|
Բաց նամակ
ջավախահայությանը
Սիրելի
ջավախքցիներ,
Թուրքիայի,
Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները ծրագրել են այս տարի սկսել Կարս-Ախալքալաք
երկաթգծի շինարարությունը: Հայ մարդիկ դեմ են այս նախագծին ոչ այն պատճառով, որ
երկաթուղային հաղորդակցությունը շրջանցում է Հայաստանի հանրապետության տարածքը, այլ
այն պատճառով, որ սա շատ վտանգավոր օղակ է Հայաստանը հյուսիսից շրջափակող
պանթուրանական ծրագրերում: Այս հակահայ նախագծի հարվածն ուղղված է Ջավախքի սրտին:
Նպատակն է հայաթափել այն և բնակեցնել օտար տարրերով, որոնք պետք է թափանցեն
երկրամաս որպես շինարարներ և երկաթգիծը սպասարկողներ:
Ցավոք
Հայաստանի կառավարությունը այդպես էլ չհասկացավ խնդրի բուն էությունը: Նա թեև դեմ
էր արտահայտվում նոր երկաթգծի շինարարությանը, բայց միայն այն պատճառով, որպեսզի
դրա փոխարեն գործարկվի Գյումրի-Կարսը և Հայաստանի բյուջեն էլ մի քանի ցենտի օգուտ
ստանա պանթուրքական հաղորդակցությունից: Այնինչ խնդիրը առաջին հերթին քաղաքական է և
մեր տարածաշրջանին սպառնում է ամբողջական թրքացմամբ` տնտեսական, մշակութային,
քաղաքական, ժողովրդագրական իմաստով:
Ջավախքյան
ազգային շարժման վերջին տարիների վերազարթոնքը հույս էր ներշնչում, որ համեմատաբար
հեշտությամբ կհաջողվի կասեցնել թուրք-վրացական այս նախագիծը: Սակայն այս դեպքում էլ
ազգային շահերին դավաճանող հայաստանյան վարչախումբը ոչ միայն չաջակցեց
ջավախահայությանը, այլև ամեն կերպ փորձեց խափանել նրա պայքարը, հուսահատեցնել և
զրկել թիկունքից, ձերբակալեց և արտաքսեց հակահայ նախագծի դեմ պայքարող գործիչ
Վահագն Չախալյանին: Նման վարքագիծ են դրսևորում նաև վրացական պետությանը ծառայող
տեղացի չինովնիկները:
Սակայն ես
համոզված եմ, որ Ջավախքում բնակվող մեր հայրենակիցները շատ լավ են գիտակցում ոչ
միայն երկրամասի, այլև ամբողջ հայության գլխին կախված սպառնալիքը և իրենց մեջ ուժ
կգտնեն խափանելու հակահայ այս նախագիծը: Վստահ եմ, որ վճռական պահին նրանք կունենան
նաև համայն հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայության աջակցությունը: Ոչ ոք և ոչինչ չի
կարող կոտրել հայ ժողովրդի ազատատենչ կամքը: Ուրեմն չվհատվենք և պաշտպանենք մեր
երկիրը թրքական շրջափակման աճող սպառնալիքից:
Ժիրայր Սէֆիլյան
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|