Հարցազրոյցներ

Հատուկ բարևներ Վիկային 

                                             ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ 

1.      Դուք միշտ ասում էիք, որ Շուշին մեր ազգի հայելին է: Այսօր՝ Շուշին ազատագրվելուց 15 տարի հետո, հայելու պատկերը չի՞ փոխվել: 

Ցավոք՝ ոչ , այն, ինչպես եղել է "ուրվականների քաղաք", այդպես էլ մնացել է: Այսօր փորձում են Շուշիի ազատագրման հոբելյանը օգտագործել նախընտրական քարոզչության համար և ինչ-որ շոուներ են կազմակերպում, բայց դրանից, ըստ էության, չի փոխվում արհամարհական վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է քաղաքի նկատմամբ: 

2.      Դուք անընդհատ խոսում էիք ազատագրված տարածքները եւ առաջին հերթին Շուշին վերաբնակեցնելու մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այն չի վերաբնակեցվում: 

Շուշին չի բնակեցվում, որովհետև Երևանում Հյուսիսային պողոտա է կառուցվում, որովհետև հայ ժողովրդի ոչ մեծ նյութական ռեսուրսները շատ աննպատակ են ծախսվում….  

3.      Որպես Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, 15 տարի առաջ կարո՞ղ էիք ենթադրել, որ Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելու եք ԱԱԾ-ի մեկուսարանում՝ ազատագրված տարածքները հանձնողների "գլուխնները ջարդելու" պատրաստակամության մասին հայտարարության համար: Ի՞նչ եք զգում այսօր:  

            Ցավոք, անակնկալի չեմ եկել: Արացախյան ազատամարտի շարժիչ ուժը Ազատագրական շարժման ողջ տարիների ընթացքում եղել է հայ ժողովուրդը, իր հավաքական կամքը, իսկ իշխանություններն այն ժամանակ, և, առավել ևս հիմա, միշտ էլ արտահայտիչը չեն եղել մեր ազգային նպատակների ու իղձերի:

            Արցախյան շարժումը ինչքան էլ հայրերիս սրտովն էր, բայց կարծում եմ որ այն այդ պահին սկսելը մեր կողմից չէր պլանավորվել: Եվ ինչ-որ տեղ անակնկալի եկած հայ ժողովուրդը չկարողացավ ձևավորել իր սեփական նպատակներն ու իդեալները իրականցնող իշխանություններ: Հայկական իշխանությունը չէր կարող չհասկանալ, որ Արցախյան պատերազմի վերջակետը պետք է դրվեր արևելյան Կուրի ճակատ հասնելով:

Այսօր էլ զգում եմ, որ Ազատագրված տարածքների պաշտպանությունը հայ ժողովրդից կպահանջի այն ջանքերը, որոնք գուցեև հավասարզոր են կլինեն այն ազատագրելու ջանքերին: 

4.      Մի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 1992, 93, 94 թթ-ին տարածքներն ազատագրողները գիտեին, որ հետո դրանք հետ են վերադարձնելու ԼՂՀ-ի կարգավիճակի դիմաց: Դա այդպե՞ս էր:   

Մի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ դա սուտ է: Պատերազմի ոչ մի մասնակից կյանքը ռիսկի չէր ենթարկի մի հողի համար, իմանալով, որ այն հետո պիտի դառնա սակարկության առարկա: Եվ ոչ ոք չէր համարձակվի նման հայտարարություն անել, որովհետև բոլորի ձեռքին զենք կար: 

 

5.      Սամվել Բաբայանը մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂՀ –ին առանչվող բոլոր հարցերը, ԼՂՀ ճակատագիրն որոշվում է Երեւանում, եւ այդ իսկ պատճառով նա այստեղ է: Ի՞նչ եք կարծում, ԼՂՀ-ի շահերը պաշտպանելու եւ խնդիրները լուծելու համար Երեւանում գործունեություն ծավալելը  լավագու՞յն տարաբերակն է: 

            "ԼՂՀ շահ", կարելի է ասել, ընդհանրապես գոյություն չունի: Կա հայ ժողովրդի շահ Արցախի հարցի վերաբերյալ, որը պետք է պաշտպանվի ամեն տեղ և առաջին հերթին՝ Երևանում: 

6.      Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելուց հետո ՀՀ կտեղափոխվի նաեւ Սեյրան Օհանյանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը: Դա չի՞ ազդի ԼՂՀ բանակի մարտունակության վրա: Արդյո՞ք ԼՂՀ-ն չի դատարկվում: 

            ԼՂՀ դատարկումը ֆիզիկապես և դատարկումը բարոյապես վաղուց է սկսվել: Դրա պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ՀՀ իշխանությունների վրա:

            Հայոց բանակի մարտունակությունը պայմանավորված է նաև ՀՀ և ԼՂՀ զինվորական առաջին դեմքերի անձանական բարոյական նկարագրերից: Կադրային այս կարգի փոփոխությունները էական ազդեցություն չեն կարող ունենալ բանակի այս կամ այն մասի մարտունակության վրա: 

7.      Շուտով ԼՂՀ-ում տեղի կունենան նախագահի ընտրություններ, Սամվել Բաբայանի անունից "Դաշինքի" խորհրդի անդամ Գնել Ղլեչյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ԼՂՀ նորընտիր նախագահը լինելու է ՀՀ իշխանությունների կամակատարը: ԼՂՀ-ում կամակատար նախագահը լինելու դեպքում՝ դա ինչպիսի ազդեցություն կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա:  

Պատերազմի ժամանակ եթե զինվորական հրամանատարությունը ինչ-որ տեղ կարողանում էր ինքնուրույն կեցվածք ունենալ, ապա այժմ այդ հանգամանքը իսպառ բացակայում է: Արցախի էական կադրային նշանակումները որոշվում են Երևանում: ՀՀ իշխանությունները որոշել են ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում էլ պարտադրեն իրենց թեկնածուին և դա չի կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա:    

8.      Այս պահին խուզարկությունների գործընթաց է սկսվել  "Քաղաքացիական անհնազանդություն" շարժման անդամների բնակարաններում: Նրանց՝ այդ թվում ԼՂՀ Երկրապահների միության նախագահ Արկադի Կարապետյանին, հրավիրել են հարցաքննության: Վերջինս ազատագրված տարածքները վերադաձնելուն կտրականապես դեմ արտահայտվողներից մեկն է: Ինչպե՞ս եք վերաբերում ԱԱԾ-ի սկսած այս նոր գործընթացին: 

Բոլոր այս խուզարկություններն ու ձերբակալությունները վկայում են մի բան, որ իշխող վարչախումբը այնքան էլ վստահ չի իր ուժերին, ամենուրեք սպառանալիք է տեսնում իր իշխանության նկատմամբ և բոլոր միջոցներով փորձում է դրանք չեզոքացնել: 

9.      ՀՀ նախագահի կոչով այսօր ՀՀ խորհրդարանի քարոզարշավի ընթացքում որեւէ մեկը չի խոսում ԼՂ հիմնախնդրի մասին: Այսինքն՝ հասարակությանը անհայտ է մնում, թե ԱԺ-ում հայտնվող այս կամ այն ուժը ինչպիսի դիրքորոշում ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս կվարվի: ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները այսօր հասարակության համար երկրորդական ե՞ն: 

Իսկապես, քչերն են իրենց դիրքորոշումն արտահայտել: Ոմանք ավելի լավ է չարտահայտեին (ՕԵԿ), իսկ ոմանք էլ՝ միայն նախընտրական շրջանում է, որ ազգային դիրքերից են խոսում (ՀՅԴ): Ակնհայտ է, որ քաղաքական բոլոր ուժերը խուսափում են Արցախյան խնդրի լուծման հստակ դիրքորոշում դրսևորել՝ մտնել դրա պատասխանատվության տակ:  

10.  Ձեր կարծիքով, ո՞րն է Ձեր ձերբակալության իրական պատճառը. հանրությանը մինչ օրս հայտնի չէ, քանի որ Ձեր հայտնի ելույթում Դուք որեւէ նոր բան չեք ասել, կրկնել եք միայն այն, ինչ ասում էիք 15 տարի շարունակ: 

Հայտնի զույգը մեկից ավելի պատճառներ ունի ինձ չեզոքացնելու համար: Տարիների աշխատանքի ընթացքում Հայաստանում հաջողվել է ձևավորել մի մթնոլորտ, երբ ազատագրված տարածքների հանձնումը բավական դժվարացել է: Այնպես է ստացվել, որ այդ տարածքների հանձնմանը խոչընդոտող ուժը հանրային գիտակցության մեջ նույնացվում է անվանս հետ: Ուստի որոշ մարդկանց կարող է թվալ, որ ինձ ձերբակալելով հնարավոր է ազգադավ այդ քայլին ընդդիմացողների կամքը կոտրել: Ոմանք կարող են մտածել, թե ինձ ձերբակալելով ջավախքցի մեր ընկերներին կտրում են թիկունքից: Սակայն ոչ Արցախի և ոչ էլ Ջավախքի խնդիրները իմ ձերբակալության ուղղակի պատճառները չեն: Առաջնահերթ պատճառը ընտրություններն են: Բացի այդ հրատապ էր դարձել ներքին բարոյական մթնոլորտը բարեփոխելու խնդիրը: Ուստի որոշել էինք, որոշ չափով նաև նախապատրաստվել էինք և հայտարարեցինք, որ բռնելու ենք կեղծարար ձեռքը և թույլ չենք տալու, որ ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա: Դրա համար անհրաժեշտ էր կազմակերպվել և մենք աշխատում էինք այդ ուղղությամբ: Մենք ակնկալիքներ չունեինք այդ ընտրություններից, այլ համախմբվում էինք ծառայելու համար: Սա էր հիմնականը և այն նոր երևույթը, որ սարսափեցրեց իշխանություններին:

 



















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work