ԻՇԽԱՆՅԱՆԻ "ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ"

եւ մտքի ու մահակի անիշխանականությունը 

"Բոլորը բոլորից նեղացած էին, ոչ մեկի խոսքը մյուսի համար օրենք չէր, մեջները, այսինքն` արանքում, ոչ մի տաք խոսք չկար, եւ անհայտ էր՝ ներսները կա՞ր արդյոք մի տաք խոսքի, մի վերաբերմունքի, իմ ցավը մեջտեղ դնելու մի ռիսկ, այսինքն, որ ասես, էս իմ ցավն է ու ինձ ուտում է, ի՞նչ անեմ, եւ անհայտ էր՝ ցավ ունեի՞ն, թե՞ ոչ, կարո՞ղ էին ցավ ունենալ, Հովտից իսկապե՞ս էին ուզում բաժանվել, եթե բաժանվեին՝ կարո՞ղ էին ուրախանալ... ունեի՞ն ինքնուրույն ապագայի որեւէ պատկեր...: Անհայտ էր, բայց խմած ժամանակ պատահում էր..., որ լեզուն սայթաքում... էր՝ կատվի պես իսկույն հազար խոսքուհեքիաթով ծածկում էին, այսինքն` ինչպես որ կատուն հողով վռազ կծածկի..." (Հրանտ Մաթեւոսյանի "Տաշքենդից"):  

Արդարության տեղը գտնելը շատ հեշտ է, ճշմարտությունը միշտ պարզ է ու հասանելի բոլորին՝ սարի հովվից մինչեւ համալսարանի ռեկտոր: Արդարության եւ ճշմարտության պատվիրանները հազարամյակների խորքից եկել հասել են ավետարանական ժամանակներ եւ այնտեղից էլ` 2008-ի Հայաստան. որտեղ օրենք է խախտվում՝ լինել օրենքի կողմը, որտեղ իրավունք է խախտվում՝ լինել իրավազուրկի կողմը, որտեղ ուժեղը ճնշում է թույլին՝ լինել թույլի կողմը, որտեղ իշխանավորը հալածում է որբին, այրիին, խեղճին՝ լինել խեղճի կողմը...: Եւ լինել անկողմնակալ, չնայել անձերին եւ դեմքերին: Եւ ի դեպ, ոչ ոք չի խոստացել, որ արդարության պաշտպանելը պարտադիր բերելու է հաջողությունների, փառավորման, հարստացման: Ասվել է ընդամենը՝ "երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան": Հաջողությունը կամ անհաջողությունը ընդամենը երկրորդական, պատահական տարր են արդարության համար պայքարում: Իսկ դու ասում ես, թե "չեմ կարողանում իմ համար հասկանալ՝ ուր է արդարությունը": Այսինքն` "արանքում մի տաք խոսք" չունես: Ճշմարտության ճանապարհը գուցե նեղ է, բայց ուղիղ է եւ բոլոր կողմերից տեսանելի: Կեղծիքն է, որ խճողվում է օձի պես, զարդարվում է ու պճնվում է բոզի նման, պարզ աներկբա խոսքի փոխարեն՝ նենգափոխում է միտքն ու երկատում լեզուն, "այսինքն թե` կատվի պես...": Ու արդեն պարզ չէ, թե որտեղ է արդարությունը. 2-ն էլ մեղավոր են՝ ծեծող իշխանը եւ ծեծվող ռամիկը: Օրինակ, ինչո՞ւ էր ռամիկը դիմադրում, երբ իրեն ծեծում էին: Հեշտ դիրք է՝ չեզոքի դիմակ հագնել եւ քարոզ կարդալ ռամիկի գլխին, որ չթողեց, որ իրեն մի լավ ծեծեն, խախտելով օրենքը` մահակով զինվեց ընդդեմ ոստիկանի: Դարեր շարունակ օրենքները գրվել են ուժեղների կողմից՝ ուժեղների համար: Բայց ահա մարդկությունը մի հռչակագիր ընդունեց, որի նախաբանում ասված է` "որպեսզի ժողովուրդները ստիպված չլինեն ապստամբել բռնակալությունների դեմ...", գործում է Մարդու իրավունքների համընդհանուր այս հռչակագիրը: Ժողովրդավարությունից, հայրենասիրությունից, մարդու իրավունքներից խոսացող ցանկացած ոք պետք է անգիր հիշի այս "որպեսզին": Օրենքը միայն իշխողի համար չէ այլեւս: Իսկ դու ասում ես՝ 2 կողմն էլ մեղավոր էին: Ու "անհայտ է` ցավ ունե՞ս, թե՞ ոչ": Ոչ ոք չի կարող ոչ մեկին դավաճանել: Մարդը, իրականում, կարող է դավաճանել միայն ինքն իրեն: Ուրիշին՝ ընկերոջը, կնոջը, պետությանը, սկզբունքին դավաճանելը միայն հետեւանք է ինքնադավության: Մարդը ծնվում է մենակ ու մահանում է մենակ: Ծնվելուց մինչեւ մահ ընկած հատվածն այն ուղին է, այն ճակատագիրը, այն յուրաքանչյուրի անկրկնելի առաքելությունը, որին դավաճանելն է իսկական դավաճանությունը: Ու եթե այս կյանքում դու որոշակի նշաձող ես սահմանել քո համար կամ քո գործերով ու վարքով վաստակել ես այդ նշաձողը, դու այլեւս պատասխանատու ես: Ու ինչքան բարձր է նշաձողը, այնքան բարձր է պատասխանատվությունդ. այլեւս իրավունք չունես շատ բաների, որոնք ներելի են ուրիշներին: Իսկ դու ասում ես` ինչո՞ւ Բաղդասարյան Արթուրին մոռանալով` իմ՝ յուրայինի ետեւից ես ընկել: Որովհետեւ "էս իմ ցավն է ու ինձ ուտում է...": Եւ ոչ պակաս կարեւորը՝ "Համարիք եթէ խաղաղութիւն եկի տալ յերկիր. ոչ ասեմ ձեզ, այլ բաժինս: Զի եղիցին այսմ հետէ հինգ ի տան միում բաժանեալք, երեքն՝ յերկուց...: Բաժանեսցի հայր յորդւոյ եւ որդի՝ ի հորէ...": Իսկ դու բողոքում ես, թե բարեկամական ու ընկերական կապերն են խզվել: Նաեւ՝ "Որ սիրէ զհայր կամ զմայր առաւել քան զիս՝ չէ ինձ արժանի. եւ որ սիրէ զուստր կամ զդուստր առաւել քան զիս՝ չէ ինձ արժանի": Իսկ դու կարծում ես, թե ցավալիորեն պարզ չէ՝ ինչու ես դու այսօր որոնում արդարությունը եւ չես գտնում այն: Բայց ես, միեւնույնն է, ուզում եմ քեզ հավատալ ու լսեցնել նաեւ իմ տեսակետը: Եւ ուզում եմ հասկանամ՝ "Հովտից իսկապե՞ս ենք բաժանվել ուզում, բաժանվելուց կուրախանա՞նք...":

Այս ամենը նախաբան էր, իսկ "բուն բանը" վերաբերում է իմ սիրելի, լուսավոր, ժպտադեմ ու ազնիվ Ավիկ Իշխանյանի (գոնե այդպիսին է եղել նա միշտ ինձ համար) "Մահ կամ իշխանություն" հոդվածին, որում, առանց անունս տալու, նա 2 մեջբերում է անում նվաստիս գրածներից, ու հետեւաբար` չպատասխանելը դժվար է, իսկ պատասխանելը... վախենամ, թե շատ երկարի: Նախքան հոդվածի առանձին դրույթներին անդրադառնալը, ես ուզում եմ բանավեճը, իմ կարծիքով, ճիշտ հիմքերի վրա դնել, առանձնացնել այն հիմնականը, առանց որի կստացվի սոսկ մասնավոր մտքերի մասնավոր պատասխան, այլ ոչ թե աշխարհայացքային վեճ: Խնդիրն էլ նրանում է, որ այստեղ հենց աշխարհայացքի, այլ ոչ թե մարտավարության տարբերություն է: Ո՞րն է այդ հիմնարարը: Ըստ էության, հակալեւոնական, բայց մինչեւ վերջերս իրենց նաեւ ընդդիմադիր ներկայացնող անձանց ոչ այնքան հոծ զանգվածի փաստարկման ողջ համակարգը գալիս հանգում է մի հարցադրման՝ "ինչպե՞ս եք դուք Լեւոնի կողքին կանգնում": Մնացած ամենը՝ 95-96-ով եւ իրա "կեչուպմայանեզով", այս հարցադրման ածանցյալն են: Այս հարցադրմանը ես "իմ փայ" բազմիցս պատասխանել եմ եւ կրկնվել չեմ պատրաստվում: Խնդիրը, սակայն, նրանում է, որ սխալ է հենց ինքը` հարցադրումը, որի ներքին տրամաբանությունը առաջարկում է իրավիճակում կողմնորոշվել ոչ թե ըստ սկզբունքի, այլ ըստ անձերի: Եւ հենց այս հիմնարար սխալից են գալիս նաեւ Ավետիք Իշխանյանի դիրքորոշման մնացած թույլ կողմերը: Ինչո՞ւմն է բանը: Կա սկզբունք: Սկզբունքն ասում է՝ եթե խախտվում է օրենքը, պետք է լինել խախտողի դեմ, եթե խախտվում է մեկի իրավունքը, պետք է լինել տուժածի կողմը, անկախ նրանից, թե ով է խախտողն ու ով է տուժողը: Դա այդպես է, եթե նայենք պետության տեսակետից, քանի որ պետությունը անաչառ օրենքն է, որին դեմքերը չեն հետաքրքրում. այդպես է եւ բարոյականության տեսակետից: Այսպիսի տրամաբանության տեսակետից՝ եթե 1996-ին օրենքը խախտողը Տեր-Պետրոսյանն էր, իսկ տուժողը` Մանուկյանը, ուրեմն` ես Մանուկյանի կողմից եմ, եթե 2008-ին օրենքը խախտում է Քոչարյանը եւ տուժողը Տեր-Պետրոսյանն է, ուրեմն` ես Տեր-Պետրոսյանի կողմից եմ, եթե վաղը խախտվեն Քոչարյանի իրավունքները, ես կպաշտպանեմ նրան: Սա մարդկայնորեն դժվար, բայց եթե ուզում ենք մնալ պետականամետ ու նաեւ բարոյական հողի վրա միակ, այլընտրանք չունեցող ճանապարհն է: Եթե Լեւոնը օրենք է խախտել 96-ին, դատեք նրան 96-ի համար, բայց դուք իրավունք չունեք աչք փակել 2008-ին Լեւոնի նկատմամբ գործած անօրինականությունների նկատմամբ միայն այն պատճառով, որ նա ձեզ դուր չի գալիս, կամ Վարդուհի Իշխանյանի խոսքերով՝ նա "հանցագործ" է: Ու եթե նույնիսկ վերջինն է ճիշտ, ապա որպես իրավապաշտպան` Ավիկը լավ գիտի, որ օրենքը գործում է բոլորի, այդ թվում նաեւ հանցագործների նկատմամբ: Առավել եւս չպետք է մոռանալ, որ խոսքը ոչ միայն կոնկրետ Լեւոնի մասին է, այլ նրա հարյուրհազարավոր ընտրողների: Այս ամենը քմահաճույք չի, ոչ էլ սրբություն խաղալու փորձ, որովհետեւ հակառակ պարագայում, եթե կողմնորոշման չափորոշիչ չընդունենք սկզբունքային ու անաչառ մոտեցումը, ապա սկիզբ ենք դնում մտքի անիշխանականությանը, որն էլ բերում է ոստիկանական մահակի անիշխանական իշխանությանը մեր երկրում: Պարադոքս է. Ավիկը, որն իր հոդվածի սկզբում գրում է, թե ինքը քաղաքականության մարդ չէ, այլ բարոյականության, իրականում այս հարցում հենց քաղաքական, այլ ոչ թե բարոյական մոտեցում է ցուցաբերում: Ինչո՞ւմն է խնդիրը: Ոչ ոք չէր սպասում, որ Տեր-Պետրոսյանի թիմի իշխանության գալու հետ երկրի բոլոր խնդիրները լուծվելու էին: Ավելին՝ պարզ էր, որ, այո, լինելու են իշխանության մեջ թափանցած պատեհապաշտներ, գորշ անձնավորություններ, որոնք, ինչպես միշտ, փորձելու են իրենց ոհմակային բնազդը գործի դրած ետին պլան մղել պայքարի անկեղծ մասնակիցներին: Պարզ չէր նաեւ, թե որքան ժամանակ պայքարի բուն մասնակիցները կկարողանան մնալ ոչ ընդդիմադիր վիճակում: Այս ամենը բավականին պարզ ու հաշվարկելի իրավիճակներ էին, եւ ի դեպ, քանի որ բոլորս այդ տիպի պրոցեսների փորձը մեր աչքի առաջ ունեինք, այդ թվում եւ նախագահը, դեռ մեծ հարց է, թե ինչ դուրս կգար այս ամենից: Բայց չէ՞ որ նույն տրամաբանությամբ էլ ակնհայտ է, որ եթե 96-ին իշխանության գար Մանուկյան-Դաշնակցություն-Հայրիկյան խայտաբղետ թիմը, ապա նկարագրված սցենարի զարգացման հնարավորությունը տասնապատիկ ավելի բարձր կլիներ, եթե 2003-ին իշխանության գար Դեմիրճյանի նույնպես ոչ միատարր թիմը, էլի նույնն էր լինելու: Ուրեմն` ինչի՞ համար էինք մենք պայքարում: Պատասխանը նույնն է՝ սկզբունքի: Այս երկրում պետք է ստեղծվի իշխանափոխության օրինական նախադեպ՝ սա մեկ. եւ երկրորդ՝ մտավորական մարդու համար անհնար է լինել օրինազանց իշխանության կողմը եւ մյուս կողմից չլինել այն ուժի կողքը, որի իրավունքները տվյալ պահին խախտվում են: Այս ամենը պարզից էլ պարզ է, եւ այս ամենը հասկանում էր Ա. Իշխանյանը դեռ մի քանի ամիս առաջ: Ավելին, հենց նրանից եմ ես ընդօրինակել վարքի մի կարեւոր օրենք՝ "ընդդիմության մասին երբեք վատ չխոսել, ընդդիմությանը չխփել, նույնիսկ եթե ընդդիմությունը վատն է":

Այս ամենը ես, սակայն, Ավիկին կարող էի ասել եւ առաջ, մինչեւ մարտի 1-ը: Բայց մարտի 1-ից հետո Հայաստանում մի այլ՝ շատ հստակ ու կարեւոր բարոյական սահման գծվեց: Հենց բարոյական, այլ ոչ թե քաղաքական: Այն է` ուզում ես եղիր հազար անգամ հակալեւոնական, բայց եթե ազնիվ մարդ ես, եթե ազնիվ քաղաքացի ես, պարտավոր ես աներկբա դատապարտել մարտի 1-ի առավոտյան ոստիկանական գործողությունը, անզեն մարդկանց վայրագ ու բացարձակ անօրինական ծեծն ու ջարդը ու նաեւ հայլուրական սուտը դրա մասին: Երկրորդ, եթե իրոք ժողովրդավարական արժեքների կրող ես, պարտավոր ես աներկբա ճանաչել այդ ծեծված ու նվաստացած, օրենքից դուրս հայտնված ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը: Իհարկե, կասեն՝ ահա, տեսա՞ր, անհանդուրժող ես էլի: Հարյուր տոկոս: Քաղաքականության մեջ է հանդուրժողականությունը դրական արժեք: Բարոյական հանդուրժողականությունը այլ կերպ կոչվում է պոռնկություն: Ինքը՝ Ավետիքը, որքան հասկացել եմ, դատապարտման այդ քայլը արել է, բայց ահա նրա համակրանքը վայելող քաղաքական գործիչները՝ Վազգեն Մանուկյանն ու իր թիմը, ոչ: Եւ այդ պարագայում ես ինձ եւ Հայաստանի այլ քաղաքացիներին իրավունք եմ վերապահում ոչ միայն դավաճան կոչել այդ քաղաքական թիմի ներկայացուցիչներին, այլեւ 96-ին Սամվել Գեւորգյանի կողմից Շավարշ Քոչարյանին արված ապտակը համարել նաեւ իմը, մերը եւ ափսոսալ, որ ապտակը ընդամենը մի հատ էր ու ընդամենը մի հոգու էր հասցված: Այս երկրին խաղեր տվող քաղաքական գործիչներ չեն պետք այժմ, այս ազնիվ երկրի ազնիվ ժողովրդին բարոյականության ֆանատիկների մի գումարտակ է պետք, որոնք ճշմարտությունը սիրեն իրենց ուստրերից ու դուստրերից ավելի, հերոսներ են պետք, որոնք մեր աչքի առջեւ արդեն ձեւավորվում են ու ի հայտ են գալիս:

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
(շարունակելի)

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work