ԻՇԽԱՆՅԱՆԻ "ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ"

եւ մտքի ու մահակի անիշխանականությունը 

"Հլը նայեք` ինչքան ձեն ա հավաքվել, հո սարքած չի՞, որ Լեւոնն ա ընտրվել: ...Էդ ո՞նց էղավ` սաղ իրար հետ "պայքար, պայքար" գոռացին ու Լեւոնին ընտրեցին: ...Խի՞ չեն գոռում՝ Սերժիկ, շատ ապրես, կամ էլ՝ Լեւոն, կորի, չընտրվես":

(ժողովրդական ռեփից) 

Տասը տարի Լեւոն չկար: Տասը տարի դաշտը ձերն էր, մերն էր, իմն ու քոնն էր: Ու տասը տարի դուք, մենք, ես, դու չկարողացանք փոխել երկիրը, հասնել մեր ուզածին: Տվյալ պահին կարեւոր չէ, թե ինչու: Կարեւորը փաստն է: Չկարողացանք, ուրեմն` պատասխանատու ենք բոլոր հետեւանքների համար: Ու նրանք, ով այսօր ամենից շատ են գոռում, թե ինչո՞ւ Լեւոնն էկավ, ամենից շատ են պատասխանատու: Ընդդիմություն էիք, դժգոհ էիք՝ դե, անեիք այնպես, որ միակ ելքը Լեւոնը չդառնար: Այսօրվա ընդդիմադիր թերթերից եք բողոքում: Քաղաքական թիմ էիք, հասարակական ուժ էիք, մի հատ ձեր ուզածով գոնե թերթ սարքեիք 10 տարվա մեջ: Չեք արել, էլ ումի՞ց եք նեղանում: Դուք ձեր ձեռքերով Լեւոնին ետ վերադարձնել տվեցիք, հենց կոնկրետ դու, սիրելի Ավիկ: Վերջին մարդը, ով դեռ փորձում էր մի բան անել, որ հարցն այլ կերպ լուծվի, ձեր չսիրելի Նիկոլ Փաշինյանն էր իր "մեկ գումարած մեկով" ու "ոչ դոդացումով": Չեկաք, չօգնեցիք...: Չեմ մեղադրում, ոչ էլ պահանջում եմ: Ուղղակի ֆիքսում եմ՝ ունեք այն բերքը, որը ցանել եք:

Ու Լեւոնը ոչ միայն եկավ: Լեւոնը պատասխանատվություն վերցրեց: Նա ասեց՝ ես այս երկրի առաջին նախագահն եմ, ուրեմն այսօրվա խայտառակ վիճակի համար ես էլ եմ պատասխանատու: Սա էր Լեւոնի խոսքերի ժողովրդական ընկալումը: Ու երբ ասում եք, թե Լեւոնը ներողություն չի խնդրել եւ այլն, ես ուղղակի զարմանում եմ: Այս մարդու ամբողջ արածը դա չէ՞ր: Ժողովրդին կարողացավ համախմբել, պայքարի հանել, տասը օր, տասը գիշեր բոլորի հետ հավասար Հրապարակում մնաց. դրանից էլ ավել ներողություն պիտի խնդրե՞ր: Իր ողջ կեցվածքով ոչ միայն իր երբեմնի եղած ու չեղած սխալները սրբագրեց, այլ մի բան էլ ավել: Ու զուտ անձնական իմաստով, կարծում եմ, նա իր խնդիրները լուծել է, դուք ձեզ նայեք: Այսօր Հայաստանում ավելի բարձր վարկանիշ ունեցող հրապարակային գործիչ չկա: Ու Լեւոնին ներել կամ չներելը միայն ինձանով ու քեզանով չի. մենք հասարակության ընդամենը երկու փոքր ատոմ ենք: Հասարակության մեծամասնությունն է որոշում՝ ներե՞լ, թե՞ չներել: Ու հասարակությունն իր որոշումը կայացրեց Հրապարակում: Եւ այստեղ մի բան էլ է ինձ շատ զարմացնում: Եթե հռչակում ենք մեզ ժողովրդավարության հետեւորդներ, ուրեմն պետք է բարի լինենք ժողովրդավարության տարրական կանոնների նկատմամբ հարգանք տածել: Լավ է դա, թե վատ, բայց ժողովրդավարությունը այն համակարգն է, ուր հասարակության մեծամասնությունն է որոշում` որն է ճիշտ, իսկ որն է սխալ: Թե չէ` տարօրինակ բան է ստացվում: Ասում ես` 1996-ին ժողովրդի մեծամասնությունը Վազգենին ընտրեց, իսկ իշխանություններն ընտրությունները կեղծեցին, դրա համար էլ ես 96-ը երբեք չեմ մոռանա, ինձ համար դա սկզբունքային է եւ այլն: Իսկ 2008-ին ասում ես` է, հետո՞ ինչ, որ այդքան մարդ Լեւոնին ձայն տվեց, եթե Պուտինը թեկնածությունը դներ, գուցե ավելի շատ ձայն հավաքեր: Այդպես չի ստացվում: Նախ՝ իմ համար մեծ հարց է՝ Պուտինը կընտրվե՞ր Հայաստանի նախագահ, թե՞ ոչ, քանի որ մենք մեր հասարակությանը միշտ թերագնահատում ենք: Երկրորդ՝ եթե, այնուամենայնիվ, ընտրեր, ուրեմն որպես ժողովրդավար պետք է ընդունեիր նաեւ այդ ընտրությունը: Հետո կարող էիր պայքարել դրա դեմ, բացատրել դրա վնասակարությունը, բայց պարտավոր էիր հարգանքով, այլ ոչ թե մեծամտական հեգնանքով ընդունել: Այլապես ստացվում է, որ 96-ին էլ դու ոչ թե առհասարակ ժողովրդի ընտրությունն էիր հարգում եւ ընդունում, այլ այն, որ ժողովուրդը հատկապես Վազգենին է ընտրել: Իսկ դա միանգամայն արժեզրկում է նույն 96-ի վերաբերյալ քո դիրքորոշման սկզբունքայնությունը եւ առհասարակ ժողովրդավարության մասին խոսակցությունները: Ստացվում է` երբ ժողովուրդը Վազգենին էր ընտրում, լավն էր, իսկ երբ Լեւոնին ընտրեց, ամբոխ էր, լավը չէր: Ու ավելին՝ ստացվում է, որ մեր մտածողությունը ընտրակեղծիքներ իրականացնողների մտածողությունից չի էլ տարբերվում: Նրանք էլ, երբ կեղծում են, չեն ասում՝ կեղծում ենք, լավ ենք անում, ուզում ենք միշտ "վլաստի" մնանք: Ոչ, նրանք էլ հազար ու մի արդարացում ու տեսություն են ստեղծում, ու իրենք էլ հաճախ հավատում են: Նրանք էլ ասում են՝ ժողովուրդը տհաս է, չի հասկանում, եթե Պուտինը առաջադրվեր ՀՀ նախագահ, Պուտինին էլ կընտրեր: Ու կեղծում են "հանուն ազգի շահի": Անհանգստացնողը նա է, որ "Պուտինի ընտրության" տեսությունը նույնն է, ինչ Սերժ Սարգսյանի "հատուկ մենթալիտետի" տեսությունը: Երկու դեպքում էլ հիմքում ընկած գաղափարը նույնն է՝ ժողովուրդը տհաս է, ժողովրդավարությանը եւ, հետեւաբար, արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելուն պատրաստ չէ...: Բայց այս դեպքում էլ արդեն վայր է ընկնում Իշխանյանի վերջին հույսի փաստարկը՝ 96-ի փաստարկը: Ու այստեղ արդեն Ավիկը վկայում է Ավիկի դեմ:

Հիմա շատ կարճ անդրադառնամ հոդվածի մի քանի կոնկրետ դրույթներին: "Հունվարի 26-ին "Հայկական ժամանակը" գրում է` ով Հրապարակում չէ, նա քոչարյանական է, դավաճան",- ազդարարում է Ավիկ Իշխանյանը: Բավականին տարակուսելի է, որ ակնարկելով իմ հոդվածը` Ավիկը թույլ է տալիս իրեն այդքան, մեղմ ասած, ազատ վարվել իմ արտահայտած մտքերի հետ: Ուղղակի ստիպված եմ ծավալուն մեջբերում անել իմ այդ հոդվածից. "Ինչ-որ տեղ մենք բոլորս ենք այս տարիների ընթացքում եղել "Քոչարյան"՝ մեր ցինիզմով, մեր թերահավատությամբ: ...Այսօր վերականգնվող Հայաստանը իր նոր մկրտությունն է ստանում Հրապարակում: Եւ բոլոր նրանք, ովքեր Հրապարակից դուրս են, մնում են "Քոչարյան"...: Բայց եթե շարքային քաղաքացիների դեպքում հը-հը-ի տարածքում մնալը ներելի է, ապա այլ է պատասխանատու գործիչների դեպքում: ...Հրապարակի գլխավոր Դավաճանները եւ պայքարի Դասալիքները՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, պետք է ախտորոշվեն որպես ... ռանգով երկրորդ "քոչարյաններ"": Ինչպես տեսնում եք, "քոչարյանականներ" ոչ ոք չի անվանվել, խոսքը միանգամայն այլ մի երեւույթի մասին էր, ընդ որում` նշված է, որ "մենք բոլորս ենք" այդ երեւույթի կրողը, այսինքն` եթե այստեղ նեղվելու առիթ կա, ուրեմն պետք է նեղվեն "բոլորը", այդ թվում` ես ինքս: Երկրորդ՝ դավաճան են որակավորված ոչ թե շարքային մարդիկ, այլ քաղաքական առաջնորդները եւ կոնկրետ անունով նշված է` Վազգեն Մանուկյանը: Կարծում եմ` առանց ավելորդ բացատրությունների էլ ընթերցողը, ուղղակի համեմատելով բնագիրը եւ "մեջբերումը", կարող է անել իր եզրակացությունները:

Եւս մի տարակուսելի նրբերանգ: Մի քանի տող ներքեւ Ավիկը մեջբերում է իմ մեկ այլ արտահայտությունը. "Լեւոնը դուրս եկավ Լեւոնի դեմ": Բացի նրանից, որ այդ արտահայտությունն էլ համատեքստից դուրս է մեջբերվում, Իշխանյանը, չգիտես ինչու, չի էլ հիշատակում, որ դա մեջբերվում է նույն իմ այդ հոդվածից: Նա գրում է՝ "ինչպես իմ ծանոթներից մեկը դիպուկ նկատեց", բայց չի նշում, որ այդ ծանոթը նույն այդ հեղինակն է, որի հոդվածից բերված մեջբերումը Ավիկը հենց նոր բերեց որպես Լեւոնի թիմի, կարելի է ասել, նենգ գործելաոճի օրինակ, ու ավելին` հոդվածն էլ հենց նույնն է: Այսինքն` ստացվում է, որ մի դեպքում, երբ միտքը իրեն դուր չի գալիս, Իշխանյանը գրում է իմ մասին անդեմ՝ "Հայկական ժամանակի" այսինչ համարը, իսկ երբ միտքը իրեն ընդունելի է թվում, դառնում եմ իր "ծանոթներից" մեկը: Բայց սա, ցավոք, դեռ ծաղիկներն են: Այստեղ, թեկուզ մոտավոր, բայց հղում է տրված: Ավելի հաճախ, սակայն, Իշխանյանի փաստարկներն ու լուրջ մեղադրանքներն ամրագրված չեն նույնիսկ "մոտավոր" հղումներով ու մեջբերումներով: Ու չնայած խոսքս շատ է երկարում, բայց քանի որ սկսել եմ, ուղղակի ստիպված եմ լինելու հաջորդ անգամ անդրադառնալ նաեւ դրանցից մի քանիսին:

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

(շարունակելի)



*Øïù»ñÁ ¨ ϳñÍÇùÝ»ñÁ å³ïϳÝáõÙ »Ý Ñ»ÕÇݳÏÇÝ, ÙÇßï ã¿ áñ azadakrum.org Á ѳٳÙÇï ¿ ³Û¹ Ùïù»ñÇ ¨ ϳñÍÇùÝ»ñÇ Ñ»ï:

This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work