|
Ժիրայր
Սէֆիլյանի պատասխանները "Առավոտ", "Հրապարակ", "Հայք", "Հայկական ժամանակ" թերթերի
և "Ա1+" էլեկտրոնային թերթի լրագրողների հարցերին
-
Ղարաբաղյան պատերազմի
հաջողությունների մեջ քիչ չէ ձեր եւ ձեր այն ընկերների վաստակը, որ այսօր
ազատազրկված են: Որն է լինելու ձեր առաջին քայլը ազատություն ստանալուց հետո:
Լինելու
է այն, ինչ փորձում էինք իրականացնել մինչև ապօրինի մեր ձերբակալումը: Այն ժամանակ
մեր նպատակը իր մեջ պարունակել է գլխավորապես երկու խնդիր. (ա) չթողնել հրեշավոր
մակարդակի հասած այս ռեժիմի վերարտադրվելը, (բ) ձևավորել հայկական բարոյական մի
շարժում, որից
պետք է ծնվի ապագա բարոյական
Հայաստանի կերտման գործում մեծ դերակատարություն ունեցող կազմակերպություն: Այսօր
մեր ունեցած առաջին խնդիրը ենթարկվել է մի փոքր փոփոխության` սրանց
վերարտադրությունը մեր կողմից կանխելու գործունեությունը վերափոխվելու է այսօրվա
ապօրինի և ոճրագործ ռեժիմին հեռացնելու գործունեության: Իսկ երկրորդ խնդիրը մնում է
անփոփոխ` մի տարբերությամբ: Այն է, որ մեր գործն այսօր դարձել է ավելի դյուրին:
Մենք միշտ ձգտել ենք մեր ապագա շարժումը ձևավորել երիտասարդության միջոցով,
զգաստացնել նրանց, որ եկել է երկրին տեր կանգնելու ժամանակը: Եվ այսօր, ի
ուրախություն մեզ, նորաստեղծ համաժողովրդական շարժման շնորհիվ դա արդեն
իրականություն է դարձել, որը մեր նպատակին ու գործունեությանը հավելյալ հույս ու
ոգևորություն է ներշնչում: Անշուշտ, ինչ որ ասում եմ, դա իմ սեփական կարծիքն է և
այն տակավին պետք է դառնա մեր համախոհների քննարկման լուրջ թեմա, որից և պետք է
ծնվի հավաքական որոշումը: Ուստի, ազատության մեջ հայտնվելուց հետո իմ առաջին
գործերից մեկը լինելու է կազմակերպել խորհրդակցական բաց հավաք, որին մասնակցելու
իրավունք են ունենալու բոլոր ցանկացողները: Այդ մասին մամուլով մենք տեղյակ կպահենք
մեր ժողովրդին:
-
Եվ ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն
նախընտրական շրջանում քննադատում էին իշխանություններին, բայց հետո նույն
իշխանության հետ կոալիցիա կազմեցին ու հայտարարում են, թե մարտյան դեպքերի
համար պատասխանատու ենք կամ բոլորս, կամ ընդդիմությունը: Սա քաղաքական ուժի
համար որքանո՞վ է նորմալ եւ բնական պահվածք:
Մեր պետականության նկատմամբ այս
ռեժիմի գործած գլխավոր հանցագործություններից մեկը ես համարում եմ այն, որ իսպառ
փոշիացվեց քաղաքական դաշտը: Այսինքն ռեժիմի տերերի հասկացողությունը եղել է այն, որ
իրենք են ամեն ինչ որոշողը: Այդ նպատակով նրանք ձևավորել էին այնպիսի
մի քաղաքական դաշտ, որի
առկայության պայմաններում հնարավոր լինի իրականացնել ինչ որ ցանկանան: Մինչև 2007թ
սեպտեմբերի 21-ը սրանք որոշում են ունեցել, որ խորհրդարանական ընդդիմությունը այլևս
պետք է լինի գրեթե հարյուր տոկոսով վերահսկելի: Այդ նպատակով ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն
գործուղղված էին ընդդիմության դաշտը գրավելու և դա նրանց գրեթե հաջողվեց` "Ժառանգությունից"
բացի, որևէ այլ ընդդիմադիր կուսակցություն ԱԺ մուտք չգործեց: Սակայն հանցավոր
ռեժիմի ծրագրերը գլխիվայր խառնվեցին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ
քաղաքականություն և բոլորիս հայտնի զարգացումների հետևանքով սրանք ստիպված եղան ետ
կանգնել այդ ծրագրերից ու իրար պինդ գրկելով ձևավորել հերթական արհեստական, շինծու
կոալիցիան: Բայց, չկա չարիք առանց բարիքի: Իր այս գործելաոճով ռեժիմը մեր ժողովրդի
համար պարզ դարձրեց, թե ով ով է
և բավականին հեշտացրեց
իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը ձևավորելու ուղղությամբ կատարվելիք մեր
աշխատանքները: Ելնելով այս իրողությունից, մեր բոլորի համար պետք է դաս լինի, որ
մեկ անձի շուրջ, փողի ուժի շնորհիվ ձևավորված կեղծ, պատրանքային կուսակցությունները
այլևս պետք է վերանան, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք դավաճանել են
իրենց իսկ կողմից հայտարարված առաքելությանն ու սկզբունքներին: Խամաճիկ
կուսակցությունները այլևս հնարավորություն չպետք է ունենան գործելու ապագայում
ձևավորվելիք քաղաքական դաշտում:
Ասպարեզից պետք է հեռանան
նաև նյութապաշտ, ընդդիմադիրի պատրանք ստեղծող, վաշխառու քաղաքական գործիչները,
որոնք զբաղված են ժողովրդին մոլորեցնող քաղաքական բիզնեսով: Իսկ թե ովքեր և ինչպես
են ձևավորելու Հայաստանի քաղաքական դաշտը, այդ մասին կարող եմ խոսել ավելի
մանրամասն, մեկ ուրիշ առիթով: Հիմա միայն մեկ հաստատում անեմ, որ այդ դաշտը
ձևավորողը չպետք է լինեն ոչ իշխանությունները և ոչ էլ իշխանամերձ շրջանակները, այլ
այն պետք է ձևավորվի հանրության բոլոր շերտերի մասնակցությամբ` լայն քննարկումների
արդյունքում:
-
Ոմանք հակված են ենթադրել, որ
ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը ռեպրեսիվ մեթոդների
կողմնակից չէ եւ ապրիլի 9-ից հետո չի շարունակելու Ռորեբտ Քոչարյանի մարտի 1-ին
սկսածը: Այս երկու գործիչներին էլ ճանաչում եք: Այս ենթադրությունը որքանո՞վ
իրական հիմքեր ունի:
Այս հարցին հակիրճ պատասխանելու
համար ասեմ, որ 10 տարուց ավելի է, ինչ վիշապը եկել ու նստել է մեր երկրի ու
ժողովրդի գոյատևման ու զարգացման աղբյուրի վրա և չի թողնում, որ սնվենք այդ
աղբյուրից: Այդ վիշապը երկգլխանի է` հանձինս Քոչարյանի և Սերժի:
-
Մարտի մեկի դեպքերից հետո
գերիշխող է դարձել այն տեսակետը, թե հիմա էլ "Լեւոնի կռիվը" չի,
հասարակությունը պայքարում է իր ազատությունների եւ իրավունքների համար: Այս
դեպքում ո՞րն է լինելու հասարակության հաղթանակը:
Մինչև մարտի 1-ը մենք, մեր
համախոհներով, բազմիցս հայտարարել ենք, որ որպես նախագահի թեկնածու Լևոն
Տեր-Պետրոսյանին պաշտպանելը չի նշանակում, որ պաշտպանում ենք նրա անձը, այլ
նշանակում է, որ այդ միջոցով ուզում ենք վերջ դնել այս հակահայ ռեժիմին և նրանով
պայմանավորված բոլոր արատներին: Կարծում եմ այդպես է մտածում նաև ժողովուրդը, որը
կդադարեցնի իր ակտիվ պայքարը միայն այս ռեժիմի վերջնական տապալումից հետո: Քանի դեռ
չեն նշանակվել նոր նախագահական ընտրություններ, ժողովուրդը չի հանդարտվելու: Եվ, որ
ամենակարևորն է, այդ ընտրությունները պետք է ընթանան առանց այս իշխանությունների:
Ես համոզված եմ, որ մենք դրան շուտով հասնելու ենք և դա լինելու է մեր ժողովրդի
հաղթանակը:
-
Նախագահական ընտրություններից
առաջ ձեր հարցազրույցներից մեկում, քիչ հավանական էիք համարել ձեր անազատության
մեջ մնալը մինչեւ նախագահական ընտրություններ: Սակայն արդեն երկորդ անգամ դուք
եւ ձեր բազմաթիվ մարտական ընկերներ, համախոհներ եւ քաղաքական ակտիվություն
ցուցաբերած այլ քաղաքացիներ Շուշիի ազատագրման տարեդարձը դիմավորում եք ճաղերի
ետեւում: Իշխանություննե՞րն են ձեզ եւ ձեր ընկերներին թերագնահատում, թե դուք`
իշխանություններին: Այս ընթացքում չեք զղջացել ձեր նվիրումի համար:
Այո, ես քիչ հավանական եմ համարել
մեր անազատության մեջ մնալը մինչև նախագահական ընտրությունները: Նման եզրահանգման
ես եկել էի ձերբակալության սկզբի ամիսներին, քանի որ այդ օրերի տեղեկությունների
վերլուծությունը բերում էր նման ենթադրության: Ակնհայտ էր, որ քաղաքական պատվերի
շրջանակներում մենք անհիմն ազատազրկվեցինք, որպեսզի 2007թ խորհրդարանական
ընտրություններին իրենց համար անցանկալի վիճակ չստեղծեինք: Սակայն, առ այսօր
կալանքի տակ ենք, քանի որ քոչարյանների տեսակը որոշումներ կայացնելիս չի
առաջնորդվում տրամաբանական գործողություններով, այլ իրենց հոգու խորքում կուտակված
հսկայական չափերի հասնող բացասական լիցքերով ու թույնով: Այս ամսին ես ասել էի նաև
մեր դատավարության ընթացքում, հրապարակել էի 4 տեղեկություն, որոնցից մեկը հետևյալն
էր. 2007թ հունիսի սկզբին Քոչարյանի աշխատակազմի պաշտոնյաներից մեկը փորձում է
ճշտել, թե
երբ է վերջ դրվելու մեզ հետ
կապված խայտառակ գործին: Քոչարյանը պատասխանել է. "Երևում է, որ մեկուսարանում նա
իրեն շատ լավ է զգում և օրը մեջ հայտարարություններ է անում: Եթե այդպես է, միգուցե
նրան պահենք մինչև նախագահական ընտրությունները": Ինչ վերաբերում է հարցի երկրորդ
մասին, թե այս ընթացքում արդյոք չեմ զղջացել իմ նվիրումի համար, փորձեմ պատասխանել
այսպես. եթե մարդ նվիրված է մի գործի, որի ճշմարտացիությանը հավատում է և որը
ծառայելու է օրինականության հաստատմանն ու համընդհանուրի բարօրությանը և այդ
պայքարում հալածվում է տարբեր տեսակի խեղված ու այլասերված մարդկանց կողմից, ապա դա
ավելի ու ավելի է հզորացնում հալածյալին, դարձնելով նրան ավելի լուրջ ու
նպատակասլաց:
-
Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մասին բանաձեւը որքանո՞վ է Հայաստանի
քաղաքացիների շահերից բխում: Դեռ ինչքան պետք է ապավինենք Եվրոպային եւ արդյո՞ք
դրսի վրա հույս դնելը մեր խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ է:
ԵԽԽՎ ընդունած վերջին հայտնի
բանաձևը, այո, մասամբ բխում է հայերիս շահերից: Սակայն, անհրաժեշտ է քաջ գիտակցել,
որ եթե չլիներ մեր ժողովրդի անկոտրում կամքը, ապա ոչ մի բանաձև էլ չէր ընդունվելու:
Ուստի այս բանաձևի դրական շեշտադրումները պետք է դիտել ոչ թե որպես դրսից կիրառվող
ճնշման միջոց, այլ
մեր ժողովրդի արդար պայքարի
տրամաբանական հետևանք: Օտարի վրա մենք մեր հույսը չենք դրել և երբեք էլ չենք դնելու:
Այսօր, ի ուրախություն մեզ, սա գիտակցելով մեր ժողովուրդը շարունակում է իր
ազատագրական պայքարը երկրին տեր կանգնելու ուղղությամբ: Տեսնելով այդ օտարները,
ներառյալ Ռուսաստանը, ուզեն թե չուզեն, վերջիվերջո ենթարկվելու են մեր ժողովրդի
կամքին, որովհետև մեր երկրի տերը մենք ենք, մեր ժողովուրդը, այլ ոչ թե մի քանի
տասնյակ խեղված անհատներ:
-
Ոմանք կարծում են, որ Սերժ
Սարգսյանին նախագահի պաշտոնում պաշտոնավարելուն ոչինչ չի խանգարում: Ոմանք էլ
հակված են ենթադրել, որ պայքարը շարունակվում է ու նոր թափ հավաքում: Ըստ ձեզ,
որն է իրատեսական տարբերակը:
Ե նույնպես համոզված եմ, որ մեր
պայքարը շարունակվում է և օր օրի նոր որակ ու թափ է ստանում, որովհետև հավատով ու
հույսով ներշնչված մեր ժողովուրդն այսօր պատրաստակամ է հավաքականորեն տեր կանգնելու
իր իրավունքներին ու երկրին: Դրա վկան ու ապացույցն են չարաբաստիկ մարտիմեկյան
դեպքերը, երբ այս օտար ռեժիմի վարձկանները կրակեցին ժողովրդի վրա, նպատակ ունենալով
կոտրել նրա կամքը, իսկ ժողովուրդը նրանց պատասխանեց` վազելով կրակողներին ընդառաջ:
Կարծում եմ նման իրավիճակները նույնիսկ համաշխարհային պատմության մեջ հազվագյուտ
երևույթ են: Այսօր մենք ունենք նման բարձր մարտական ոգու ու մակարդակի տեր
ժողովուրդ, որը մերժում է ինքնհռչակ նախագահին: Եվ ես զարմանում եմ, թե այս
պայմաններում Սերժիկ Սարգսյանը ինչպես է շարունակելու իր պաշտոնավարումը: Նա և իր
ոհմակը պարտված են:
-
10
տարի հանրապետության նախագահի
պաշտոնը զբաղեցնելուց հետո, պաշտոնավարման վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը
չբացառեց Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հավանականությունը: Ի՞նչ է սա
նշանակում եւ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ի՞նչ
կունենանք:
Առիթից օգտվելով ես կուզեի այս
հարցին ավելի բովանդակալից պատասխանել, թե այն շրջանառության մեջ դնելն առհասարակ
որքանով է մեզ նպատակահարմար: Դրանից ամիսներ առաջ, մեր կողմից շատ հարգելի Րաֆֆի
Հովհանիսյանը նույնպես այս գաղափարը շրջանառության մեջ դրեց ԱԺ-ում: Իսկ իմ կարծիքը
հետևյալն է: Եթե գործը սահմանափակվելու է միայն այս օրենքի ընդունումով, այսինքն,
եթե Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը և դրանով հարցը փակված է համարելու,
ապա ես դրան դեմ եմ: Կողմ կլինեի, եթե այս քայլը ունենար իր տրամաբանական
շարունակությունը: Մասնավորապես դրանից հետո ԼՂՀ-ն, իր ներկայիս սահմաններով, պետք
է միանար ՀՀ-ին, տարածքի մեծության պատճառով վերածվելով երկու կամ ավելի մարզային
կազմավորումների: Բացի այդ, այս գործողություններին զուգահեռ պետք է ուղղել 1988թ-ի
սխալը և հանդես գալ Նախիջևանը Հայաստանին միացնելու պահանջով: Եթե սա չէ
առաջարկության տրամաբանությունը, ապա ես դեմ եմ դրան: Առանց նշածս քայլերի ստացվում
է, որ ԼՂՀ-ն անկախանում է ոչ թե Ադրբեջանից, որից վաղուց ազատ է, այլ Հայաստանից,
ինչը մեծ վնաս կհասցնի մեր ազգային միասնությանը: Առանց այս առաջարկությունների էլ,
վերջին տարիներին Ստեփանակերտի ղեկավարությունը շատ լուրջ է ընդունել անկախ
պետություն լինելու "փաստը": Սա, ի դեպ, հայաստանցի-ղարաբաղցի անբնական հակասության
առաջացման արհեստական պատճառներից հիմնականն է: Հայերը, ապրելով իրենց հայրենիքում,
չեն կարող և չպետք է համարվեն տարբեր պետությունների քաղաքացիներ` աստիճանաբար
մոռանալով, որ Արցախը Հայաստանի մի մասն է: Ժամանակին ԼՂՀ-ն ստեղծողները մտածում
էին, թե դրանով միջազգային քաղաքական դաշտում խուսանավելու հնարավորություն են
ստեղծում: Իրականում այս անհեթեթությամբ մենք միայն մեզ ենք խաբում, իսկ միջազգային
հանրություն կոչվածը հարցը շարունակում է համարել հակամարտություն Հայաստանի և
Ադրբեջանի միջև և Արցախին որպես հակամարտության առանձին կողմ չի դիտարկում: Պետք է
վերջ տալ ազգային միասնությանը շատ վնասող
այս խեղկատակությանը, նոր
հանրաքվե անցկացնելով լուծարել ԼՂՀ-ն և ներկայիս սահմաններով միացնել ՀՀ-ին:
-
Շուշիի ազատագրման հերթական
տարելիցի օրը "Շուշիի" առանձնակի գումարտակի հրամանատարը նշում է անազատության
մեջ: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ վիճակը, ինչպես եք զգում ձեզ այստեղ:
Մեզ հետ կատարվածը անբարո և
հանցագործ իշխանությունների գործունեության օրինաչափ հետևանքներից պետք է համարել:
Սա նրանց ապազգային էությունը բացահայտող մեկ, բայց ոչ միակ փաստերից մեկն է: Մենք
շատ չենք դժգոհում մեր այս վիճակից, որովհետև զրկանքը տվել է նաև իր արդյունքը: Եթե
մինչև մեր ապօրինի ազատազրկումը ժողովրդի մեջ շատերը դեռ չէին ընկալում ռեժիմի
հրեշավոր բնույթը և եթե նրանց խոսքով համոզելը միշտ չէր, որ հնարավոր էր, ապա այսօր,
վերջին ամիսների զարգացումների ականատեսը լինելով, նույն այդ մարդիկ ընդունում են,
թե ինչպիսի հրեշավոր վիճակում է գտնվում սերժաքոչարյանական կառավարման համակարգը:
-
Այսօր քաղբանտարկյալի
կարգավիճակում են հիմնականում մարդիկ, որոնք անուրանալի ավանդ են ունեցել ԼՂ
ազատագրման եւ ՀՀ սահմանների պաշտպանության գործում: Ձեր վերաբերմունքն այդ
փասին: Ի՞նչ է սա նշանակում:
Հանձինս հայտնի զույգի, այսօր,
մեր երկրի կառավարման ղեկը գտնվում է մեր ազգի տականքի ներկայացուցիչների ձեռքին:
Եվ քանի որ այս մարդիկ սարսափում են հայու տեսակից, և այդ տեսակի դեմ անհույս
պայքարում, դիմելու են ամենատարբեր գործողությունների` առանց միջոցների միջև
խտրականություն դնելու: Սա է գլխավոր պատճառը, որ մինչև օրս մեր երկրում չեն
քաջալերվում և գնահատվում ազգային նպատակների կրող մարդիկ, պառակտվում են
ազատամարտիկների կազմակերպությունները և մոռացության են տալիս նրանց ավանդը:
Տաս տարի շարունակ ընդիմությունը
չէր կարողանում համախմբել մեր ժողովրդին և երբ դա տեղի ունեցավ պատերազմի
մասնակիցների զգալի մասը ժողովրդի կողքին էր և պատահական չէ, որ նաև հալածվողների
մեջ էլ նրանց թիվը փոքր չէ:
-
Ինչ գնահատական կտայիք
ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակին, հատկապես՝ մարտի 1- դեպքերին: Ի՞նչ
ազդեցություն ունեցան այդ դեպքերը ՀՀ-ի վրա:
Մարտիմեկյան իրադարձությունները
երկրի ներքին զարգացումների վրա ունեցան և դեռ կշարունակեն ունենալ շատ մեծ
ազդեցություն: Մեր ժողովուրդը երբեք չի ներելու այդ սպանդը կազմակերպողներին և ոչ
ոք անպատիժ չի մնալու: Տեղի ունեցածը ահավոր խորացրեց իշխանությունների և հայ
ժողովրդի միջև գոյացած վիհը: Այս ամենի տրամաբանական հետևանքը լինելու է ապօրինի
իշխանության վերջնական պարտությունը և ասպարեզից հեռացումը: Մարտիմեկյան ամոթալի
դեպքերը իհարկե շատ ծանր ազդեցին արտաքին աշխարհում Հայաստանի ունեցած
հեղինակության վրա: Մենք, որպես
հին քաղաքակրթություն
ունեցող ժողովուրդ, պետք է այսօր աշխարհին օրինակ ծառայենք մեր բարեկրթությամբ, այլ
ոչ թե բարբարոսությամբ:
Ինչ վերաբերում է ներքաղաքական
իրավիճակին, ապա մեր պետականության նկատմամբ այս ռեժիմի գործած գլխավոր
հանցագործություններից մեկը ես համարում եմ այն, որ նա իսպառ փոշիացրել էր
քաղաքական դաշտը, որպեսզի ամեն ինչ միայն իրենք որոշեն: դրան համապատասխան էլ
ձևավորվել էր կամակատար քաղաքական դաշտ: Մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը,
սրանք նաև խորհրդարանական ընդդիմությունը վերահսկելի դարձնելու ծրագիր ունեին: Այդ
հանձնարարությամբ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն գործուղղված էին ընդդիմության դաշտը գրավելու:
Սակայն ամեն բան տակնուվրա եղավ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ
քաղաքականություն: Ընտրություններում պարտություն կրելուց հետո, ռեժիմը ստիպված
եղավ հրաժարվել իր նախնական ծրագրերից ու լեգիտիմության պատրանք ստեղծելու համար,
չկայացած ընդդիմադիրների հետ իրար պինդ գրկած, ձևավորեցին հերթական արհեստական,
շինծու կոալիցիան: Դրանով ռեժիմը մեր ժողովրդի համար բացահայտեց, թե ով ով է և
բավականին հեշտացրեց իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը ձևավորելու
ուղղությամբ կատարվելիք մեր աշխատանքները: Ժամանակն է, որ բոլորը հասկանան, որ մեկ
անձի շուրջ, այդ անձի փողերի հաշվին ձևավորված կեղծ, պատրանքային
կուսակցությունները այլևս պետք է վերանան, ինչպես նաև այն կազմակերպությունները,
որոնք դավաճանել են իրենց իսկ կողմից հռչակված նպատակներին ու հավատամքին: Խամաճիկ
կուսակցությունները այլևս հնարավորություն չպետք է ունենան գործելու ապագայում
ձևավորվելիք քաղաքական դաշտում: Ասպարեզից պետք է հեռանան նաև նյութապաշտ,
ընդդիմադիրի պատրանք ստեղծող, վաշխառու քաղաքական գործիչները, որոնք զբաղված են
ժողովրդին մոլորեցնող քաղաքական բիզնեսով: Հայաստանի քաղաքական դաշտը չպետք է
ձևավորեն ոչ իշխանությունները և ոչ էլ իշխանամերձ շրջանակները: Այն պետք է ձևավորվի
հանրության բոլոր շերտերի մասնակցությամբ` լայն քննարկումների արդյունքում: Այդ
մասին դեռ առիթ կունենանք խոսելու:
-
Տեր-Պետրոսյանի ղեկավարած
համաժողովրդական շարժումը ինչ փոխեց երկրի ներքաղաքական կյանքում:
Կարելի է ասել, որ մեր երկրում
արդեն տարիներ շարունակ քաղաքական կյանք գոյություն չուներ, քանի որ բռնատիրական
ռեժիմը չի թողել, որ դա տեղի ունենա: Այդպիսի պայմաններում տեղի է ունենում մեկ այլ
գործընթաց` ժողովրդի համբերության բաժակը կաթիլ առ կաթիլ լցվում է: Ի զարմանս
շատերի, այս ռեժիմը վերջին ժամանակաշրջանում կատարում է այնպիսի քայլեր, որի
հետևանքով այդ բաժակի հորդումը դառնում է անխուսափելի: Համաժողովրդական շարժումը
բացահայտեց և արագացրեց այս գործընթացը: Հիմա նախահեղափոխական իրավիճակ է: Բացի այդ
շատ կարևոր եմ համարում այն հոգեբանական փոփոխությունները որ կատարվեցին շարժմանը
մասնակիցների և հատկապես երիտասարդության շրջանում` մասնավորապես սեփական ուժերի
նկատմամբ վստահության աճը:
-
Հաճախ է խոսք գնում, որ
ընդդիմությունն ու իշխանությունը պետք է երկխոսություն սկսեն: Դուք նման հիմքեր
տեսնո՞ւմ եք:
Եթե մինչև մարտի 1-ը այս ռեժիմին
մենք համարում էինք հակառակորդ, ապա մարտի 1-ի սպանդից հետո դրանց պետք է
վերաբերվել որպես թշնամիների: Սակայն սա չպետք է բանակցություններից հրաժարվելու
պատճառ հանդիսանա, քանզի բոլորին էլ պարզ է, որ բանակցությունների սեղանները
գոյություն ունեն հենց թշնամի կողմերի համար: Եվ հենց այս սեղանի շուրջ, թշնամու
աչքերին նայելով, ընդդիմության ներկայացուցիչները պետք է կրկնեն այն բոլորը, ինչը
որ մեր ժողովուրդը բարձրաձայն պահանջում է:
-
Ինչպես է Շուշիի ազատագրման
իրական հերոսներից մեկը, անազատության մեջ գտնվելով, արդեն երկրորդ անգամ
դիմավորում մայիսի 9-ի հաղթանակի օրը: Որքանո՞վ է դա բարոյական այս
իշխանությունների համար և ինչի՞ հետևանքն է դա:
Մեզ անհիմն անազատության մեջ
պահելը այս հանցագործ և ապազգային ռեժիմի գործունեության օրինաչափ հետևանքներից է:
Սակայն այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ իրավիճակում և եթե մինչև մեր ապօրինի
կալանավորումը ժողովրդի շարքերում քիչ չէին այն մարդիկ, որոնք տակավին չէին
ընկալում այս ռեժիմի օտարածին լինելը և եթե նրանց խոսքով համոզելը շատ դժվար էր,
ապա այսօր, հատկապես մարտիմեկյան դեպքերից հետո, նույն մարդիկ հասկացան, թե ինչպիսի
հրեշավոր վիճակում է գտնվում սերժաքոչարյանական կառավարման համակարգը: Ուստի մենք
չենք դժգոհում մեր այս վիճակից, որովհետև զրկանքը տվել է նաև իր արդյունքը: Դրա
ապացույցը մեր ժողովրդի և հատկապես երիտասարդության զարթոնքն է:
-
Եթե անցյալ տարի մայիսի 9-ը
անազատության մեջ դիմավորում էին երկու ազատամարտիկ, ապա այս տարի անզատության
մեջ են բազմաթիվ ազատամարտիկներ ինչպես եք գնահատում այդ տենդենցը:
Վերջին 10 տարիներին ընդդիմադիր
դաշտը այդպես էլ չկարողացավ համախմբվել ու համախմբել մեր ժողովրդին, որպեսզի նա տեր
կանգնի իր պետականությանը: Վիճակը այնքան վատացավ, որ այլևս առանց համախմբվելու
հնարաբվոր չէր, դա հասկացան ընդդիմադիրների ճնշող մեծամասնությունը` կեղծերին
չհաշված: Վերջապես հաջողվեց միավորվել և համաժողովրդական խաղաղ շարժմանը ռեժիմի
ջղաձիգ և վայրագ հակադարձումն էլ չուշացավ: Բնական է, որ ինչպես շարժման առաջին
շարքերում, այնպես էլ առաջնահերթորեն հալածվողների թվում պետք է լինեին պատերազմի
մասնակիցներ: Սակայն ասեմ, որ բազմաթիվ մարդկանց անազատության մեջ պահելը ուժի
արտահայտություն չէ, այլ սարսափի: Կարծում եմ, որ վիճակը բավականին հասունացած է և
դեպի վերելք տանող ճանապարհին հասնելու համար բան չի մնացել:
-
Դուք միշտ ասում էիք, որ
Շուշին մեր բոլորիս հայելին է: Վերջին տարիներին այդ հայելու մեջ ինչ-որ բան
փոխվե՞լ է, թե՞ ոչ:
Երկար տարիներ Շուշիի զարգացումը
անտեսելուց հետո, վերջապես, անտարբերության սառույցը շարժվեց: Ի ուրախություն
բոլորիս, անցած 1-2 տարվա ընթացքում տարբեր մտահոգ հայ անհատների ու հասարակական
կազմակերպությունների կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու դրական միտում եմ նկատում: (Շուշիի
զարգացման տելեմարաթոն և այլն): Եվ եթե շարունակենք Շուշին համարել մեր ազգի
հայելին, ապա զարմանալի զուգադիպությամբ կտեսնենք, որ նույնպիսի դրական միտում առկա
է մեր երկրի ներքին առողջացման ոլորտում` հայ ժողովրդի ցուցաբերած վճռականությունն
ու կամքը: Ի նկատի ունեմ վերջին ամիսներին ձևավորված համաժողովրդական շարժումը:
-
Շուշիի ազատագրման 16 տարին
մի շարք ազատամարտիկներ, այդ թվում Դուք` Շուշիի առանձնակի գումարտակի
հրամանատարը ((մեր սիրելի Ժիրոն()) դիմավորում ենք անազատության մեջ, ինչպե՞ս
եք գնահատում այս իրողությունը:
Գոյություն ունի իմաստուն մի միտք`
մինչև վիճակը շատ չվատանա, հնարավոր չի լինելու ճիշտ ուղու կամ ընթացքի մեջ մտնել:
Այս իմաստով առկա վիճակը ես համարում եմ օրինաչափ: Տեսեք, մինչև վերջին ամիսների
ապօրինի կալանավորումները մեր ժողովրդի շարքերում քիչ չէին այն մարդիկ, որոնք
տակավին չէին ընկալում այս ռեժիմի օտարածին լինելը: Այդ մարդկանց խոսքով համոզելը
շատ դժվար էր: Սակայն այսօր, այս բոլորը տեսնելով, նրանք հասկացան ու համոզվեցին,
թե ինչպիսի հրեշավոր մակարդակի վրա է գտնվում սերժաքոչարյանական կառավարման
համակարգը: Ուստի շատ պետք չէ դժգոհել մեր այս վիճակից: Զրկանքը տալիս է նաև իր
արդյունքը: Փաստը մեր ժողովրդի զարթոնքն է, երիտասարդության բարձր ակտիվությունը:
-
Դուք բազմիցս եք ասել, որ եթե
իշխանությունները ցանկություն ունենային, ապա կբնակեցնեին ազատագրված
տարածքները, ինչպես
նաեւ Շուշին:
Զինադադարից հետո 14 տարի է անցել, ինչո՞ւ մինչ օրս ազատագրված տարածքները
բնակեցված չեն:
Այո չեն բնակեցրել, որովհետև ոչ
միայն ցանկություն չեն ունեցել այն կատարելու, այլև միշտ պատրաստ են եղել զիջել այդ
տարածքները հակառակորդին: Եվ եթե մինչև 1999թ ազատագրված տարածքների վերաբերյալ
ծրագրերին տրվում էր հատուկ (բայց ոչ բավարար) ուշադրություն և հատուկ
արտոնություններ
վերաբնակիչներին, որի հետևանքով նրանց թիվը օր օրի ավելանում էր, ապա հայտնի զույգի
իշխանության օրոք կատարվեց ճիշտ հակառակը: Վերացնելով բոլոր արտոնությունները,
նրանք այդ գործի պատասխանատու նշանակեցին մեկին, որին դժվար է նույնիսկ մարդ
անվանել և կարճ ժամանակում վերաբնակիչների թիվը կիսով չափ կրճատվեց:
-
Քանի որ նախընտրական շրջանում
նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անընդհատ խոսում էին
Արցախյան պատերազմին իրենց մասնակցության մասին, կխնդրեինք ներկայացնել
յուրաքանչյուրի մասնակցությունը պատերազմին եւ մեր ձեռքբերումներին:
Դեռևս 2003թ. նախագահական
ընտրությունների նախօրյակին առիթ եմ ունեցել իմ կարծիքը արտահայտելու Արցախյան
պատերազմին Քոչարյանի մասնակցության մասին: Մասնավորապես ասել եմ, որ նա երբեք
առնչություն չի ունեցել ռազմական գործողությունների հետ, առավել ևս չի ղեկավարել
որևէ գործողություն: Ամբողջ պատերազմի ընթացքում ռազմաճակատի որևէ հատվածում ես
նրան չեմ տեսել և չեմ տեսել մի մարդու, որ կատարեր նրա հրամանները: Այսինքն որպես "վոյին"
ներկայանալու նրա ճիգերը լավատեղյակ մարդու մոտ կարող են միայն քմծիծաղ առաջացնել:
Իսկ ինչ վերաբերում է Սերժիկ Սարգսյանին, ապա նրա առնչությունը հիմնականում եղել է
թիկունքային գործունեությունը: Եվ, ի տարբերություն ռազմական այլ գործիչների, որոնք
պատասխանատու պաշտոններ էին ստանձնել իրենց վաստակի շնորհիվ, ապա Սերժիկ Սարգսյանը
զբաղեցրել էր բարձր պաշտոններ
միայն Երևանի ցանկությամբ
ու կարգադրությամբ: Եվ այդ բոլորը կյանքի կոչելու համար Երևանը դիմում էր հետևյալ
խորամանկ քայլերի` մինչև Արցախյան բանակի ձևավորումը և դրանից հետո էլ ՀՀ-ից
ինչպիսի նյութական միջոցներ, որ ուղարկվում էին դեպի Արցախ, ուղարկվում էին մի
մարդու հասցեով: Այդ մարդը Սերժիկ Սարգսյանն էր: Նման քայլի նպատակը նրան, որպես
ղեկավարի, հաստատելն էր ու նաև նրանից ուրիշների կախվածությունը ընդգծելը: Այսինքն
դաշտային հրամանատարները, իրենց նոր ձևավորված մարտական միավորների մատակարարումը
ապահովելու համար, ստիպված էին Սերժիկին դիմել: Եվ եթե Երևանը այս բանը արած չլիներ,
ապա այդ մարդուն բանի տեղ դնող էլ չէր լինի: Ուստի այսօր եթե փորձում են այս
մարդուն էլ որպես "վոյին" ներկայացնել, ապա դա ընդամենը սուտ է ու ոչ վաղ անցյալի
կոպիտ աղավաղում:
-
Այսօր հերոսների նկատմամբ
իշխանությունների քաղաքականությունը ինչպե՞ս է ազդում հասարակության
հոգեբանության վրա:
Ազդում է շատ վատ և նա իրեն
վիրավորված է զգում: Սակայն ինչպես վերևում եմ ասել, սրանք օգնում են ընդհանուր
գործին, զգաստացնելով մեր ժողովրդին, վերազարթնեցնելով նրա ազգային
արժանապատվությունը: Այս կուտակվող էներգիան հնարավոր չէ, որ ինչ որ մի պահի
չաղաղակի կամ չպոռթկա, որի արդյունքում մաքրագործումը անխուսափելի է լինելու:
-
Ընդհանրապես ինչպե՞ս եք
գնահատում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը:
Կարելի է ասել, որ մեր երկրում
արդեն տարիներ շարունակ քաղաքական կյանք գոյություն չունի, քանի որ բռնատիրական
ռեժիմը չի թողել, որ դա տեղի ունենա: Այդպիսի պայմաններում տեղի է ունենում մեկ այլ
գործընթաց` ժողովրդի համբերության բաժակը կաթիլ առ կաթիլ լցվում է: Ի զարմանս
շատերի, այս ռեժիմը վերջին ժամանակաշրջանում կատարում է այնպիսի քայլեր, որի
հետևանքով այդ բաժակի հորդումը դառնում է անխուսափելի: Ուստի իրավիճակը ես համարում
եմ նախահեղափոխական և ռեժիմի համար պայթյունավտանգ:
-
Ձեր կարծիքով մարտի 1-ի
դեպքերը ինչպե՞ս կանդրադառնան երկրի հետագա զարգացումների եւ Հայաստանի
հեղինակության վրա:
Մարտի 1-ը երկրի ներքին
զարգացումների վրա ունեցավ և դեռ կշարունակի ունենալ մեծ ազդեցություն: Այդ սպանդը
կազմակերպողներին մեր ժողովուրդը երբեք չի հանդուրժելու և չի թողնելու անպատիժ: Այս
դեպքը էլ ավելի խորացրեց իշխանությունների և հայ ժողովրդի միջև գոյացած վիհը: Այս
ընթացքի տրամաբանական զարգացումը լինելու է ինքնահռչակ իշխանության պարտությունը և
հեռացումը: Իսկ ինչ վերաբերում է մարտիմեկյան դեպքերի ազդեցությանը արտաքին
աշխարհում ունեցած մեր հեղինակության վրա, ապա կարող ենք հաստատել, որ դա մեզ համար
մեծ ամոթ էր: Վերջապես մենք, որպես հին քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ, պետք է
այսօր աշխարհին օրինակ ծառայենք մեր բարեկրթությամբ, այլ ոչ թե բարբարոսությամբ:
-
Մարտի 1-ից հետո
իշխանությունները խուսափում են պատասխանել այն հարցին, թե ո՞վ է կրակելու
հրաման տվել անզեն ժողովրդի վրա: Որպես պրոֆեսիոնալ զինվորական, ի՞նչ եք
կարծում, առանց վերադասի հրամանի, զինվորները կարո՞ղ էին ինքնաբուխ կրակել:
Ոչ, առանց վերադասի հրամանի չէր
կարող գոյություն ունենալ ոչ մարտական զենք, ոչ մարտական փամփուշտ և առավել ևս որևէ
կրակոց անզեն ժողովրդի վրա: Դա անառարկելի փաստ է: Սակայն ինձ մտատանջում է մի
հանգամանք, թե ովքեր էին այդ կրակողները: Առհասարակ բռնատիրական համակարգերում
այդպիսի արարքներ
կատարողները հիմնականում լինում
են վարձկանները և բռնատերերի համար երբեք էլ դժվար չի եղել նման մարդկանց
հավաքագրելը: Սակայն, եթե այդ կրակողները մարդիկ են, որոնք պաշտոնապես ծառայում են
մեր ուժային կառույցներում, ապա այս դեպքում մեր վիճակը շատ ավելի լուրջ է, քան
մենք պատկերացնում ենք:
-
Դուք դատարանում բազմիցս
հայտարարեցիք, որ ձեր նկատմամբ հարուցված գործը քաղաքական որոշում է: 2008թ.
ընտրական գործընթացներում Հայաստանում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ աճեց,
թեեւ իշխանությունները նրանց քաղբանտարկյալներ չեն համարում: Համատարած
ձերբակալությունները ինչո՞վ կարող են ավարտվել: Դուք Ձեզ շարունակո՞ւմ եք
քաղբանտարկյալ համարել:
Պատմության ընթացքում երբեք չի
եղել մի ռեժիմ կամ իշխանություն, որն ընդունի իր երկրում գոյություն ունեցող
քաղբանտարկյալների առկայությունը: Մեր ձերբակալումից անմիջապես հետո, հիշատակելով
համապատասխան փաստեր, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նկատմամբ կատարվածը զուտ
քաղաքական հալածանք է: Այդ օրերին, հիմնականում իշխանական շրջանակներից, գտնվեցին
քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք թերահավատորեն էին մոտենում մեր
ասածներին և ավելացնում էին, թե իբր այդ բոլորի մասին իրենց կարծիքը կհայտնեն
դատավճտից հետո: Սակայն, երբ ավարտվեց դատաքննություն կոչված բեմադրությունը, այդ
մարդիկ, չգիտես ինչու, առ այսօր ծպտուն անգամ չեն հանում: Այո, իհարկե, մենք
շարունակում ենք մեզ քաղբանտարկյալ համարել, և դա անառարկելի փաստ է: Մեր նկատմամբ
տեղի ունեցածը դասականորեն ընդունված քաղաքական հալածանք է, որի պատվիրատուներն են
Սերժիկն ու Քոչարյանը: Այս մասին նույնիսկ հաստատումներ են արել նրանց
մանկլավիկները: Ես նկատի ունեմ ԿԳԲ-ի քննիչներին, դատախազներին, դատավորներին …:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչով կավարտվեն այս օրերի համատարած ապօրինի
ձերբակալությունները, ապա ավելի ճիշտ կլինի նրանց անվանել ոչ թե ձերբակալվածներ,
այլ ուղղակի պատանդներ: Այդ քայլերով ռեժիմը նպատակ ունի համաժողովրդական շարժման
ղեկավարությանը
պարտադրել ընդունել իրենց
լեգիտիմությունը: Իմ կարծիքով այս ռեժիմը մերօրյա քաղբանտարկյալների խնդրին երբեք
հիմնավոր լուծում չի տալու և չի լսելու միջազգային հորդորներին: Սերժիկ Սարգսյանը
չի դադարեցնելու իր հալածանքները և երբեք չի գործելու օրենքի շրջանակներում:
Այս բռնաճնշումները
շարունակվելու են այնքան, մինչև որ քնից կարթնանանք ու կլսենք, որ Քոչարյանն ու
ՍԵրժիկը փախել են մեր երկրից:
-
Տարիներ շարունակ Դուք
բացահայտ հայտարարել եք, որ դեմ եք ազատագրված տարածքները հանձնելուն, իսկ ՀՀ
նախագահի ընտրություններից առաջ եւ հետո բոլորին կոչ էիք անում համախմբվել
Տեր-Պետրոսյանի շուրջ, որին ժամանակին նույնպես քննադատել եք: Ի՞նչն է պատճառը,
որ այսօր Դուք աջակցում եք Տեր-Պետրոսյանին: /ժիրո ջան, էս հարցին դու չես
պատասխանել, Վարդանն է պատասխանել, բայց ուզում եմ, որ դու էլ ասես/
Նախ ասեմ, որ 1998-ի սկզբին առկա
չէր այնպիսի մի վիճակ, որ Արցախի հարցի կարգավորման պատճառով Լևոնը հարկադրված
լիներ հրաժարական տալ: Համոզված եմ, որ նա բոլորովին այլ պատճառներով հրաժարական
ներկայացրեց, որի մասին այսօր հիշատակելը նպատակահարմար չեմ համարում: Եթե փորձենք
համեմատել մինչև 1998թ և դրանից այս կողմ, թե ինչպիսի փաթեթներ են դրվել
բանակցությունների սեղանին, ապա կնկատենք, որ նոր փաթեթը միշտ նախորդից վատն է
եղել: Սակայն չգիտես ինչու, այսօրվա ռեժիմի ջատագովները դրանք պարտվողական չեն
համարել: Լևոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն իրենց, օրին խոհեմություն և
համարձակություն ունեցավ բացահայտելու փակ-գաղտնի համարվող բանակցությունների միտքն
ու էությունը: Իսկ սրանք, կերպարանափոխվելով ազգայնականի կեղծ դիմակի ներքո,
ենթարկվեցին ՄԻնսկի խմբի եզրակացություն-հանձնարարությանը, թե "նախագահները պատրաստ
են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչ": Այդ մտքով Հայաստանի իշխանություններին
հանձնարարվեց նախապատրաստել մեր ժողովրդին ընդունելու այդ դժվարին զիջումները: Իսկ
ժողովրդին մշակելու պարտավորությունը ստանձնած հակահայ ռեժիմը, պաշտպանության
նախարար Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, օգտագործելով քաղաքական ուժերի,
զինվորականների, մտավորականների և այլոց կախվածությունը իրենցից, պարտադրեցին նրանց
պաշտպանելու տարածքային զիջումների գիծը: Ի տարբերություն սրանց, Լևոնը, Արցախի
հարցում, երբեք չի անցել քաղաքական բանավեճի սահմանը, իսկ այդ բանավեճում միշտ
հղում է արել Արցախի իշխանություններին ու ժողովրդին, ասելով, որ վերջին խոսքը
նրանցն է: Իսկ Քոչարյանի օրոք Արցախը ընդհանրապես դուրս եկավ գործընթացից և հարցերը
որոշում էին 2 մարդ: Եթե Լևոնի ժամանակ ազատագրված տարածքների վերաբնակիչներին
տրվում էր հատուկ, բայց ոչ բավարար, ուշադրություն ու արտոնություններ, որի
արդյունքում նրանց թիվը անընդհատ ավելանում էր, ապա սրանք կատարեցին ճիշտ
հակառակը, վերացրեցին արտոնությունները, վարչակազմի ղեկավար նշանակեցին մի մարդու,
որի` վերաբնակների նկատմամբ ունեցած ատելության պատճառով դրանց թիվը գրեթե կիսով
չափ կրճատվեց: Քաղաքականություն վերադառնալով, իհարկե, Լևոնը չի հրաժարվում իր
նախկին արտահայտություններից, սակայն ավելացնում է, որ այս իշխանությունների վերջին
10 տարիների ապիկար գործունեության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որ
"այսուհետև ադրբեջանցիները ոչ մի զիջման չեն գնալու: Ես չգիտեմ ինչ է հնարավոր անել
այս վիճակում…": Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանն ակնարկում է, որ չի շտապելու հարցը
լուծել, ինչը նշանակում է նաև հարցի լուծման ձգձգում: Իսկ ահա Սերժիկը շատ ակտիվ է
այս հարցում: Նա ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, որ տարածքները չենք
ազատագրել, այլ գրավել ենք, որ հետո առևտուր անելով հանձնենք: Նա նույնիսկ
Մոսկվայում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը, Բրյուսելում, բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, տառապելով
նախագահ դառնալու մարմանջով և առաջ ընկնելով ժամանակներից, նա հայտարարեց, որ ինքն
այսօր իսկ պատրաստ է ստորագրել առկա նախնական փաստաթղթի տակ: Իհարկե որևէ մեկի
համար վաղուց գաղտնիք չէ, որ այդ սկզբունքների առանցքը կազմում է ազատագրված
տարածքների հանձնումը հակառակորդին: Ես կտրուկ դեմ եմ այն մտքին, որ Լևոնը Արցախը
հանձնող նախագահ է: Դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Այո, նրա հետ
Արցախի խնդրում մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որից հիմնականը կայանում է
նրանում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք բանակցությունների սեղանին տեսնել
տարածքային զիջումների հետ կապված որևէ փաստաթուղթ: Միաժամանակ համոզված եմ, որ
Տեր-Պետրոսյանը և նրա համախոհները, որպես հայ մարդիկ, իրենց սրտի խորքումնույնպես
դեմ են տարածքներ զիջելուն, սակայն, ի տարբերություն մեզ, լինելով օգտապաշտ
(պրագմատիկ) գործիչներ, նրանք համոզված են, որ
առանց զիջումների խնդիրը
չի լուծվի: Հետևաբար, եթե նրանց ներկայացվի հարցի լուծման այլ ելք, որը հնարավոր
կդարձնի առանց զիջումների իրագործել Հայաստանը արտաքին շուկաների հետ կապող
երկաթգծի և այլ հաղորդակցությունների գործարկումը, ապա մեր կարծիքով իրենք
կհամաձայնվեն այդ տարբերակին: Իսկ կա արդյո՞ք հարցի լուծման այդպիսի տարբերակ: Այո,
կա այդ տարբերակը: Այս հակահայ վարչախմբին ասպարեզից հեռացնելուց հետո, մենք այն
կդնենք շրջանառության մեջ, որը համոզված եմ, որ միաժամանակ կարժանանա նաև մեր
ժողովրդի հավանությանը:
Այսօր, ի դժբախտություն մեզ, մենք
չենք կարող պետություն անվանել գործող կառավարող համակարգը: Ես համոզված եմ, որ
իշխանության գալով, Լևոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը:
Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը: Այսօր նրա
վերադարձին կողմ լինելը չի նշանակում կողմ լինել տարածքները զիջելուն: Կրկնում եմ,
որովհետև այս հարցը ներառնված չէ "ավգյան ախոռները մաքրելու" ծրագրում: Ուստի այն
վայրահաչությունները, թե իբր նա գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանք
են
և տգիտության արդյունք: Ամփոփելով
ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ հայկական ոչ մի իշխանություն չի համարձակվի
հակառակորդին հանձնել հազարավոր մարտիկների կյանքի և արյան գնով ազատագրված մեր
հայրենի տարածքները: Բայց եթե մի օր նման վտանգ առաջանա, ապա մենք մեր ժողովրդին
ոտքի կհանենք տարածքներ զիջող իշխանության դեմ:
-
Ի՞նչ խորհուրդ կտաք ժողովրդի
այն հատվածին, որը մինչ օրս դեռ փողոցում է եւ չի ընդունում 2008թ. նախագահի
ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները:
Նախ ողջունում եմ մեր ժողովրդի
այն հատվածին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին համաժողովրդական շարժման
հանրահավաքներին: Այս ռեժիմի տապալման միակ ձևը վճռականորեն խաղաղ հանրահավաքներն
ու երթերը շարունակելն է: Իսկ ովքեր կարծում են, որ այսպիսի գործողություններով
հնարավոր չէ հայտնի զույգին ծնկի բերել, ապա չարաչար սխալվում են: Մենք ` հայերս
մեր հույսը պետք է դնենք միայն ու միայն մեր վրա և պետք է ասեմ, որ միջազգային
տարբեր կենտրոնների արձագանքները նույնպես կախված են մեր գործողություններից: Եթե
մեր ժողովուրդը այս վճռականությամբ շարունակի պայքարել իր երկրին ու իրավունքներին
տեր կանգնելու համար, որին, իհարկե, չեմ կասկածում, ապա մեր տարածաշրջանով
շահագրգռված բոլոր օտար տերությունները ստիպված են լինելու ընդունել մեր ժողովրդի
կամքը: Այս հաստատումը մեր ժողովուրդը պետք է ընդունի որպես ճշմարիտ խոսք: Ուստի
այսօր յուրաքանչյուր հայ մարդ, որը մասնակից է բողոքի գործողություններին, պետք է
շատ լավ գիտակցի, որ ամեն ինչ կախված է հենց իրենից:
Պայքար,
պայքար, մինչև վերջ:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|