Կենսագրություն

Ժիրայր Սէ‎ֆիլյան. Ծնվել է 1967թ. Բեյրութ, Լիբանան: Պատանի հասակից, Լիբանանի քաղաքացիական կռիվների ընթացքում, Ժիրայրը մասնակցել է հայկական թաղերի պաշտպանությանը:

Արցախյան պայքարին մասնակցելու նպատակով 1990թ. հաստատվել է հայրենիքում: Պատերազմի ընթացքում, 1993թ., ամուսնացել է: Որպես զինվորական մարզիչ 1990թ-ից մասնակցել է Հայաստանի տարբեր շրջանների ինքնապաշտպանական խմբերի կազմավորմանը: 1991թ. որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների բնակավայրերի պաշտպանությանը: 1992թ. Դաշնակցության մարտական խմբերի հիմքի վրա ձևավորվեց Արցախի բանակի առաջին վաշտերից մեկը: Վերջինիս հիմքի վրա ամիսներ անց ձևավորվեց ԼՂՀ պաշտպանական բանակի Շուշիի առանձնակի գումարտակը:

Պատերազմի ամբողջ ընթացքում այս զորամասի հրամանատարը Սէ‎ֆիլյանն էր: Նրա ղեկավարությամբ զորամասի ստորաբաժանումները մասնակցել են ԼՂՀ բոլոր շրջանների` Շուշիի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Հադրութի, Քարվաճառի, Արաքսի ափամերձ շրջանների և Աղդամի ազատագրմանը և պաշտպանությանը:

Պատերազմի ընթացքում Շուշիի գումարտակում ծառայել են շուրջ 1600 կամավորական: Նրանցից 56-ը զոհվել են, շուրջ 200-ը վիրավորվել, 37-ը պարգևատրվել են առաջին և երկրորդ աստիճանի "Մարտական խաչ" շքանշաններով, շուրջ 350-ը պարգևատրվել են մարտական մեդալներով: Արցախյան ազատամարտին մասնակցած շուրջ 100 սփյուռքահայերից 65-ը այս գումարտակի մարտիկներ էին:

Պատերազմից հետո Սէ‎ֆիլյանը 1997-98թթ. պաշտոնավարել է որպես ԼՂՀ ՊԲ վեցերորդ պաշտպանական շրջանի (բրիգադի) հրամանատար: Ժիրայր Սէ‎‎ֆիլյանը պարգևատրվել է Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, մարտական մեդալներով, կառավարական այլ պարգևներով: Նա ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է:

2001թ.-ից Ժիրայր Սէ‎ֆիլյանը համակարգում է "Ազատագրված տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնությունը, որը խիստ քննադատության է ենթարկում իշխանությունների պարտվողական կեցվածքը Ղարաբաղյան կարգավորման հարցում, մասնավորապես տարածքները զիջելու պատրաստակամությունը:

2006-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Արաքս-Կուր վերաբնակեցման և զարգացման հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2006թ դեկտեմբերի 12-ին (ձերբակալությունից երեք օր անց): Հիմնադրամի գլխավոր առաքելություններն են Արցախի դեռևս ամայի տարածքների բնակեցումը և իր հայրենի հողում ջավախքահայությանը ամրացնող ծրագրերը:

Նրա նախաձեռնությամբ տպագրվում է "Ազատագրում" ազգային-քաղաքական պարբերականը: Նախկինում` 1986-99թթ, անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը: Արդեն 16 տարի Ժիրայր Սե‎ֆիլյանը բնակվում է Հայրենիքում: Այստեղ, 2006թ., ծնվել է նրա երկրորդ որդին: 2003 և 2006 թվականերին ՀՀ նախագահին ուղղված Սէ‎ֆիլյանի դիմումները, իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին, մերժվել են առանց որևէ հիմնավորման: Ձերբակալվել է 2006թ. դեկտեմբերի 9-ին, մեղադրվելով ՀՀ քրեկան օրենսգրքի 301 հոդվածով՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կոչեր անելու համար:

Ժիրայր Սե‎ֆիլյանի ելույթը 2 Դեկտեմբեր 2006ի Հավաքին
Վարդան Մալխասյանի ելույթը 2 Դեկտեմբեր 2006ի Հավաքին


















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.

Լեզու:

OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work