|
Ժիրայր Սեֆիլյանը
պատասխանեց ընթերցողների հարցերին
- Արդյո՞ք
հաղթանակի չհասած հավանական եք համարում Ձեր` Շարժումից հեռանալն ու
Համաժողովրդական Շարժումը լքելը։
- Ոչ, հավանական
չեմ համարում։ Ընդհակառակը, ջանք չեմ խնայելու, որ առկա համախմբումը մնա և
ընդլայնվի:
- Ի՞նչ եք
կարծում, արդյոք հանրահավաքներով կարելի է հասնել իշխանության սահուն փոփոխության։
- 2006թ
դեկտեմբեր 2-ի ելույթում, որը ինձ ձերբակալելու առիթ դարձավ, ես միտք էի հայտնել,
որ սրանք առանց արյուն թափելու չեն հեռանալու։ Այն ժամանակ մեր համախմբման
խնդիրներից մեկը դա կանխելն էր, որը ցավոք չստացվեց։ Սակայն մարտի 1-ի
ողբերգությունից հետո ստեղծվել է բոլորովին այլ վիճակ։ Արդեն արյունը թափվել է և
այդպիսով նրանք իրենց քաղաքական կարիերայի վերջակետն են դրել։ Անհնար է, որ
կարողանան մարսել մեր ժողովրդի ու աշխարհի աչքի առաջ կատարված սպանդը։ Ուստի,
սրանից հետո, խաղաղ հանրահավաքներով, շուտով հնարվոր է իշխանության սահուն
փոփոխություն։
- Դուք կո՞ղմ եք
Աբդուլա Գյուլին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը։
- Ոչ, ես դեմ եմ։
Սերժ Սագսյանի այս քայլը նմանների մեջ առաջինը չէ, որ նա անում է աշխարհի տերերին
դուր գալու և այդպիսով իր օրերը երկարաձելու նպատակով։ Սա չի կարելի համարել
քաղաքական կամ դիվանագիտական քայլ, այլ մակերեսային, էությունից զուրկ, պարզունակ
մի բան է, որը միայն վիրավորում է հայի արժանապատվությունը։
- Հայաստանի
առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 4-ի հանրահավաքին հայտարարեց օգոստոսի
մեկի հանրահավաքի և դրանից հետո Սարգսյանի հրաժարականը պահանջել Շարժման
մարտավարության մասին։ Կո՞ղմ եք այդ մարտավարությանը։
- Ընդհանուր
առմամբ կողմ լինելով այս մարտավարությանը, ես կուզեի, որ հանրահավաքները
հնարավորինս հաճախակի լինեն և մայրաքաղաքում, և շրջաններում։ Իսկ ինչ վերաբերում է
օգոստոսի 1-ին, ապա, այո, ես հնարավորություն տեսնում եմ, որ այդ օրը Սերժ
Սարգսյանի հրաժարականի արդյունավետ գործընթաց սկսվի։ Այսօրվա դրությամբ երկրում
առկա է երկիշխանություն։ Ժողովրդի իշխանությունը գտնվում է համաժողովրդական շարժման
ղեկավարության, իսկ պետության ղեկը` հակաժողովրդական ուժերի ձեռքին։ Այդ օրը
հնարավոր է քայլեր ձեռնարկել, որը քաղաքական իմաստով ավելի հստակեցվի փաստացի
գոյություն ունեցող երկիշխանությունը։
- Ի՞նչ եք
կարծում, արդյոք ներկայիս ընդդիմությունը իշխանության գալով կկարողանա ձեւավորել
այնպիսի կառավարություն, որը զերծ կլինի ներկայիս կառավարության թերություններից։
- Մենք բոլորովին
այն կարծիքին չենք, թե սրանց հեռանալուց հետո ամեն ինչ լավ է լինելու մեր երկրում։
Լավ լինելը կախված է բոլորիցս, թե ապագա իշխանություններից, թե ապագա
ընդդիմությունից, թե ժողովրդից։ Առհասարակ, եթե ժողովուրդը չի հասել այն
գիտակցության, որ իշխանությունները միշտ պետք է զգան նրա զգաստացնող շունչը, ապա
մեր երկրում որակական լուրջ փոփոխություններ սպասելը անիմաստ է։ Բայց ինձ թվում է,
որ մեր ժողովուրդն այսօր շատ մոտ է այդ գիտակցությանը և թույլ չի տա, որ
իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը նույնչափ թերություններ ունենա։
Ընդհանուր առմամբ, սրանց փոխարինող որևէ ուժ հաստատ սրանցից լավ է լինելու։
- Չե՞ք կարծում,
որ Դուք մարդկանց թյուրիմացության մեջ եք գցում, երբ ասում եք թե հայ ժողովրդի
կեղեքումը ընդամենը հայտնի զույգի նյութապաշտության հետևանք է։
- Հարցը միայն
հայտնի զույգի նյութապաշտությունը չէ։ Նրանց արատները բազմաթիվ են։ Բայց
ամենակարևորը, որ անցած տաս տարիների ընթացքում նրանք ստեղծեցին այնպիսի համակարգ,
որը ամբողջապես կենտրանցված լինելով իրենց` երկուսի ձեռքում, վերածվեց կեղեքման
ահռելի մեքենայի։ Մենք իհարկե երաշխավորված չենք, որ ապագայում նյութապաշտ
ղեկավարներ չենք ունենալու։ Ուստի, մենք պետք է ապագայում, ղեկավարներ ընտրելիս
առաջնություն տանք մարդկային որակին և հետո միայն գիտելիքներին ու փորձառությանը։
- Ինչու՞ հայ
ազգային ուժերը չունեն այնքան իմաստություն, խոհեմություն ու համբերություն,
որպեսզի ինքնուրույն կերտեն ամուր ազգային ընդդիմադիր այլընտրանքային դաշտ։
- Կարծում եմ, որ
հայ ազգային ուժերը ունեն և իմաստություն և խոհեմություն և տարիներ շարունակ փորձել
են քաղաքական դաշտում կերտել ազգային գաղափարական ուժ։ Սակայն վերջին տաս տարիների
փորձը ցույց տվեց, որ առկա համակարգը, իշխող ռեժիմը դա թույլ չեն տալու։ Ներկայիս
շարժումը ազգային գաղափարական ուժի կազմավորման հետ ուղակի կապ չունի, բայց եթե այն
հաջողության հասնի և ներկայիս համակարգը փլվի, ապա ազգային ուժերն էլ
ինքնակազմակերպվելու և քաղաքական դաշտում առաջատար դիրք զբաղեցնելու
հնարավորություն կստանան։ Մենք, համենայն դեպս, այդ ուղղությամբ աշխատում ենք։
- Ի՞նչ դեպքում
եք պատրաստ հետ վերադառնալ ՀՅԴ շարքեր։
- Ինձ միշտ
մտահոգել է այդ կազմկերպության` իր առաքելությունից շեղվելու փաստը, թե այն
ժամանակ, երբ շարքերում էի, թե այն ժամանակ, երբ շարքերից դուրս էի։
Դաշնակցությունը ազգային ծրագրեր իրագործելու բացառիկ ներուժ ունի։ Ուստի կարևորը
նրան իր առաքելությանը վերադարձնելու հարցն է, իսկ իմ շարքեր
վերադառննալ-չվերադառնալը ես երկրորդական խնդիր եմ համարում
- Ի՞նչ կարելի է
ակնկալել օգոստոսի 1-ից, ի՞նչ որոշակի սպասումներ կան այդ օրվա հանրահավաքից։
- Չորրորդ կետում
այդ հարցին պատասխանեցի։
- Լինելով
սփյուռքահայ՝ Դուք եկել եք հայրենիք երկրի ամենածանր՝ պատերազմի ու սովի ժամանակ։
Սակայն Դուք այլ ,պարգևատրումե ստացաք հայրենիքում։ Հիասթափվա՞ծ եք արդյոք։
- Ես և իմ
նմանները ինչ-որ կատարել ենք հայրենիքին ծառայելու համար, այդ բոլորը մենք արել ենք
առանց որևէ պարգևատրման ակնկալիքի։ Ուստի այս ռեժիմի ամոթալի վերաբերմունքը անձիս
նկատմամբ ինձ չեր կարող հիասթափեցնել, առավել ևս եթե նկատի ունենանք այն
հանգամանքը, որ ռեժիմի պարագլուխները ոչ մի կապ չունեն հայկականության հետ։
- Ինչպե՞ս եք
պատկերացնում ԼՂ հարցի լուծումը։ Ըստ Ձեզ՝ ԼՂ կարգավիճակի հարցն առաջնայի՞ն է
հայության համար, թե՞ ոչ։ Արդյո՞ք Հայաստանը կարգավիճակի հարցում պետք է նահանջի իր
սկզբունքային դիրքորոշումից, թե՞ ընդունի բանացությունների ձգձգման տարբերակը։
- ԼՂՀ հարցի
լուծում ասելով մենք բանակցություններ և պայմանագիր չենք հասկանում, այլ ազատագրված
բոլոր տարածքների ամբողջական բնակեցում և յուրացում, ինչպես նաև ադրբեջանական նոր
ոտնձգություններին դիմակայելու պատրաստություն։ Եթե կարգավիճակի հարց ասելով նկատի
ունենք ԼՂՀ անկախությունը, որը ըստ էության շատ ձևական է, ապա մենք դեմ ենք նաև այդ
ինքնախաբեությանը, որովհետև իրականում ոչ ոք դա լուրջ չի ընդունում։ Եթե
բանակցությունները ձգձգվում են, ապա դրա միակ նպատակը պետք է լինի շահած ժամանակը
հոգուտ տարածքները բնակեցնելուն օգտագործելը, եթե ԼՂՀ-ի անկախությունն ենք
ճանաչում, ապա դրա հաջորդ քայլը պետք է լինի նրա միացումը Հայաստանի
Հանրապետությանը` մեկ, իսկ ավելի լավ է, մի քանի մարզերի տեսքով։ Այլապես անիմաստ
են թե՛ ձգձգումը, թե՛ կարգավիճակը։
- Ի՞նչ չափով եք
Դուք հանդիսանում Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհը։ Ե՞րբ կարող են կիսվել Ձեր
ճանապարհները։
- Իմ և Լևոն
Տեր-Պետրոսյանի ճանապարհները չեն կիսվի, քանի դեռ մեր երկրում առկա է հանցագործ
ռեժիմ և ես էլ, ինքն էլ պայքարում ենք այդ ռեժիմը օր առաջ կազմաքանդելու
ուղղությամբ։
- Պարոն
Սեֆիլյան, ե՞րբ կլինի հեղափոխություն։
- Հեղափոխության
ժամկետների ամսին խոսելն անիմաստ է, պետք է ամեն օր աշխատել այդ ուղղությամբ։
Տևական աշխատանքի դեպքում հաղթական արդյունքն անխուսափելի է։
- Պարոն Սեֆիլյան,
Լևոն Տեր–Պետրոսյանի՝ հատկապես վերջին շրջանի մարտավարությունն ինչպե՞ս եք
գնահատում եւ Շարժման հետագա անելիքների հետ կապված ի՞նչ սպասելիքներ ունեք։
- Առհասարակ
շարժման ղեկավարության և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի որդեգրած
մարտավարությունը ես ընդունում եմ։ Հատկապես անթերի եմ գնահատում քաղաքական
կեցվածքը` թե ներքին ճակատում` զսպվածությունը, համբերատարությունը, թե արտաքին
աշխարհի հետ շփման բնույթը։ Միաժամանակ ունեմ իմ դիտողությունները` հիմնականում
կապված ներքին կազմակերպական խնդիրների հետ և այս մասին բարձրաձայնելը պետք չէ
քննադատություն ընկալել, այլ մտահոգություն, որի ուղղությամբ ես աշխատելու եմ,
փորձելուվ քչացնել այդ թերությունները։ Իմ կարծիքով պետք է շարունակել պայքարը
բացառապես խաղաղ միջոցներով, ժողովուրդը պետք է ուժեղացնի ճնշումը ռեժիմի նկատմամբ,
ավելի մեծ մասնակցություն բերի ապագա հանրահավաքներին, երթերին։ Այս բոլորից հետո,
ես համոզված եմ, որ այսօր չափազանց թուլացած ռեժիմը անխուսափելիորեն, շուտով
տապալվելու է։
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|