Հայտարարություն

(Սամվել Բաբայանի և Դաշինք կուսակցության  կապակցաբար 26 Ապրիլ 2007ին )

 Վերջին օրերին, հետևելով տպագիր մամուլին, հաճախ եմ հանդիպել այն մտքին, թե ինչու Սամվել Բաբայանը կամ Դաշինք կուսակցությունը այդքան պասիվ դիրք է գրավել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության գործում: Տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով որոշեցի հանդես գալ հետևյալ հայտարարությամբ:

Տեղեկացնում եմ մեր ժողովրդին, որ Սամվել Բաբայանը, ելնելով մեր ազգի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծման անհրաժեշտությունից, միշտ, իր հնարավորությունների սահմաններում, օժանդակել է ինձ ու ինձ նմաններին: Այսօր էլ, երբ ես ապօրինաբար բանտարկված եմ, նա ցուցաբերում է անհրաժեշտ օժանդակությունը` ինչպես եղբայրը եղբորը և հետամուտ է մեր ազատությունը օր առաջ իրականություն դարձնելուն:

Օգտվելով այս առիթից ուզում եմ անդրադառնալ նաև ԱԺ առաջիկա ընտրություններին:

2006թ աշնանը մի խումբ համախոհներով նախաձեռնեցինք "Հայ կամավորականների համախմբումը", որի գլխավոր նպատակն էր Հայաստանում ստեղծել գաղափարապես կուռ և բավականաչափ հզոր մի կառույց, որը անկեղծորեն կառաջնորդվի ազգային-հոգևոր-բարոյական արժեքներով, տեր կկանգնի հայկական իդեալներին` երկրի ներսում, թե արտաքին ճակատի վրա, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:Գիտակցելով, որ այս նպատակից բխող ընթացիկ խնդիրները շատ են, որոշեցինք առաջնահերթությունը տալ իշխող վարչախմբից ձերբազատվելուն, քանի որ վերջին տարիներին երկրում կայացած արատավոր համակարգը փշրելուց հետո է միայն հնարավոր ամբողջ թափով հետամուտ լինել համախմբման գլխավոր նպատակի իրականացմանը:

Գործող վարչախմբի վերարտադրվելը կանխելու հաջողությունը մենք տեսնում էինք նախ և առաջ մեր կազմակերպման մեջ, ապա ընդդիմության համակարգված գործունեությամբ: Բոլորին միավորելը և մեկ ճակատով պայքարելը եթե չէր ստացվելու, ապա առնվազն պետք էր լիարժեքորեն համագործացող 2 կամ 3 ճակատով մասնակցեին ընտրություններին: Այս բոլորը մենք ասում էինք բարձրաձայն և ոչինչ չէինք թաքցնում: Անշուշտ վախեցած իշխանությունները մեր այս քայլերին հետևում էին և, կանխազգալով մեր ընթացքի հաջողությունը, դիմեցին բռնի ուժին` մեկուսացնելով ու հալածելով ինձ ու իմ համախոհներին: Արդյունքում մեր գործը կաղաց:

Այսօր, դժբախտաբար, ընդդիմադիր ուժերը ընտրություններին մասնակցում են իշխող վարչախմբի նախանշած սցենարով: Սակայն այս վիճակը մեզ չպետք է հուսահատեցնի և ես կոչ եմ անում մեր ժողովրդին, որ հնարավորինս գործուն մասնակցություն ունենա ընտրություններին` առաջին հերթին իր ձայնը չտալով իշխանական ուժերից որևէ մեկին:

Միաժամանակ, գնահատելով տարածաշրջանային պայթունավտանգ վիճակը, մասնավորապես հարևան և բարեկամ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հայտնվելը փակուղում, ինչպես նաև ազատագրված տարածքների վերաբերյալ մեծ տերությունների աննախադեպ վտանգավոր հայտարարությունները, և մյուս կողմից, տեղյակ լինելով, որ այս վարչախումբը, իր աթոռը պահելու համար, պատրաստ է զիջել ամեն ինչ, կոչ եմ անում մեր ժողովրդին, առողջ քաղաքական ուժերին, իմ ընկերներին ու համախոհներին, որոնք մտահոգ են Արցախի ու Ջավախքի ապագայով, համախմբվել այն ուժի շուրջ, որի ղեկավարը հանդիսանում է հայրենի տարածքների ազատագրման ու պահպանման գլխավոր կազմակերպիչը, աջակցել "Դաշինք" կուսակցությանը և նրա առաջնորդ Սամվել Բաբայանին, որն ազատագրական պայքարի ամենադժվարին օրերին հանդգնեց ստանձնել բանակի հրամանատարության պատասխանատվությունը: Հայաստանի քաղաքական դաշտում որքան մեծ լինի Սամվել Բաբայանի և նրա ստեղծած քաղաքական միավորի ներկայության չափը, այնքան մեր բոլորի համար հեշտ է լինելու հերթական անգամ վիժեցնել մայիսի 12-ից հետո սպասվող դավադիր ծրագրերը: Միաժամանակ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել, բոլոր քաղաքական և հասարակական ուժերին, անհատ գործիչներին ու հասարակ մարդկանց, որոնք մինչ օրս աջակցել են մեզ: 

Բարոյական Հայաստան կերտելու եռանդով լի` 

Ժիրայր Սեֆիլյան 

ՀՀ (բայց ոչ հայկական) ԱԱԾ ներքին բանտ

26 ապրիլի 2007թ.


















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work