Հարցազրոյցներ

 

Արդյո՞ք նախապես համաձայնեցված է եղել Ժիրայրի բաց նամակը ձեր կազմակերպության այլ անդամների հետ: Բացի այդ, կասկածներ կան, որ ձեռագիրը իրենը չէ:

      Անկասկած է, որ "Առավոտում" տպագրված բաց նամակի հեղինակը Ժիրայր Սէֆիլյանն է: Հավանաբար կասկածների տեղիք են տվել հետևյալ երկու հանգամանքները: Մեկը, որ Ժիրայր Սէֆիլյանը բավական արագ է արձագանքել Ալեքսան Արձումանյանի` իրեն ուղղված նույնօրինակ նամակին, որովհետև իրականում այն ստացել էր "Առավոտում" տպագրվելուց մեկ օր առաջ: Մյուսը` որ այդ նամակը գրված է եղել Վարդան Մալխասյանի ձեռագրով, որը Ժիրայրի հետ գտնվում է նույն քրեակատարողական հիմնարկում: Ժիրայրը ստանում է բոլոր թերթերը և հաճախակի կապվում է մեզ հետ հեռախոսով, և այս առումով որևէ կեղծարարություն պարզապես հնարավոր չէ:

Հայտնի է ձեր դիրքորոշումը, Արցախի հարցում դուք քննադատել եք թե նախկին, թե ներկա իշխանություններին: Ինչքանո՞վ եք նորմալ համարում, որ Ժիրայրը այսօր կանգնում է նրանցից մեկի կողքին

      Ի՞նչ է նշանակում. "կանգնում է նրանցից մեկի կողքին": Չեմ կարծում, որ Ժիրայրի բաց նամակը, ինչպես նաև դրանից առաջ "Առավոտում" տպագրված նրա հարցազրույցը կարելի է այդպես որակել: Հատկապես դա այդպես չէ, եթե նկատի ունենանք թեկնածուների դիրքորոշումները Արցախի հարցում, բայց ոչ միայն Արցախի: Անկասկած է, որ Ժիրայր Սէֆիլյանը և նրա թիմակիցները, գաղափարական առումով, մնալու են արմատական ընդդիմադիրներ` թե Տեր-Պետրոսյանի, թե Սերժ Սարգսյանի, թե այլոց հնարավոր հաղթանակի պարագայում, որովհետև մենք ազգային պետության ուրիշ` եվրոստանդարտից շատ տարբերվող մոդել ենք պատկերացնում` այլ արտաքին, ներքին, մշակութային և տնտեսական քաղաքական կողմորոշիչներով:

      Սակայն, քանի որ ընտրությունն այսօր բոլորովին էլ գաղափարական հարթությունում չէ, որ տեղի է ունենում, իսկ ավելի ստույգ, փորձ է արվում ազատվել Ժիրայրի խոսքերով ասած "հանցավոր ռեժիմից", ուստի պետք չէ զարմանալ, որ այսօր նա ողջունում է "ավազակապետության" դեմ պայքարը և այդ ուղղությամբ` նախորդ տարիների համեմատ ավելի մեծ հույս ներշնչող զարգացումները: Դա, ի դեպ, շեշտադրված է ոչ միայն Ժ.Սէֆիլյանի, այլև Ա.Արզումանյանի բաց նամակներում, որոնցում հիշատակվում են գաղափարական հակասությունները, սակայն շեշտը դրվում է բոլոր գաղափարականների միավորման վրա` ընդդեմ բոլոր կեղծերի` կեղծ ազատականների ու կեղծ ազգայնականների, իսկ իրականում պետական հանցագործների դեմ: Հատկանշական է, որ այդ մասին խոսում են տրամագծորեն հակառակ գաղափարական ճամբարների ներկայացուցիչներ, որոնք քաղբանտարկյալ դարձան գործող վարչախմբի օրոք:

      Ժիրայր Սէֆիլյանի այս դիրքորոշումը նոր չէ: Հիշենք, որ 2003-ին նա նույնպես ընդդիմության միասնականության գործուն ջատագովներից էր, թեև ոչ Ստեփան Դեմիրճյանը, ոչ էլ Արտաշես Գեղամյանը նրա գաղափարակիցները չէին: Իսկ անցած խորհրդարանական ընտրություններից առաջ Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալեցին մի ելույթի համար, որում նա այնքան էր կարևորում ընդդիմության միասնական հանդես գալը, որ հակված էր անգամ պարտադրանքով միավորել քաղաքական ուժերին:

      Այն ինչ չհաջողվեց նախկինում, կարող է տեղի ունենալ այսօր: Կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը և հավանական հաղթանակը հնարավոր չէր լինի, եթե վարչախումբը ինքը չկազմալուծեր և լուսանցքային չդարձներ ընդդիմությանը: Այսօր այլևս մեծ ջանքեր չեն պահանջվում ընդդիմադիրներին համախմբելու համար, որովհետև տևական պարտություններից հետո էապես նվազել է գործիչների հավակնոտությունը: Առաջին նախագահի ֆիգուրը կարող է հույս արթնացնել ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի մոտ և պետք է ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դա անում է մեծ վարպետությամբ:

Բայց չէ՞ որ նախագահ դառնալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է իրականացնել 1997-ի իր փուլային ծրագիրը:

      Ոչ մեկին այսօր չի հաջողվի տարածքային զիջումներ կատարել բանակցությունների ընթացքում, ոչ փուլային, ոչ փաթեթային: Նման բան հնարավոր է միայն պատերազմական պարտության դեպքում: Մենք պայքարում ենք պարտվողական բոլոր կարգի դրսևորումների դեմ, որովհետև դրանք մեծացնում են նման պատերազմի հավանականությունը:

      Պարտվողականության առումով Սերժ Սարգսյանը ոչինչով չի զիջում իր հիմնական հակառակորդին: Եթե այս հարցում, նրանց մեջ պետք է ինչ-որ համեմատություններ անել, ապա նկատենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ին զիջումների մասին բաց խոսակցություն ծավալեց և դրա արդյունքում հեռացավ պաշտոնից: Ենթադրում եմ, որ բանավեճը սկսելիս նա չէր բացառում նման ելքը: Վերադառնալով, Տեր-Պետրոսյանը նախևառաջ հայտարարեց, որ այսօր ինքը Արցախի հարցի լուծում չունի, ավելացնելով, որ հնարավոր չէ որևէ լուծում առանց արցախցիների: Ժանրի կանոններին համաձայն նա այսօր ավելի չէր կարող նահանջել իր 1997-ի դիրքորոշումից:

      Իսկ ահա Սերժ Սարգսյանը երբեք բաց խոսակցության կողմնակից չի եղել: Իսկ նրա հրաժարականի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է: Նա միշտ կեղծ-հերոսական կեցվածք է ընդունել ամենախայտառակ տարածքային զիջումների մասին խոսելիս: Բացի այդ, երբ Մինսկի խմբի համանախագահները հանձնարարեցին ՀՀ ղեկավարությանը "նախապատրաստել հանրային կարծիքը" ցավոտ զիջումների, ապա Երևանում այս ամոթալի պարտականությունը ստանձնեց Սերժ Սարգսյանը և բոլորովին պատահական չէ, որ նա ավելի հաճախ էր հայտնվում մեր նախաձեռնության քննադատության թիրախում: Ավելին, Սերժ Սարգսյանը, օգտագործելով զինվորականության, մտավորականության, քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչների վրա ունեցած իր ստվերային ազդեցությունը, ստիպողաբար ներգրավում էր նրանց տարածքային զիջումները նախապատրաստելու և քարոզելու իր ծրագրերում, ինչպես 2005թ խորհրդարանական լսումների ժամանակ: Համեմատությունները կարելի է շարունակել և դրանք մեծամասամբ Սերժ Սարգսյանի օգտին չեն լինի: Սակայն չեմ ցանկանում միջամտել նախընտրական պայքարին, ոչ հոգուտ ինչ-որ մեկի, ոչ էլ ինչ-որ մեկի դեմ:

Բայց Ժիրայրը միջամտում է: Արդյոք բոլորն են ձեր կազմակերպությունում նրա հետ համամիտ:

      Այն, որ ես չեմ ուզում միջամտել ընտրարշավին, չի նշանակում, որ ես դեմ եմ, որ դա անի Ժիրայր Սեֆիլյանը: Այս հարցում մեր համակիրների կարծիքները նույնպես կարող են տարբեր լինել: Ոմանք կարևորում են օրինականության, քաղաքական դաշտի և քաղաքական երկխոսության վերականգնումը և այդ հեռանկարը մասամբ տեսնում են Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում: Մյուսները, մեր ժողովրդի մի ստվար հատվածի նման, հիմնավոր զգուշավորությամբ են վերաբերվում առաջին նախագահի վերադարձի հնարավորությանը: Կան այնպիսինները, որ չեն ուզում չարիքի փոքրագույն ընտրել և երրորդ տարբերակ գտնելու անհույս փորձեր են անում: Անձամբ ինձ, և ոչ միայն ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե մենք ինչպես ենք գործելու փետրվար 19-ից հետո, երբ նախագահ դառնա այս կամ այն թեկնածուն:

      Դեռ վաղ է վերջնական կանխատեսումներ անելու համար, բայց առաջին նախագահը շատ ինքնավստահ է գործում և նկատելի է, որ որոշ խուճապ է առաջացրել հակառակ ճամբարում:

 

 

 

 

 

 















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work