Վարդան Մալխասյանի ուղերձը

Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանուն

գրված ԱԱԾ մեկուսարանից, 12.02.2007թ. 

Վերջին 6-7 տարիներին Ձեզ հետ հաղորդակցվելով և Ձեզ մոտիկից ճանաչելով, հայտնաբերեցի, որ ունենք սխրանքի ունակ մարդիկ, ունենք հայ ժողովրդի խիղճն ու պատիվը համարվող մտավորական- կամավորականներ:

Հավերժ հիշատակ Սիլվա Կապուտիկյանին, Էդվարդ Սիմոնյանցին, Խորեն Պալյանին և մեր բոլո՜ր, բոլո՜ր այն նվիրյալներին, որոնց կյանքը ծայրե ի ծայր եղավ զոհաբերություն հայ ժողովրդին, եղավ մարտիրոսություն վասն հայրենյաց, վասն արդարության և վասն Արցախի: Նրանց պայքարի ոգին մեզ հաղորդում է հզորություն, ուժ և անհողդողդ վճռականություն:

Ցավոք, ունենք նաև մտավորական-վարձկաններ, որոնց անունն իսկ զզվելի է հնչեցնել: Նրանք երևի չեն հասկանում, որ ապագա կերտում են կամավորականները, իսկ վարձկաններն ու խամաճիկները, գուլանյան-մուլանյանները ժամանակի ընթացքում դառնում են պատմության աղբանոցում անհայտ կորածներ: Այսօր սրանց վրա չարժե ժամանակ ծախսել: Այսօր ժամն է համախմբման. Հայաստանի Մտավորակաների Ֆորումը հիմնված է բացառապես հեղինակության և վստահության վրա: Օգտագործելով այդ զորեղ գործոնը, ի սեր Հայաստանի պատվի, ի սեր մեր տեսակի և մեր երկրի հավերժության, գործի դրեք Ձեր ամենավերջին հնարավորություններն անգամ, ընդդիմության բոլոր ուժերին և հայ ժողովրդին միավորելու համար: Հանցանքների մեջ թաղված կեղծ ազգայնականների  ներկայիս վարչախումբը ժամ առ ժամ խորտակվում է. Հայաստանին անհրաժեշտ է Հայկական Իշխանություն:

Մեր հավաքական ուժի, կամքի և պայքարի շնորհիվ մայիսը մեզ տվել է Ավարայր, տվել է Սարդարապատ և Շուշի, և հաստատ տալու է նաև Հայկական Իշխանություն:

Մենք ուժեղ ենք, և մեր ուժը ճշմարտությունը հետապնդելու խիզախության մեջ է:  

Բա’վ է, հայե’ր, ցրված մնանք մատներիս պես,

Բռունցքվելն է Հավերժությունն Հայաստանի… 

Հ. Շիրազ 

Վարդան Մալխասյան

                                                                                                                     ԱԱԾ մեկուսարան

  

 

Բոլոր նրանց, ում որ հոգին Վառվում է վառ՛Ողջույն, ողջույն Մի բան հաստատ իմացեք, որ բանտը ինձ ոչ թե ընկճում, այլ կոփում է: Այստեղից ես դուրս կգամ որպես պողպատե մարդ:

Ես շատ հանգիստ եմ, խիղճս հանգիստ է, քանի որ իմ պատերազմը արդարության և ճշտի համար է: Եվ այդ պատերազմում մեր հիմնական զենքը հպարտությունը չկորցնելն է:

Ես առավել քան ուժեղ կլնեմ, եթե դուք հպարտ լինեք, չընկրկեք: Ոչ մի հառաչանք, ոչ մի հուսահատություն: Մենք իրավունք ունենք արժանապատիվ ապրելու և հասնելու ենք դրան:

Հաջողություն և ամենաբարին…

Վարդան Մալխասյան

                                                                                                                                                                                      21.12.06

 














This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work