Հարցազրոյցներ

ԺԻՐԱՅՐ ՍԵ‎‎ՖԻԼՅԱՆ. ՀԱՅԵՐԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼՈՒ ՈՐԵՒԷ ԹԻԶ ՀՈՂ ԶԻՋԵԼՈՒ

  

 

 

 

 

Հարցազրույց Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ:

- Մայիսի 9-ը կերտած անձիք այսօր միասնական չեն, ավելին` քաղաքականության մեջ բարիկադների տարբեր կողմերում են: Որքան է մեղքի նրանց բաժինը, որ այսօր ունենք այս վիճակը:

- Այո, դժբախտաբար, այսօր մայիսի 8-ը (դա է Շուշիի ազատագրման իրական թվականը, այլ ոչ թե 9-ը) կերտած անձինք միասին չեն: Դրա գլխավոր պատճառը ես կհամարեի այդ օրերից մինչ մեր օրերը իշխող քաղաքական ղեկավարության ապազգային լինելը, որի հետեւանքով ձեւավորվեց մի համակարգ, որտեղ իշխում է նյութական աշխարհի արատավոր արժեքները: Հեշտ չէ մարմնավոր կյանքի գայթակղություններին դիմանալը: Այսպիսով դառնալով նյութապաշտության գերին, մարդիկ ծառայում են բուրգի գագաթին նստածներին: Առանձին մեղավորներ փնտրել պետք չէ: Մեզ մնում է տքնաջան աշխատանք այդ ճամբարում գտնվող հայ մարդկանց դարձի բերելու ուղղությամբ:

- Ձեր ձերբակալությունից հետո եղան վարկածներ, թե Ժիրայր Սեֆիլյանին լավագույն դեպքում ազատ կարձակեն 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Դուք հավանական համարո՞ւմ եք այս վարկածը:

- Հետեւելով այսօրվա իշխանությունների գործունեությանը, տեսականորեն, ոչ մի բան բացառել հնարավոր չէ: Սակայն այդ վարկածը ես հավանական չեմ համարում:

- Ինչպես եւ ինչ ուղղությամբ է փոփոխվել Հայ կամավորականների համախմբում, ազատագրված տարածքների պաշտպանություն նախաձեռնությունների գործունեությունը ձեր ձերբակալությունից հետո:

- Ուղղվածության ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Պարզապես ռեժիմի կողմից հալածվելով, կարելի է ասել, որ հայ կամավորականների համախմբման գործը կաղաց: Սակայն այս հալածանքը հնարավոր չէ, որ տեւական լինի: Գալու է պահը, որ մենք նորից աշխատելու ենք ու իրականացնելու ենք մեր առաջ դրված գլխավոր խնդիրը, որն է` ստեղծել Հայաստանում գաղափարապես կուռ եւ հզոր կառույց, որն անկեղծորեն կառաջնորդվի ազգային հոգեւոր եւ բարոյական արժեքներով, տեր կկանգնի հայկական իդեալներին՝ երկրի ներսում, թե արտաքին ճակատի վրա, հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իսկ "Ազատագրված տարածքների պաշտպանության" նախաձեռնությունը՝ այն նախկինի նման հետեւում է Արցախյան խնդրի շուրջ բոլոր զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում իր խոսքն ուղղում է ժողովրդին ու միջազգային հանրությանը՝ միշտ հիշեցնելով, որ հայերը ոչ մի դեպքում չեն համաձայնվելու հայապատկան որեւէ թիզ հող-տարածքի զիջելու որեւէ մեկին, շատ լավ գիտակցելով, որ դա է ոչ միայն Արցախի անվտանգության ապահովման, այլեւ ընդհանրապես հայկական պետության գոյության գլխավոր երաշխիքը:

09-05-2007 12:15:18 

 



















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work