Հարցազրոյցներ

Գայանե Բաբայան, Փակագիծ

Ժիրայր Սէֆիլյան- Արցախյան պատերազմում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, "Մարտական Խաչ" Առաջին աստիճանի շքանշանակիր, 2001 թվականից "Ազատագրված տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնության ղեկավար: 

  1. Ինչ հոգեվիճակով եք դիմավորում Շուշիի ազատագրման օրը: Պատերազմելիս Կարող էիք պատկերացնել, որ կհայտնվեիք հայրենիքի բանտում:

Շուշիի ազատագրման օրը միշտ էլ երկակի զգացողություններ եմ ունենում և դա կապ չունի բանտարկության հետ, որի մասին երբեք չեմ մտածել: Շուշին մեր առաջին լուրջ հաջողությունն էր, որով պատերազմը ոչ թե ավարտվեց, այլ, կարելի է ասել, սկսվեց: Այն այսօր էլ անավարտ է: Երբ Շուշիի ազատագրման օրը տոնում են որպես հաղթանակի օր, մոռանում են, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Դրա վկայությունն են բանակցությունները, գրեթե ամայի ազատագրված շրջանները, նույնիսկ Շուշին, որ ուրվականների քաղաք է մինչ օրս: 

  1. Եթե ազատության մեջ լինեիք Դուք էլ ինչպես շատ ազատամարտիկներ, կաջակցեք Սամվել Բաբայանին:

Ես արդեն հանդես եմ եկել մի հայտարարությամբ, որում կոչ եմ ուղղել իմ համակիրներին, որ նրանք առաջիկա ընտրությունների ժամանակ իրենց քվեները տան Սամվել Բաբայանի գլխավորած "Դաշինք" կուսակցության օգտին: Դա հատկապես կարևոր եմ համարում այս օրերին, երբ Իրանի շուրջ տարածաշրջանային լարվածությունը չի պակասում, երբ ղարաբաղյան բանակցությունները հայտնվել են փակուղում և Արցախի մասին աննախադեպ վտանգավոր հայտարարություններ են հնչում: 

  1. Չեք կարծում, որ ձեր ձերբակալություններով իշխանություններին այնուհանդերձ հաջողվեց իրենց վերարտադրության հետ կապված հիմնական հարցերը լուծել:

Հայտնի է, որ "Հայ կամավորականների համախմբումը", որ մենք նախաձեռնել էինք անցած տարի, գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու առաքելություն ուներ: Ձերբակալությունների և այլ ճնշումների պատճառով մենք կաղացինք: Սակայն դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե իշխանություններին հաջողվել է լուծել վերարտադրության հետ կապված հիմնական հարցերը:

  1. Ձեր կարծիքով Ձեր ազատ արձակումը կկյանա միայն ընտրությունների հետ կապված բողոքի ցույցերը մարվելուց հետո, այսինքն՝ հունիսին: Մտավախություն չունեք, որ նախագահական ընտրությունների հետ կապված Ձեր արտաքսման որոշում կկայացնեն:

Նախաքննության ձգձգումների մեջ որևէ տրամաբանություն չկա: Չեմ կարող ասել, թե ինչ է լինելու: Արտաքսման հետ կապված մտավախություն միշտ էլ կա: Որքան մոտենում է այս պատմության հանգուցալուծումը, այնքան շատանում են այդ մասին խոսակցությունները: Զուգահեռաբար նաև ինչ-ինչ սպառնալիքներ են հնչում: Բայց ես Հայաստանից հեռանալու միտք չունեմ, իսկ կամքիս հակառակ դա անելը շատ դժվար է լինելու: Եվ, որպես ասածիս վկայություն, հայտնեմ, որ մոտ օրերս իմ լիազորված անձը հերթական դիմումն է ներկայացնելու` ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ: 

  1. Հայրենքիը Ձեր տեսակի՝ սփյուռքահայի կարիքը ունի՞:

Հայրենիքը հայ մարդկանց կարիք ունի՝ ոչ միայն ծագումով, այլ` էությամբ, որի աստվածը փողը չէ, որը կամավոր զինվոր է: Նա իր իրավունքները չի մուրում, այլ սեփական երկրում արդարություն հաստատելը իր պարտքն է համարում:

 



















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work