրանցից բխող որևէ
անօրինական գործողություն: Մի խոսքով չկա հանցագործության փաստ և չկա հանցակազմ
մեղադրյալների գործողություններում: Սակայն, երբ չեկիստական պետությունում "քաղաքական
որոշում" է կայացվում, ապա իրավական փաստարկները ավելորդ են դառնում:
Ժիրայր Սէֆիլյանին
ներկայացված է նաև անօրինական զենք ունենալու և կրելու մեղադրանք: Ընդ որում խոսքը
գնում է մի զենքի մասին, որով Արցախյան պատերազմի ամենահայտնի զորամասերից մեկի,
իսկ հետո նաև ԼՂՀ բանակի 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատարը և Մարտական
խաչի ասպետը պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Նույն գործով մեղադրանք է
առաջադրված Ժիրայր Սէֆիլյանի
ծանոթներից մեկի, Արցախյան ազատամարտի մասնակից Վահան Արոյանի (Վանոյի) դեմ: Նա
զենքի մեծ սիրահար է և պատերազմի օրերին կուտակել է մի պատկառելի հավաքածու:
Օգտվելով իր բնակության շրջանի ոստիկանության հետ ունեցած լավ հարաբերություններից,
նրան հաջողվել է պահել իր հավաքածուն մինչև մեր օրերը և էլի երկար ժամանակ այդ
հավաքածուն նրանից չէր բռնագանձվի, եթե չեկիստները չորոշեին իրենց ստոր ծրագրերում
օգտագործել Վանոյի և Ժիրայրի ծանոթության փաստը:
Որպեսզի Վանոյի տանը,
տվյալ "գործի շրջանակներում", խուզարկություն անելու առիթ գոյանար, չեկիստները
նախապես կազմակերպում են տեղեկատվական արտահոսք Ժիրայր Սէֆիլյանի
ձերբակալության մասին: Այդ մասին ԱԱԾ աշխատակիցները հայտնում են Վանոյի ծանոթներից
մեկին, հետախուզական զորամասի հրամանատար ոմն Խաչիկին, ավելացնելով որ Ժիրայր Սէֆիլյանի
հետ կապված կարող են ձերբակալել նաև Վանոյին: Խաչիկը այդ մասին նախազգուշացնում է
իր ընկերոջը՝ կամ ցանկանալով օգնել նրան կամ կատարելով ԱԱԾ աշխատակիցների
հանձնարարականը: Վանոն իր հերթին, վստահ լինելով իր ոստիկան ընկերների վրա, չի էլ
կասկածում անձամբ իրեն սպառնացող վտանգի մասին և փորձում է օգնել իր երբեմնի
հրամանատարին: Նա նույն օրը նախազգուշացնում է Ժիրայրին սպասվող ձերբակալության
մասին, որին վերջինս այնքան էլ չի հավատում, որովհետև չի հասկանում, թե ինչ առիթով
պետք է իրեն ձերբակալեն: Սակայն Վանոյի երկրորդ հեռախոսազանգը, որի սղագրությունը
նախաքննական մարմինը չի կցել գործին, տալիս է նաև դրա բացատրությունը. "ձերբակալելու
են, որ արտաքսեն": Իրականում այս հեռախոսազանգերը անհրաժեշտ էին չեկիստներին,
որպեսզի նրանք երկու շաբաթ հետո Վանոյի տանը խուզարկություն իրականացնելու առիթ
ունենային:
ԱԱԾ պաշտոնական
հաղորդագրությունը պաշտոնական անբարոյության վառ օրինակ էր: "Ժիրայր Սէֆիլյանի
և Վարդան Մալխասյանի դեմ հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է Արարատի
բնակիչ Վահան Արոյանը, որի տանը խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի
զինամթերք…". ասվում է դրանում: Հետո ցուցադրվում և թվարկվում էին զինատեսակներ,
այդ թվում հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ և այլն, որպեսզի
տպավորություն ստեղծվի, թե Ժիրայր Սէֆիլյանը
իսկապես նախապատրաստվում էր զինված հեղաշրջում իրականացնել և ահա աչալուրջ
չեկիստները հայտնաբերել են նրա պահեստը: Իսկ այսօր քրեական գործի նյութերից ավելի
քան ակնհայտ է, որ դա ընդամենը զենքի սիրահարին պատկանող հավաքածու է, որը ներառում
է նաև ոչ ամբողջական, ինքնաշեն, կամ երկրորդ աշխարհամարտից մնացած նմուշներ, և որը
որևէ կապ չունի Ժիրայր Սէֆիլյանի
կամ նրա գլխավորած կազմակերպությունների հետ: Բայց այս պաշտոնական սուտը բավարար
եղավ, որպեսզի նախաքննական մարմինը հիմնավորի, թե ինչու է 6 ամիս քննում մի գործ,
որի քննությունը կարելի էր ավարտել 1 օրում: Այսօր էլ Վահան Արոյանի գործը չի
առանձնացվել և դատաքննության ժամանակ նա նստած է լինելու Ժիրայր Սէֆիլյանի
և Վարդան Մալխասյանի կողքին:
Պաշտոնական
հաղորդագրության մյուս անբարոյությունը Ժիրայր Սէֆիլյանի
Լիբանանի քաղաքացի լինելու մասին հիշատակումն է: Այն դեպքում, երբ Ժիրայրը մի քանի
անգամ դիմել է ՀՀ իշխանություններին իրեն քաղաքացիություն շնորհելու, իսկ մինչ այդ
մշտական կեցության կարգավիճակ տրամադրելու խնդրով և ստացել էր չհիմնավորված
մերժումներ: Լիբանանյան քաղաքացիության մասին հիշատակումը ոչ միայն Արցախյան
պատերազմի սփյուռքահայ հերոս-հրամանատարին վիրավորելու նպատակ ուներ, այլև
քարոզչական խնդիր էր լուծում, նախապատրաստելով նրա հավանական արտաքսման
հիմնավորումը:
Այսօր արդեն ակնհայտ է, որ
Ժիրայր Սէֆիլյանի
դեմ քրեական հետապնդում իրականացնելու դիտավորությունը առկա է եղել "Հայ
կամավորականների համախմբման" հավաքում հնչած նրա և Վարդան մալխասյանի ելույթներից
շատ առաջ: Դեռ 2006թ օգոստոսից հեռախոսային, իսկ հավաքից առաջ նաև դահլիճում
գաղտնալսումներ իրականացնելու պաշտոնական թույլտվություն է եղել: Դրանից առաջ էլ
ԱԱԾ-ն արտաքսման սպառնալիքի ներքո պահանջել էր Ժ.Սէֆիլյանից
"դադարեցնել իր հակապետական գործունեությունը":
Հայտնի ընդդիմադիր գործիչ
Վարդան Մալխասյանը առաջին անգամը չէ, որ հրապարակային "թունդ" ելույթներ է ունենում,
իշխանություններին կոչելով "հանցագործներ", "թուրքեր": Նա, Հայաստանի բազմաթիվ
քաղաքացիների նման, միշտ էլ այն համոզմունքին են եղել, որ "հանցագործ թափթփուկների"
դեմ պետք է պայքարել "իրենց զենքերով", "առանց միջոցների միջև խտրականություն
դնելու": Սակայն նրան ձերբակալեցին միայն 2006թ դեկտեմբերին, Ժիրայր Սէֆիլյանի
հետ միաժամանակ, խարհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ, նախքան "Հայ
կամավորականների համախմբման" կայացումը, որպեսզի կամայական մեկնաբանելով նրա
ելույթը, այն կապեն նաև Ժիրայր Սէֆիլյանի
հետ:
Զենքի սիրահար Վանոն
նունյպես զոհ է գնացել Ժիրայր Սէֆֆիլյանի դեմ պետության ծրագրած հանցագործությանը:
Նա դեռ երկար ժամանակ չէր ձերբակալվի, եթե չեկիստները չորոշեին օգտագործել Ժիրայրի
հետ իր ծանոթության փաստը, որպեսզի փորձեին նրան վերագրեել Վանոյի զենքի հավաքածուն:
Այս առումով Վահան Արոյանը քաղաքական բանտարկյալ կոչվելու նույքան իրավունք ունի,
որքան ասենք Արման Բաբաջանյանը, որի նույնպես կատարել է հանրային վտանգ
չներկայացնող որոշ հանցագործություն, սակայն ձերբակալվել է այլ՝ քաղաքական պատճառով:
Այսպիսով Արցախյան
ազատամարտի հերոս-հրամանատար, Հայոց բանակի սփյուռքահայ սպա, "Ազատագրված
տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնության և "հայ կամավորականների
համախմբման" համակարգող, "Արաքս-Կուր" հիմնադրամի հոգաբարձու խորհրդի նախագահ
Ժիրայր Սէֆիլյանի
և իր ընկերների դեմ պետական իրավապահ ծառայությունները, ի դեմ ԱԱԾ անունը կրող
չեկիստական կազմակերպության և դատական համակարգի ծրագրել և շարունակում են
իրականացնել հանցագործություն: Դրանում մասնակից բոլոր պաշտոնյաները՝ քաղաքական
պատվերը տվող "հայտնի զույգը", այն ուղղակիորեն և անուղղակի իրականացնող ԱԱԾ բոլոր
պաշտոնյաները, անհիմն մեղադրանքը պաշտպանող դատախազները, նախնական կալանքի անհիմն
որոշումներ կայացնող դատավորները մեղավոր են օրենքի, բարոյականության և ազգային
անվտանգության տեսանկյունից: Նրանք ամենասովորական հանցագործներ են, որ վաղ թե ուշ
պատասխան են տալու՝ լավագույն դեպքում օրենքի, վատագույն դեպքում Նրա առջև՝ Ում չեն
հավատում: Հանցագործությունը շարունակվում է:
Ժիրայր Սէֆիլյանի
և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտե
29 հունիսի 2007թ.
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|