ԼՌԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՀԱՅՐԵՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ Է

ասում է ՀՈՒՊ քաղխորհրդի անդամ, քաղբանտարկյալ Վարդան Մալխասյան

 -Պարոն Մալխասյան, ինչպես եք գնահատում ներկա քաղաքական իրավիճակը:

-Մեր երկրում այսօր ժողորդավարության բացահայտ պատրանք է և իրականության լիակատար քողարկում: Մի կողմից փթթում է կաշառակերությունը, մյուս կողմից թմբկահարում են, թե իբր ամբողջ թափով պայքարում են դրա դեմ: Ասում են, թե իբր բացախոսություն է, խոսքի ազատություն, բայց ծեծվում են լրագրողներ, պայթեցվում է խմբագրատուն, փակվում է հեռուստաընկերություն, բոլոր հեռուստահաղորդումները գտնվում են տոտալ հսկողության տակ, իսկ ցուցադրածն էլ անարժեք է ու շինծու: Սամանադրության 27-րդ հոդվածում գրված է, որ քաղաքացին ունի խոսքի ազատության իրավունք , բայց թռուցիկ տարածելու համար պետությունը մարդու հետ հաշվեհարդար է տեսնում: Վարդանիկ կոչված քաղաքապետերի ենիչիները օրը ցերեկով սպանւմ են 12-ամյա հայ երեխային և, օգտվելով նրա ընտանիքի անպաշտպան վիճակից , ներկայացնում են , թե իբր երեխան ինքն է  իրեն սպանել: Իսկ զինված հաշվեհարդարի թմրամոլները պատժվուն են ընդամենը 1 տարվա ազատազրկմամբ : Ոստիկանությունում  սպանում են հայ մարդուն և դիակը լուսամուտից դուրս են շպրտում : Ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս , և հայտարարում են, թե ինքն է իրեն սպանել: Այդպես կարող եմ բերել հարյուրավոր օրինակներ` ցույց տալու համար, որ մենք ձևով ունենք Սահմանադրություն, բայց իրականում չեն հարգվում այդ հիմնական օրենքի նորմերը, չի հարգվում մարդը, չի հարգվում նրա ազատ խոսքի իրավունքը, որ մեր երկրում գործում են ոչ թե գրված օրենքները, այլ չգրված, քողարկված օրենքները, որ վերնախավն ապրում ու գործում է հենց այդ չգրված օրենքներով` ոտնահարելով մեր արժանապատվությունը, պղծելով ու ավերելով մեր երկիրը, որտեղ անարդարությունը դարձել է ուղղակի հոգեբանություն: Այս բոլորը տեսնելն ու լռելն այլևս դավաճանություն է կամ հայրենավաճառություն:

 

 -Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը , որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  ցանկանում է ծախել Հայաստանը:

-Այս հարցի պատասխանը վերջերս տվեց Ժիրայր Սեֆիլյանը մամուլում արած իր հայտարարության մեջ: Ես էլ, իմ հերթին , ասեմ , որ ԼՂ-ն ազատագրող նախագահը երբեք այն չի ծախի: ԼՂ-ն ծախում են նրանք , ովքեր անհեռատես , հակահայ քաղաքականությամբ իրենց խնամիներին ու մտերիմներին Հայաստանում պաշտոնների նշանակելով`  այսօր դատարկում են Արցախը : Ժողովրդից բռնազավթված իշխանությունը պահելու նպատակով այսօր Ղարաբաղը պատրաստ է հանձնել Սերժ Սարգսյանը: Նա է հայտարարել , որ “խաղաղությունը գին ունի”` այդպիսի գին համարելով ոչ թե բանակի ոգու և մարտունակության բարձրացումը , այլ տարածքների հանձնումը: Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է , որ պատերազմի ժամանակ  մենք ոչ թե հող էինք ազատագրում , կրակակետեր էինք ոչնչացնում. “ Ի՞նչ  ազատագրված տարածք, դա անվտանգության գոտի է: Ձեզանից ո՞վ կարող է ապացուցել , որ Աղդամը հայկական հող է եղել”: Նա , նույնիսկ ասել է , որ ճանաչում է Ադրբեջանի արածքային ամբողջականությունը: Նա արդեն որերորդ անգամ իր դավաճանական հայտարարություններով փորձում է կոտրել հայ ժողովրդի և բանակի մարտական ոգին , պարտվողական և խուճապային  տրամադրություններ է սերմանում բարձրագույն հրամանատարության և զինվորների շրջանում: Փաստորեն , սերժաքոչարյանական վարչախումբը մեր ժողովրդին ներշնչում է , որ Ղարաբաղը հնարավոր է հանձնել , մարդկանց գիտակցության մեջ սերմանում է հարցի նման լուծման հեռանկարի հնարավոր լինելը: Այս գիտակցությունը շատ վտանգավոր է նաև այնքանով , որ եթե որևէ մեկը երբևէ փորձի Ղարաբաղը հանձնել , մեր հասարակությունը , նման բնույթի հայտարարություններն անընդհատ լսելով , արդեն համակերպված կլինի փաստի իրավության հետ :  

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն ընդդիմադիր քաղաքական գործիչներին , որոնք որպես իրենց քննադատությունների հիմնական թիրախ ընտրել են Լևոն Տեր-Պետրոսյանին:

-Այդ   շինծու ընդդիմադիրների կամ , այդպես կոչված , դատարկ թմբուկների փայտիկները իշխանությունների ձեռքին են: Դրանց թբկահարելով` իշխանությունն ուղղակի իր խուճապի վայնասունն է բարձրացնում: Նրանք վերջին ճիգերն են թափում` Լևոն Տեր-Պետրոսյանի համախմբման շնորհիվ ձևավորված ժողովրդի ինքնաբուխ շարժումը թունավորելու համար, որը, սակայն, հակառակ  արդյունքն է բերում: Այդ քննադատությունների համար կեղծ ընդդիմադիրները նաև վարձատրվում են:

 

 -Պարոն Մալխասյան, ընդդիմադիր քաղաքական գործիչների մի մասը համոզված է , որ դաշտը բաժանվել է սևի և սպիտակի , իսկ որոշ քաղաքական գործիչներ էլ պնդում են , որ նման բաժանում գոյություն չունի: Դուք ինչպե՞ս եք կարծում , քաղաքական դաշտն այսօր ինչպե՞ս կարելի է բնութագրել:

-Արդեն մի քանի տարի է` մեր երկրում “քաղաքական դաշտ” հասկացությունը գոյություն չունի: Գաղափարախոսությունների շուրջ համախմբվելն անիմաստ է, իսկ ծրագրերի առումով հնարավոր է: Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է` սահմանադրական կարգի վերականգնում: Սա արդեն ծրագիր է, որի շուրջ արդեն համախմբում է տեղի ունենում : Իսկ այն, որ դաշտը բաժանվել է սևի ու սպիտակի , դրան չպետք է բացասական երանգ տալ , քանզի սպիտակը հենց ժողովրդային շարժման միասնական ճակատն է` Լևոնի գլխավորությամբ:Այսօր մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց միակ նպատակը պետք է լինի հուժկու շարժման միջոցով օր առաջ այս հակահայ վարչախմբից ազատվելը , որից հետո միայն կարող է լինել քաղաքական դաշտ , քաղաքական պայքար կամ նորմալ քաղաքական բանավեճ:

 

-Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չվերադառնար ակտիվ քաղաքականություն , ձեր դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրություններում ինչպիսի՞ն կլիներ:

  -Եթե Լևոնը չվերադառնար ակտիվ քաղաքականություն , չէր ձևավորվի միասնական ճակատ , և հերթական անգամ ընդդիմությունը տանուլ կտար: Արդյունքում , եթե հաղթեր Սերժ Սարգսյանը , ապա մեր երկիրը ոչ թե ժողովրդավարական , այլ անփոխարինելի կդառնային հանցանքների մեջ թաղված “ աստվածավախ”վարդանիկներն ու լիսկաները , մկներն  ու առնետները : Կունենայինք “ Մետրոպոլ ” կազինոներում խելակորույս գումարներ մսխող ու իրար վրա կրակող մականունավոր բութ ու տգետ պատգամավորներ , կունենայինք փողի համար երեխա առևանգող ու քաղաքապետի խնամի լինելու համար անպատիժ  մնացող կալանավայրերի վարչության ավազակապետ - գնդապետներ , կունենայինք մի երկիր , որն իրենից ներկայացնում է թմրամոլների խաղամոլների մի գողապետություն , որտեղ ժողովուրդը չի հավատում , չի վստահում իր առաջնորդ  կոչվածներին : Իհարկե , դրա հետևանքով կունենայինք նաև հուսալքություն ու արտագաղթ : Լևոնը հենց եկել է կանխելու մեր երկրի այս կործանարար ընթացքը , եկել է , որ մենք չկորցնենք մեր պետականությունը , որ մենք նորմալ զարգացման հնարավորություն ունենանք:                

ԼՈՒՍԻՆԵ  ԲԱՐՍԵՂՅԱՆ

 



















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work