ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Վերջին պահն է, երբ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները կարող են նախընտրական դաշինքներ ձևավորել: Առաջին հերթին դա վերաբերում է ժողովրդական աջակցություն վայելող ընդդիմադիրներին, որոնք կարող են և պարտավոր են ծանրակշիռ այլընտրանք ձևավորել գործող վարչախմբին և նրան կցված հակաժողովրդական ուժերին:

Այդպիսի այլընտրանքի բացակայությունը, մեկից ավելի ցուցակներով ընտրողներին ներկայանալը քաղաքացիներին կզրկի ընտրության իրական հնարավորությունից: Եթե այժմ չձևավորվի գործող իշխանության տապալումը խորհրդանշող քաղաքական միավորում, ապա կուսակցական պառակտվածությունը մերժող մեր ժողովրդի մեծամասնությունը նորից կարող է հայտնվել խաղից դուրս վիճակում:

Վերարտադրվել երազող վարչախումբը մոբիլիզացրել է իր վարչական և ֆինանսական բոլոր ռեսուրսները: Պայքարի միջոցների միջև նա չի դնում որևէ խտրականություն: Միակ բանը, որից սարսափում է վարչախումբը, դա հաղթելու վճռականությամբ ժողովրդին առաջնորդող, միասնական և կազմակերպված քաղաքական թիմի ձևավորումն է: Հաղթական թիմի առկայության դեպքում անիմաստ կդառնան բոլոր ընտրակեղծիքները և սարսափելի չեն լինի մահակներն ու ջրցան մեքենաները:

“Հայ կամավորականների համախմբումը” իր դեկտեմբերյան հավաքում հայտարարեց կեղծող ձեռքը բռնելու, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, ժողովրդական ցույցերը մահակներից պաշտպանելու իր վճռականության մասին:  Ժիրայր Սէֆիլյանին և Վարդան Մալխասյանին կալանքի տակ պահելու նպատակն էր կասեցնել այս ընթացքը, որից հիմնականում շահելու էր ժողովրդի վստահությունը վայելող ընդդիմությունը:

Այսօր էլ, հակառակ առաջնորդի անազատությանը և համախմբման մյուս մասնակիցների հալածանքներին, մենք պատրաստ ենք առավելագույնն անել մեր կամավոր ստանձնած պարտավորությունը իրականացնելու ուղղությամբ: Սակայն, այն անիմաստ կդառնա, եթե ընդդիմությունը հանդես չգա մեկ միասնական կազմով` պատասխանատվության ազդակ հաղորդելով տիրող վարչակարգից հոգնած մեր հայրենակիցներին:

 

Կոչ ենք անում և հորդորում ընդդիմության բոլոր կառույցներին ու գործիչներին` անհապաղ որոշում կայացնել խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ: 

                                   “Հայ կամավորականների համախմբում” 

                                   26 փետրվարի, 2007թ.












This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work