Հարցազրոյցներ

ARAVOT, ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

ՀԱՐՑԵՐ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ

  1. Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրն  է,  սակայն,  այս տոնի կապակցությամբ  պետական  մակարդակով կազմակերպված  միջոցառումների հրավիրատոմսերում նշված է, որ հրավիրում  են  մասնակցելու Հայկական բանակի հաղթանակի 15 ամյակին նվիրված  տոնակատարություններին, եւ ոչ մի խոսք չկա Շուշիի մասին: Որպես արցախյան պատերազմի հերոս, ինչպե՞ս եք  գնահատում Շուշիի  ազատագրման "մոռացումը":

      Առանց ավելորդ համեստության՝ ես ինձ համարում եմ Արցախյան պատերազմի մասնակից, բայց ոչ՝ պատերազմի հերոս: Մի ճշտում ևս՝ Շուշին ազատագրվել է մայիսի 8-ին, այլ ոչ թե՝ 9-ին: Ինչ վերաբերում է տոնակատարություններին, ապա այս մասին անցյալ տարիներին առիթ ունեցել եմ արտահայտվելու, ասելով, որ միջոցառումները միշտ էլ շոուի մակարդակով են եղել, բովանդակությունից, Էությունից զուրկ և ինչքան տարիները անցնում են, այնքան ավելի անհեթեթ պատկեր ենք ստանում, որովհետև կազմակերպիչները օր օրի հեռացել են այդպիսի տոների էությունը հասկանալուց ու հասել են այսօրվա ցավալի անփառունակ վիճակին: Պատկերացրեք, որ պատերազմի ընթացքին՝ 93-94թթ Շուշին ավելի շատ բնակիչ ուներ, քան այսօր: Տասնհինգ տարիների ընթացքում, եթե քաղաքական ղեկավարությունը հասկանար Շուշիի նշանակությունը, քաղաքը բոլորովին ուրիշ վիճակում կլիներ: Այսօր նա ավելի շատ նման է ուրվականների քաղաքի: Ուստի հրավիրատոմսում Շուշիի նշված չլինելը պետք չէ վիրպակ համարել, որովհետև կազմակերպիչների ոգիներում գոյություն չունի Շուշի-հայրենիքը: 

 

  1. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  հայտարարեց, որ  հայերն  իզուր էլ ձեւեր են թափում  եւ չեն հայտնում ժողովրդին, որ  արդեն կա  վերջնական  պայմանավորվածություն հանձնել տարածքները: Դուք տեղյա՞կ եք այդ պայմանավորվածության մասին,եւ ինչպես՞ եք գնահատում յոթ շրջանները այդ թվում նաեւ Քելբաջարը եւ Լաչինը   հանձնելու մասին  տեղեկությունները:

            Ալիևի "գաղտնազերծումը" մեր համար նորություն չէ: Որովհետև այդ բոլորի մասին նույնությամբ խոսվում էր Քի Ուեսթում: Այն ժամանակ էլ սեղանի վրա դրված տարբերակում նույնպես խոսվում էր տարածքների վերադարձման մասին և վեճ էր գնում միայն միջանցքի լայնության վերաբերյալ: Նույնն էր խոսակցությունը բանակցային հետագա բոլոր փուլերում: Այս "գաղտնազերծումը" երբեք պետք չէ պատահական համարել: Պետք է հասկանալ, որ այն ուղղակի կապ ունի ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումների հետ: Ինչպես բոլորս հիշում ենք, կայանալիք ընտրություններից ամիսներ առաջ Քոչարյանը իր հայտնի ելութում հանձնարարել էր քաղաքական ուժերին չշահարկել Ղարաբաղի հարցը: Դժբախտաբար, քաղաքական ուժերի մեծամասնությունը հիմնականում ենթարկվում է այս հրահանգին: Իշխանությունները չեն ուզում խոսել այս խնդրի մասին, որովհետև շատ լավ գիտակցում են, որի իրենք դավաճանական ընթացքի մեջ են, իսկ կրտսեր Ալիևը, տեսնելով այս բոլորը, որոշեց մի ապտակ էլ ինքը հասցնի Քոչարյանին: Եվ, եթե հանկարծ Երևանը պաշտոնապես հերքի այս ամենը, կարծում եմ այն ժամանակ հաջորդ ապտակը հասցնելու հերթը համանախագահներից մեկինը կլինի, որը կհավաստի Ալիևի խոսքի ճշմարտացիությունը: Իշխանությունների քաղաքականության շնորհիվ ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ տարածաշրջանում իր շահերը հետապնդող որևէ երկիր հանգիստ կարողանում է միջամտել մեր երկրի ներքաղաքական զարգացումներին: Այ ս’ա է իսկական դավաճանությունը:

            Վերջում ուզում եմ հավաստիացնել, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է որևէ տարածքային առևտրի: Ո’չ մի թիզ և վե’րջ: 

 

  1. Դուք ունեք բազմաթիվ  համակիրներ,  արդյո՞ք  ձեր  համակրներին ուղղորդելու եք խորհրդարանական ընտրություներում ընտրել այս կամ կուսակցությանը: Եթե այո, ո՞ր կուսակցությունն է դա լինելու:

Ապրիլի 26-ի հայտարարությունով անդրադարձել էի այս հարցին, հիմնականում ասելով, որ այսօր դժբախտաբար, ընդդիմադիր ուժերը ընտրություններին մասնակցում են իշխող վարչախմբի նախանշած սցենարով: Սակայն այս վիճակը մեզ չպետք է հուսահատեցնի և ես կոչ եմ անում մեր ժողովրդին, որ հնարավորինս գործուն մասնակցություն ունենա ընտրություններին` առաջին հերթին իր ձայնը չտալով իշխանական ուժերից որևէ մեկին: Միաժամանակ, գնահատելով տարածաշրջանային պայթունավտանգ վիճակը, մասնավորապես հարևան և բարեկամ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հայտնվելը փակուղում, ինչպես նաև ազատագրված տարածքների վերաբերյալ մեծ տերությունների աննախադեպ վտանգավոր հայտարարությունները, և մյուս կողմից, տեղյակ լինելով, որ այս վարչախումբը, իր աթոռը պահելու համար, պատրաստ է զիջել ամեն ինչ, կոչ եմ անում մեր ժողովրդին, առողջ քաղաքական ուժերին, իմ ընկերներին ու համախոհներին, որոնք մտահոգ են Արցախի ու Ջավախքի ապագայով, աջակցել "Դաշինք" կուսակցությանը և նրա առաջնորդ Սամվել Բաբայանին, որն ազատագրական պայքարի ամենադժվարին օրերին հանդգնեց ստանձնել բանակի հրամանատարության պատասխանատվությունը: Հայաստանի քաղաքական դաշտում որքան մեծ լինի Սամվել Բաբայանի և նրա ստեղծած քաղաքական միավորի ներկայության չափը, այնքան մեր բոլորի համար հեշտ է լինելու հերթական անգամ վիժեցնել մայիսի 12-ից հետո սպասվող դավադիր ծրագրերը:

 

  1. Ձեր կարծիքով ինչո՞ւ է Սամվել Բաբայանը մտել քաղաքականություն, եւ եթե մի քանի պատգամավորով  նա մտնի խորհրդարան, ի՞նչ  կարող  է փոխել ներքաղաքական կյանքում:

Կարծում եմ, որ Սամավել Բաբայանը 88-89թթ է, որ մտել է քաղաքականություն: Չգիտես ինչու ձևավորվել է մի թյուր կարծիք, թե զենքը ձեռքին հայրենիք պաշտպանողները քաղաքականությամբ չեն զբաղվում: Ես կասեի ճիշտ հակառակը: Այն մարդը, որ որոշել է կամավոր պաշտպանել իր հայրենիքը, պետք է շատ լավ գիտակցի, որ այդ պահից ինքը մտնում է մեծ քաղաքականություն: Իսկ ինչ վերաբերում է, թե մի քանի պատգամավորներով խորհրդարան մտնելուն, ապա կարծում եմ, եթե բոլոր ընդդիմադիրները միասին մեծամասնություն չեն կազմելու, այդ դեպքում ինչ-որ բան  փոխել հնարավոր չէ: Եթե ընդդիմությունը մեծամասնություն չկազմեց, ապա նշանակում է, որ ընտրությունները հերթական անգամ ամենակոպիտ ձևերով կեղծված են, որովհետև բոլորս էլ գիտենք՝ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը խիստ բացասական կարծիքի է գործող իշխանության նկատմամբ: 

 

  1. Ի՞նչպես եք գնահատում  ընդդիմության պահվածքը նախընտրական այս շրջանում, արդյո՞ք  երկրում կա արմատական եւ մինչեւ  վերջ գնալու պատրաստ ընդդիմություն:

      Մինչև վերջ պատրաստակամությամբ գնալու հույս ներշնչում է Նիկոլ Փաշինյանը, իր երիտասարդ ընկերների հետ միասին, որոնք կարողացան նաև նոր որակ մտցնել քաղաքական դաշտ: "Այլընտրանք" միավորման՝ ընտրություններին մասնակցելու մարտավարությունը ամենաճիշտն էր: Ի նկատի ունեմ ձևը, ոչ թե՝ գաղափարներն ու քաղաքական հայացքները: Այո, այսօր պետք է մի կողմ դնել ծրագրերն ու գաղափարները և ընդդիմադիրների միավորումը պետք է լինի մեկ մտքի շուրջ. մենք այլևս չենք թողնելու մեր հետ, մեր ժողովրդի հետ վարվել ստրուկի պես: Եթե համախմբվող ուժերի ղեկավարները ազնիվ են պայքարելու և, եթե պատրաստակամ են այդ նպատակին հասնելու ճանապարհին տարբեր բնույթի զրկանքներ կրել, գումարած՝ մի քիչ կազմակերպվածություն, ապա այդ ժամանակ կարելի կլինի հայտարարել, որ սրանց քշելը օրերի հարց է լինելու: Այս ռեժիմը նշածս որակի դեմը չի կարող առնել: Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ընդդիմությանը մայիսի 12-ից հետո պայքարը շարունակել միասնական ուժերով, մի կողմ դնելով բոլոր տեսակի տարաձայնությունները՝ բոլորն անխտիր:

 

  1. Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական  պահվածքը:

      Թատրոն է, որի ներկայացման անունն է Խեղկատակություն, մանավանդ, որ գլխավոր դերակատարը շատ ձախող դերասան է: Իսկ եթե ավելի լուրջ պատասխանեմ, կասեի, որ այդ մարդիկ ժողովրդին շփոթում են ոչխարի հոտի հետ: Նրանք վաղուց հատել են անբարոյության և անթույլատրելիի սահմանագիծը: Ցանկանում եմ հիշեցնել պարոնայք հանրապետականներին, որ "ժողովուրդ առաջնորդելը սուրբ գործ է և հնարավոր չէ համատեղել անբարոյականության հետ":

 

  1. ՀՅԴ-ն իր գրեթե  բոլոր  հանդիպումներում հայտարարում  է,  որ  եթե ուզում  ենք, որ պահպանվի Արցախի հաղթանակը, ուրեմն պետք  է, որ դաշնակցությունը իշխանություն լինի: Ձեր կարծիքով ինչո՞ւ են նման բաներ ասվում:

      Ինձ համար շատ խորթ է, որ ՀՅԴ-ն քարոզարշավով է զբաղվում, որովհետև Դաշնակցությունը մեր ժողովրդի համակրանք միշտ շահել է գործով, այլ ոչ թե խոստումներով. այն եղել է գործի կազմակերպություն: Ուստի ելնելով այն հագամանքից, որ մեծաքանակ, հսկայական պաստառների ու համերգների արշավը կարող է ունենալ ճիշտ հակառակ ազդեցությունը, այսինքն հակաքարոզչություն լինել, ապա շատ ավելի ճիշտ կլիներ, որ այդ ահռելի ծախսերը ուղղորդվերին դեպի Ազատագրված տարածքներ և Ջավախք, իրականցվեին վերաբնակեցման և զարգացման լուրջ ծրագրեր:

      Իսկ եթե իսկապես ուզում են իրենց ժողովրդականությունը վերականգնել, ապա խորհուրդ կտայի, որ հայտարարեին, թե որոշել են, որ այլևս չեն հանդուրժելու հայտնի զույգի բռնատիրությունը ու, միանալով ընդդիմությանը, վերջ տային այս խայտառակ վիճակին: Շատերն այն կարծիքին են, թե այլևս հնարավոր չէ կամ արդեն ուշ է Դաշնակցությանը պատկերացնել առողջ դաշտում, շեշտելով նրա ոտից գլուխ թաթախված լինելը իշխանական կեղտի մեջ: Ճիշտն ասած, ես այդ կարծիքին չեմ, և գտնում եմ, որ երբեք ուշ չէ:

 

  1. Ըստ ձեզ, ընտրություններից հետո ձեզ  ազատ  կարձակե՞ն:

            Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իշխանությունները կարծես չգիտեն, ինչպես վարտեն այս շինծու գործը, ապա դժվարանում եմ պատաասխանել այս հարցին:

            Սակայն, մեկ հաստատում կարող եմ անել. մեր անազատության ամեն մի ավելացող օր, ավելացնում է իրենց նկատմամբ ապագայում կիրառվելիք պատժաչափի խստությունը:

 

Շնորհակալություն եմ հայտնում Մարգարիտ Եսայանին իր շնորհավորանքների և մաղթանքների համար:

 

 



















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work