1937-ի ուրվականը 71 տարի անց

Ժամանակ Երևան

Կ. Պետրոսյան

Իմ կարծիքով` փետրվարյան իրադարձությունները ամբողջովին մերկացրին իշխանություններին, ավելի ճիշտ` Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին` այն իմաստով, որ հստակ երեւաց, որ այս գործիչների ետեւում բացարձակապես ժողովուրդ չկա:

Իսկ մյուս կողմից էլ, որ նրանց վարած քաղաքականություն կոչվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ քարե դարի մարդու բնազդներին հագուրդ գալու ցանկություն: Նրանց կողմից իրադարձությունների ոչ ադեկվատ ընկալման մասին է խոսում ձեռնարկված քայլերի տրամաբանությունը: Այս մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ ջինը դուրս է թռել շշից եւ համառորեն փորձում են այն նորից տեղավորել նույն շշում` թվացյալ քաղաքական գործիչների շնորհիվ, մարդկանց աչքին թոզ փչելով: Այս օրերին հնչած երկխոսության եւ համախմբման կոչերը ոչ այլ ինչ են, եթե ոչ իրենց մերկ մարմինները ծածկելու միջոց, քանի որ քաղաքական երկխոսությունը ենթադրում է որոշակի սկզբունքների մշակում եւ դրանց հիմքի վրա ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնում, իսկ այս մարդիկ ճգնաժամի հաղթահարման ուղիները տեղափոխում են սովորական ապրանքափոխանակության կամ բազարի դաշտ, որի մի կողմում իրենք են եւ 1937թ. հիշեցնող իրենց դատախազները եւ ոստիկանները, իսկ մյուսում` քաղաքական ուժերը:

Այս օրերին հնչած բոլոր ոլոր-մոլոր խոսքերի իսկական իմաստը հետեւյալն է. ժողովուրդը ոչ մի դեպքում հրապարակայնորեն դժգոհելու իրավունք չունի:

Ցանկացած ժողովրդական դժգոհություն, եթե արտոնված չէ, ուրեմն անօրինական է, իսկ մեր երկրում անօրինական դժգոհությունը դավաճանություն է: Արդյո՞ք այս բոլորը չի հիշեցնում 1937թ.:

Ես շատ ուրախ կլինեի, եթե սխալվեի, բայց, ցավոք, լուրջ երկխոսության փոխարեն, ընտրեցին մահակը, որի մասին ամեն օր հիշեցնում էին: Ժողովրդի հետ խոսելու փոխարեն, նախընտրեցին սպառնալիքները եւ երբ հասկացան, որ այն չի գործում` դիմեցին մահակին:

Բայց քանի որ, որքան էլ ծանր էին մարտի մեկի իրադարձությունների հետեւանքները, այնուամենայնիվ կյանքը շարունակվում է, եւ ես փորձում եմ հասկանալ այս մարդկանց մտածողության ուղղությունը: Կարծում եմ, որ նրանք անկեղծորեն հավատում են, որ ով էլ գա իշխանության, իրենցից լավ չի կառավարելու, քանի որ չեն հասկանում, որ կան շատ մարդիկ, որոնք մտահոգ են մեր երկրի ճակատագրով ոչ պակաս, քան իրենք եւ տարբերվում են իրենցից միայն նրանով, որ ընդունակ են ինքնաքննադատության եւ երբեք էլ չեն մտածում, որ միայն իրենք են երկրի փրկիչը եւ ընդհանրապես փրկիչների չեն հավատում, այլ միայն ապավինում են իրենց ներքին զգացողություններին, փորձառությանը եւ գիտելիքներին եւ ընդունակ են ինքնաբացասման, քանի որ համոզված են, որ երկիրը ոչ թե կառավարում են, այլ ժողովրդին ծառայում: Այսպիսի զգացողությունը պայմանավորված է ժողովրդի նկատմամբ տածած հարգանքով եւ Աստծո օրհնությամբ նրան ծառայելու մղումով: Եվ իշխանությունները որքան արագ հասկանան այս պարզ ճշմարտությունները, այնքան լավ երկրի եւ իրենց համար, քանի որ գոնե  ես կարող եմ գնահատել նրանց իրենց դեռեւս չկատարած հիմարությունների համար:

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work