|
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ
ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ
ՀԱՂԹԵՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Շատերն են այսօր տարակուսում, թե
այնուամենայնիվ ինչպե՞ս Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց Հայաստանում
համաժողովրդական շարժում սկսել եւ մի հարվածով ջախջախիչ պարտության մատնել Սերժ
Սարգսյանին: Տարակուսելու բան չկա, ամեն ինչ միանգամայն օրինաչափ է:
Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահի թեկնածու առաջադրվելու պահից ռեժիմը
հասկացավ, որ այս անգամ իր առջեւ չափազանց լուրջ հակառակորդ է կանգնած, եւ Սերժիկ
Սարգսյանը ստիպված եղավ խաղալ բաց խաղաքարտերով: Հենց դա էլ ի վերջո կործանեց նրան,
որովհետեւ ժողովուրդը հասկացավ, թե ում հետ գործ ունի: Եվ հասկացավ, թե ինչ ապագա է
սպասվում Հայաստանին, եթե հանկարծ ՀՀ հաջորդ նախագահը Սերժիկ Սարգսյանը լինի:
Որովհետեւ մի բան է, երբ մարդկանց թաքուն ընտրակաշառք են բաժանում եւ խնդրում
քվեարկել այսինչի օգտին, եւ բոլորովին այլ բան, երբ ընտրակաշառքը բաժանվում է օրը
ցերեկով` տեղամասի դիմաց, մարդիկ հերթ են կանգնում այդ կաշառքը ստանալու համար, իսկ
ոստիկանը հերթ է պաշտպանում: Ավելին` ընտրակաշառք բաժանող սափրագլուխը ցանկացած
պահի կարող է ոստիկանին ասել "վազի էրկու հատ պիվա բեր, արա՛": Սա կատարվում էր
ժողովրդի աչքի առաջ, եւ ժողովուրդը հասկացավ, որ եթե Սերժ Սարգսյանը "հաղթի",
ոստիկանությունը ոչ թե համագործակցելու է կրիմինալի հետ, այլ ենթարկվելու է
կրիմինալին:
Ժողովուրդը հասկացավ, որ Սերժ Սարգսյանի "հաղթանակի" դեպքում իրենք ոչ թե ՀՀ
քաղաքացիներ են լինելու, այլ ընդամենը գլխաքանակ, որին սափրագլուխները ժամանակ առ
ժամանակ քշելու են զանազան հրապարակներ` զանազան "միջոցառումների" մասնակցելու, եւ
ցանկացած առիթով ստորացնելու են մինչեւ վերջ: Ավելին` նաեւ թալանելու են մինչեւ
վերջին կոպեկը, եւ թալանելու են ամենալկտի ձեւով (սրանք նույնիսկ ավտոմեքենաների
վրա փակցվող "Առաջ, Հայաստան" գրությամբ դրոշակներն էին վաճառել տաքսի-սերվիսներին`
հատը 500 դրամով): Ժողովուրդը տեսավ նաեւ, թե ինչ գեստապոյական մեթոդներով են
հատուկ ծառայությունները "պայքարում" խաղաղ հանրահավաքների մասնակիցների դեմ, եւ
հասկացավ, թե ինչ երկրում է ապրելու, եթե Սերժ Սարգսյանին հաջողվի պահել
իշխանությունը: Այլ կերպ ասած, ամեն ինչ շատ հստակ է: Հստակ է, թե ովքեր եւ ինչ
մեթոդներով են պայքարում ռեժիմի դեմ, հստակ է, թե հանուն ինչի են պայքարում, եւ
հստակ է, թե ինչ կլինի, եթե համաժողովրդական այս պայքարն ավարտվի պարտությամբ: Հենց
սա է պատճառը, որ ի հեճուկս ռեժիմի հիստերիկ ցնցումների, համաժողովրդական պայքարի
ալիքն աստիճանաբար հզորանում է: Նահանջելու տեղ չկա, հայրենիք ենք կորցնում:
Հայրենիք կորցնելու հեռանկարն, ի դեպ, ամենեւին չափազանցություն չէ: Հայրենիքն ի
վերջո միայն տարածք չէ, հայրենիքն այն վայրն է, որտեղ մարդն ինքն իրեն երկրի տեր է
զգում եւ ապրում է արժանապատիվ կյանքով: Սերժ Սարգսյանի "հաղթանակի" դեպքում հենց
ինքներս մեզ երկրի տերը զգալու եւ արժանապատիվ ապրելու հնարավորությունն ենք
կորցնելու: Եվ Հայաստանի հետ տեղի է ունենալու այն, ինչ մեզանից առաջ տեղի է
ունեցել շատ երկրների հետ (Կուբա, Իրան, Լիբիա, Հյուսիսային Կորեա եւ այլն):
Այսինքն` բոլոր նորմալ մարդիկ, ում համար ազատությունը եւ մարդկային
արժանապատվությունն իսկապես անսակարկելի արժեք է, հեռանալու են Հայաստանից:
Արդյունքում` ունենալու ենք 7-8 միլիոնանոց սփյուռք` ինչ-որ տեղ Ռուսաստանում,
Ֆրանսիայում կամ Կալիֆոռնիայում, եւ մեկ-մեկուկես միլիոնանոց խղճուկ Հայաստան`
կազինոներով, ջիպերով, մառազմի հասնող ինքնասիրահարվածությամբ նախագահով,
կրիմինալով ու մինչեւ վերջ ստորացվող, կուչ եկած բնակչությամբ: Եվ հարմարվելու ենք,
որ հայրենիք չունենք, որովհետեւ նորմալ մարդը չի կարող Սերժ Սարգսյանի պես նախագահ
ունեցող երկիրն իր հայրենիքը համարել:
Հենց այս մղձավանջից խուսափելու համար է ժողովուրդը ոտքի ելել, ու ելել է այնպիսի
վճռականությամբ, որ հաղթանակն այլեւս անկասելի է: Ի դեպ, եթե նկատել եք, այլեւս չեն
խոսում այն մասին, թե քանի հարյուր հազար մարդ է հավաքվում Ազատության հրապարակում:
Քանակն այլեւս նշանակություն չունի, որովհետեւ ոտքի է ելել ողջ ժողովուրդը: Մի մասը
կարող է Ազատության հրապարակում լինել, մի մասը` ուրիշ տեղ, բայց բոլորն են պայքարի
մեջ: Ազատության հրապարակն ընդամենը պայքարի միջնաբերդն է: Այնպես որ, կհանդիպենք
ամեն օր ժամը 15-ին` միջնաբերդում: Մինչեւ հաղթանակի "դե յուրե" ամրագրումը:
ԳՐԻԳՈՐ
ՈՍԿԱՆՅԱՆ
§âƦ
*Øïù»ñÁ
¨ ϳñÍÇùÝ»ñÁ å³ïϳÝáõÙ »Ý Ñ»ÕÇݳÏÇÝ, ÙÇßï ã¿ áñ azadakrum.org Á ѳٳÙÇï ¿ ³Û¹
Ùïù»ñÇ ¨ ϳñÍÇùÝ»ñÇ Ñ»ï:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|