|
|
|
Հարցազրոյցներ
http://demo.ktsurf.net
spc@ktsurf.net
ՎԱՀԵ
ԳՐԻԳՈՐՅԱՆ. "ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՄԻՄԻԱՅՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎՃԻՌ"
Շուշիի
առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, "Ազատագրված տարածքների պաշտպանություն"
հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանն արդեն ինն ամիս է
կալանավորված է: Այս օրերին նրա, ինչպես նաեւ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի
գործը գտնվում է վերաքննիչ դատարանում (դատը սկսվել է սեպտեմբերի 14-ին):
Ներկայացնում ենք "Դեմո"-ի բացառիկ հարցազրույցը Ժիրայր Սէֆիլյանի դատապաշտպան Վահե
ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
- Պարոն Գրիգորյան,
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ժիրայր
Սէֆիլյանին դատապարտեց մեկ եւ կես տարվա ազատազրկման: Ո՞ր մեղքի համար:
- Ժիրայր Սէֆիլյանին ներկայացված երկու մեղադրանքներն էլ անհիմն են: Նա ինքը
բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը պայմանավորված է
բացառապես քաղաքական շարժառիթներով, եւ կարծում եմ, որ անցած դատավարությունն
ամբողջությամբ հիմնավորեց Ժիրայրի խոսքերի իրավացիությունը:
Նա մեղադրվում էր 2 հոդվածներով: Առաջինը եւ հիմնականը, որի հատկանիշներով էլ հենց
հարուցվել էր քրեական գործը, ՀՀ քր. օր. 301 հոդվածն էր: Այն, մասնավորապես,
վերաբերում է ՀՀ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային
կոչերին: Մեղադրող կողմն ի սկզբանե պնդում էր, որ Ժիրայր Սէֆիլյանն այդպիսի կոչեր է
արել "Հայ կամավորականների համախմբման" դեկտեմբերի 2-ին կայացած հավաքի ժամանակ: Եվ
եթե Ժիրայրն իր այդ ելույթում ուղղակի չասեր, որ "զենքով հարցը լուծելը անիմաստ է
համարում", դատարանը հավանաբար նույնպես կհետեւեր նախաքննության մարմնի օրինակին եւ
կամայական մեկնաբանությունների հիման վրա մեղադրական վճիռ կկայացներ, ինչպես որ դա
արեց Վարդան Մալխասյանի դեպքում: Բարեբախտաբար, այդ մի քանի բառերը որեւէ այլ
մեկնաբանության համար տեղ չէին թողնում եւ անգամ մեղադրող դատախազը դատավարության
վերջում ընդունեց, որ Ժիրայրը բռնի իշխանափոխության ուղղակի կոչեր չի արել, եւ
միայն տրամաբանորեն վերլուծելով են իրենք նման եզրակացության եկել: Արդյունքում
առաջին ատյանի դատարանը ստիպված եղավ Ժիրայր Սէֆիլյանին արդարացնել այս հոդվածով:
Երկրորդ մեղադրանքը՝ ՀՀ քր.օր. 235 հոդվածի առաջին մասով է, որը պատասխանատվություն
է սահմանում անօրինական զենք եւ զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:
Այս հոդվածով առաջին ատյանի դատարանը մեղադրանքը հիմնավորված համարեց եւ որպես
պատիժ սահմանեց մեկ ու կես տարի ազատազրկում: Սակայն մենք այս մեղադրանքը նույնպես
հիմնավորված չենք համարում եւ վերաքննիչ դատարանից միմիայն արդարացման վճիռ ենք
ակնկալում:
- Ի՞նչ զենքի
մասին է խոսքը եւ որտե՞ղ է այն հայտնաբերվել:
- ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար 1998թ. մայիսի 20-ին, ԼՂՀ պաշտպանության
նախարարի թիվ 64 հրամանով Ժիրայր Սէֆիլյանը պարգեւատրվել է "Մակարով" տեսակի
ՌԿ-2291 համարի ատրճանակով, որը եւ առգրավվել է նրա աշխատավայրի խուզարկության
ժամանակ: Դրանից բացի, ըստ մեղադրանքի, նրա բնակարանում եւ աշխատավայրում
հայտնաբերվել են 92 փամփուշտներ, որոնց մեծ մասը "Մակարով" տեսակի ատրճանակների
համար նախատեսված փամփուշտներ են, իսկ 14-ը՝ տարբեր այլ տրամաչափերի փամփուշտներ:
- Բայց չէ՞ որ
այդ ատրճանակն օրինական է:
- Իհարկե՝ օրինական է: Մենք դատարանին ենք ներկայացրել երկու փաստաթուղթ: Դրանցից
մեկը ԼՂՀ ՊՆ վերոհիշյալ հրամանն է, մյուսը՝ այդ հրամանի հիման վրա հրթիռահրետանային
ծառայության տրամադրած ատրճանակի ապրանքագիրը: Իսկ ահա նախաքննության մարմինն այդ
հարցում շատ անբարեխիղճ է գտնվել եւ չի էլ ցանկացել պարզել զենքի օրինական լինելու
բավական ակնհայտ հանգամանքը: Ավելին, նախաքննական մարմինների հարցումներին ի
պատասխան՝ ԼՂՀ պաշտպանության բանակից ստացվել են իրականությանը չհամապատասխանող
բովանդակությամբ փաստաթղթեր: Նախ, 2007թ. փետրվարի 20-ին գեներալ Սեյրան Օհանյանի
ստորագրած գրության վերջում ասվում է, որ ՊԲ ՀՀՍ ծառայության ընդհանուր հաշվառման
փաստաթղթերում ՊՄ տեսակի ՌԿ-2291 համարի ատրճանակ չի հաշվառվում եւ ոչինչ չի ասվում
այդ զենքով Ժիրայրին պարգեւատրելու մասին: Սա չի բավարարել նախաքննական մարմնին,
որն ակնկալում էր Ղարաբաղից ստանալ այնպիսի պատասխան, որից կարելի լինի եզրակացնել,
որ Սէֆիլյանի հայտարարությունը ատրճանակի պարգեւ լինելու մասին սուտ է: Նրանց
երկրորդ հարցմանը պատասխանել է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ ՊԲ
սպառազինության շտաբի պետ, գնդապետ Միրզոյանը: Նույնը կրկնելով՝ նա ավելացրել է, որ
Ժիրայր Սէֆիլյանին ԼՂՀ ՊՆ-ի կողմից անվանական զենքով պարգեւատրման մասին որեւէ
տվյալ չկա: Նրա այդ պատասխանը միանշանակ հերքվեց դատարանին ներկայացված
փաստաթղթերով՝ ԼՂՀ ՊՆ հրամանով եւ զենքի տրման ապրանքագրով:
Դժվար է պատկերացնել, որ ԼՂՀ ՊԲ-ում հրազենի հաշվառումը այնչափ անփույթ է վարվում,
որ ՊԲ ՀՀՍ ծառայության պետը նախարարի հրամանի հիման վրա ապրանքագիր ստորագրի եւ դրա
մասին ծառայության համապատասխան մատյաններում գրառումներ չկատարի: Սա եւս հաստատում
է մեր պաշտպանյալի իրավացիությունը, որ նախաքննական մարմնի առջեւ խնդիր էր դրված
բոլոր միջոցներով, մինչեւ ընտրությունների ավարտը, կալանքի տակ պահել իրեն, եւ որ
ԼՂՀ բանակից կեղծ բովանդակությամբ տեղեկանքների ստացման պատճառները նույնպես
քաղաքական են:
- Եթե դուք
դատարանին ներկայացրել եք համապատասխան փաստաթղթեր՝ զենքի օրինական լինելու մասին,
այդ դեպքում ի՞նչ հիմքով է դատարանը դատապարտել Ժիրայր Սէֆիլյանին 235 հոդվածի
մասով:
- Վճռի մեջ մեր ներկայացրած փաստաթղթերին դատարանը ոչ մի գնահատական չի տվել:
Այնինչ դրանցով ակնհայտորեն հերքվում են ԼՂՀ ՊՆ Ս.Օհանյանի եւ ՊԲ սպառազինության
շտաբի պետ Միրզոյանի տված պատասխաններում առկա կեղծ տեղեկությունները: Ավելին,
դատավճռում վերջիններիս պատասխանները հիշատակվում են որպես մեղադրանքը հաստատող
ապացույցներ: Բացի այդ, խուզարկության արձանագրությունները, որոնցում հիշատակվում է
փամփուշտների առգրավման մասին, կազմվել են օրենքի պահանջների էական խախտումներով եւ
չեն կարող ապացույց համարվել: Սակայն, եթե անգամ դրանք ապացույց համարվեն, ապա
ստացվում է, որ մի շարք պարգեւների արժանացած պատերազմի վետերանին, զորամասի
հրամանատար սպային որպես պարգեւ ստացած զենքի եւ մի քանի տասնյակ փամփուշտի համար
դատապարտում են մեկուկես տարվա ազատազրկման:
- Իսկ ի՞նչ է սպասվում վերաքննիչ
դատարանում:
- Երբ գործը քաղաքական գունավորում ունի, դժվար է կանխատեսումներ անել, որովհետեւ
նման դեպքերում իրավական գնահատականները հետին պլան են մղվում: Այնուամենայնիվ,
զուտ իրավական փաստերի հիման վրա երկու հոդվածներով էլ մենք ակնկալում ենք միմիայն
արդարացման վճիռ:
Իրականում նախաքննության մարմինը բոլորից լավ գիտեր, որ Ժիրայր Սէֆիլյանին
ներկայացված մեղադրանքները շինծու են: Որպեսզի կարողանային նրան ամիսներ շարունակ
կալանքի տակ պահել՝ պետք էր ստել, չնկատել խնդրո առարկա ելույթում առկա այն խոսքերը,
որոնք միանշանակ հաստատում էին Ժիրայրի անմեղությունը, ինչպես նաեւ կեղծ
տեղեկանքներ կցել գործին զենքի վերաբերյալ:
- Այսինքն՝ կարելի է պնդել,
որ ԼՂՀ ՊՆ-ին եւ ՊԲ-ին ուղղված հարցումների պատասխանները նպաստել են Ժիրայր
Սէֆիլյանի կալանքի երկարաձգմանը եւ մեղադրական վճռի կայացմանը:
- Միանշանակ։
- Իսկ ԼՂՀ բանակի
ղեկավարությունը հիմա կարո՞ղ է ուղղել իր սխալը: Ուշ չէ՞:
- Երբեք ուշ չէ: Ատրճանակի օրինական լինելը անհերքելի փաստ է: Բայց ճիշտ կլիներ,
եթե ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը հետ կանչեր գործում որպես ապացույց հիշատակվող իր
գրությունները եւ դրանցում անհրաժեշտ ճշտումներ կատարեր: Բացի այդ, այն կարող էր
հանդես գալ որպես հեղինակավոր երաշխավոր, ինչը, ամենայն հավանականությամբ, կնպաստեր
Ժիրայր Սէֆիլյանի արդարացմանը եւ ազատմանը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|
|
|
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work
|
|